2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։ Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի.
մասնագետի եւ նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը. միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել),
գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը. մինչեւ 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),
տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս. միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչեւ 4 անգամ),
բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ),
կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),
աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել),
վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
Համաձայն նոր կարգի` ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի եւ կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձեւ։ Մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերն էլ մինչեւ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում)։ Ընդ որում՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձեւավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Ակնկալվում է, որ նոր կարգը հեռավոր համայնքներում կլրացնի ուսուցիչների պակասի խնդիրը։ Նշենք նաեւ, որ նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ՝ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչեւ 2020-2021 թվականի ուսումնական տարվա ավարտը։
ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով ամրագրվում է՝ 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է: «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է համահունչ դարձնել կարգավորումները «Հոգեբուժության մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» օրենքներում: «Փոփոխությունը վերաբերում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու վերաբերյալ նրա կողմից գրավոր իրազեկված համաձայնություն տալուն, եթե առկա է երեք պայման՝ առաջին՝ բժիշկ-հոգեբույժի կարծիքով՝ 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, երկրորդ՝ այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, երրորդ՝ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,- ասել է փոխնախարարը: 16 տարին չլրացած երեխաների իրազեկված համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցչի կողմից, բայց ամրագրվել է նրանց կարծիքը լսելու եւ ամրագրելու պարտականությունը, ինչը հնարավորություն կընձեռի նրա իրավունքների պաշտպանության ընթացքում ֆիքսել նրա կարծիքը՝ երեխայի լավագույն շահերից ելնելով:
ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ՇՈՒՐՋ 700 ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ
Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել եւ շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն: Տեղահանված բնակիչների համար Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների գյուղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում անցած տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն հանձնվել է շահագործման, իսկ մյուսների վերանորոգումն ընթացքում է: Նախատեսված 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թվի վերաբերյալ շրջվարչակազմերի ներկայացրած տվյալները ստանալուց անմիջապես հետո: Քաղաքաշինության նախարարության եւ 28 շինարարական կազմակերպությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաեւ այդ առանձնատների վերանորոգումը: Գյուղական առանձնատները, ներքին եւ արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց եւ ներքին սանհանգույց:
ՊԱՀՊԱՆԵԼ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին 8107 հեռախոսահամարով։ «ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվում են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջներ. հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ Հաստատության շենքերում պետք է ապահովվի օդի հետեւյալ ջերմաստիճանը՝ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան: Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում»,- նշում են տեսչական մարմնից եւ հավելում, որ սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության եւ կազմակերպական-իրավական ձեւից, գերատեսչական պատկանելությունից: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի ՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով սահմանված են նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման եւ օդափոխության համակարգերով: Գյուղական բնակավայրերում մեկհարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։ Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից, երեխաների տարիքից:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 157 ԴԵՊՔ
Հայաստանում հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162288 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 609930, վերջին մեկ օրում` 1025 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8782 պացիենտ. մեկ օրում նվազել է 408-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 149873 անձ, վերջին մեկ օրում՝ 561 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 2931 է: