ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել է Մինսկի խմբում ռուս համանախագահ Իգոր Պոպովի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 4-ին հրապարակված «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ Խնդրո առարկան Արցախի կարգավիճակի հարցն է, Իգոր Պոպովը հերքում է Փաշինյանի այն պնդումը, ըստ որի՝ ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները չեն առնչվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին եւ հանգել են Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու թեմային։
Իգոր Պոպովը նշում է․ «Ռուսական առաջարկների ներքո, հնարավոր է, նկատի է առնվում փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրումը կողմերին փոխանցվել է 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է կազանյան փաստաթղթին, ընկած են ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին 5 շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ կապակցված։ Առաջին փուլի՝ Երեւանի շահերն արտացոլող տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովի այնտեղի բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի՝ ուժի չկիրառման պարտավորության ստանձնումը և այլն։ Այդ պատճառով, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է «հենց այնպես» վերադարձնել 7 շրջան, մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։
․․․ Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում, բայց գլխավորը՝ բանակցությունները կանոնավոր տեղի էին ունենում: Ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»։
Նկատենք՝ կարգավիճակի հարցը հատկապես սրվել է եռակողմ հայտարարությունից հետո։ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ հատկապես Ֆրանսիան Ռուսաստանի առաջ մի շարք հարցեր են դրել, այդ թվում կարգավիճակի հարցը։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Արցախի անկախությունը։ Այս երկրները Ռուսաստանին ակնարկել են, որ եթե կարգավիճակի հարցը չորոշվի Մինսկի խմբում, իրենք կարող են խթանել միջազգային ճանաչման գործընթաց։ Մոսկվան կտրուկ չի մերժում կարգավիճակի հարցի քննարկումը Մինսկի խմբում, միաժամանակ սակայն հայտարարում է, որ դա բարդ խնդիր է եւ գուցե կքննարկվի հետագայում, երբ կողմերը պատրաստ լինեն դրան։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.