ՀՀ կառավարության երեկվա նիստը, որի օրակարգի գլխավոր հարցը 2012թ. պետական բյուջեի նախագիծն էր, սկանդալային, խայտառակ ընթացք է ունեցել: Բանն այն է, որ արդեն բարձրաստիճան պաշտոնյաներն են բարձրաձայն մտավախություն հայտնում, որ չեն կարողանա հավաքագրել հարկերն ու կատարել բյուջեն: Կառավարությունը, իհարկե, հավանություն է տվել բյուջեի նախագծին, սակայն, կարծես թե, խնդիրներն անխուսափելի են:«Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»,-կառավարության նիստում հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Ըստ Գ. Խաչատրյանի` բյուջեի ներկայացված նախագծում եկամուտների բարձրացումը բավականաչափ հիմնավորված չէ, չկան տնտեսության զարգացման կանխատեսումներ, որ թույլ կտային գնահատել, թե որ ճյուղերի հաշվին պետք է ավելանան եկամուտները: Սա ասվել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի ներկայացրած տվյալներից հետո, ըստ որոնց՝ 2012թ. բյուջեի եկամուտների 96 տոկոսից ավելին հարկերն են, մինչդեռ նախկինում հարկերը կազմում էին ընդհանուր եկամուտների 90-91 տոկոսը: Հաջորդ տարի նախատեսվում է 910 մլրդ դրամի եկամուտ:Հարկ է նկատել, որ ՊԵԿ ղեկավարի հայտարարություններն իսկապես սկանդալային են, քանի որ առաջին անգամն է ՊԵԿ նախագահը հրապարակավ կասկածի տակ առնում պետական բյուջեն կատարելու հավանականությունը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այսքանից հետո ՊԵԿ ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ բարձրաձայն խոստովանում է՝ ի զորու չէ հավաքել հարկերը՝ բյուջեն կատարելու համար: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Խաչատրյանը նաեւ անուղղակի կերպով հակասում է Սերժ Սարգսյանին: Մեկ-երկու ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ Գ.Խաչատրյանը հրաժարական է տվել: Այդ լուրերը հերքեցին ոչ միայն ՊԵԿ-ից, այլեւ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ հայտարարելով, որ ծրագրային ցուցանիշները գերակատարող ղեկավարները սովորաբար հրաժարական չեն տալիս, իսկ ՊԵԿ-ը գերակատարել էր ցուցանիշները: Այսինքն՝ նախկինում ծրագրային ցուցանիշներ գերակատարած անձը հրապարակավ խոստովանում է, որ չի կարող նույն ոճով աշխատել, եթե, իհարկե, նա իսկապես գերակատարել է ցուցանիշները: Տեսակետ կա, որ Գագիկ Խաչատրյանն այսպես հիմքեր է ստեղծում իր հրաժարականի համար:Մեկ այլ տեսակետի համաձայն՝ այս հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ լարված հարաբերությունների արդյունք են. նա հրապարակավ կասկածի տակ է առնում վարչապետի ներկայացրած բյուջեի իրատեսական լինելը: Կառավարության երեկվա նիստի հաջորդ սկանդալային հայտարարությունը Տիգրան Սարգսյանինն էր: Վերջինիս ղեկավարած կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի բարձրացնել թոշակներն ու սոցիալական նպաստները, բայց… արտաքին պարտքը մեծացնելու հաշվին: «Պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` այդ լրացուցիչ ֆինանսավորումը ստանալու ենք Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից եւ Եվրամիությունից, բայց միայն մեկ պայմանով` մենք պետք է կատարենք մեր ծրագրերը։ Այդ լրացուցիչ ֆինանսավորումը մեզ հնարավորություն է տալու ավելացնել մեր սոցիալական ծախսերը` առաջին հերթին թոշակները, երկրորդ հերթին` սոցիալական նպաստները»,-արտաքին պարտքի նոր բեռն այսպես է արդարացրել նա: Այլ կերպ ասած՝ նախընտրական շրջանում կառավարությունը փորձում է սիրաշահել քաղաքացիներին հենց նույն քաղաքացիների հաշվին, քանի որ այդ լրացուցիչ գումարները հասարակությունն է վճարելու: Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը դեռ նախորդ շաբաթ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն ի վիճակի չէ դիմագրավելու ճգնաժամի երկրորդ փուլին եւ փորձելու է կրկին գումարներ խնդրել արտերկրից: Անդրադառնալով կառավարության երեկվա նիստին` նա ասաց, թե իշխանությունն արդեն իսկ սկսել է ավելացնել առանց այն էլ մեծ արտաքին պարտքը: «Քանի որ հիմա նախընտրական փուլ են մտնում, ցույց են տալիս, թե մտածում են ժողովրդի մասին: Բայց արդյունքում կլինի այն, ինչ եղավ Հունաստանում ու եվրոպական շատ այլ երկրներում, երբ երկիրը կանգնեց դեֆոլտի՝ անվճարունակության առջեւ»,-ասաց պարոն Խաչատրյանը:Մի խոսքով, Սերժ Սարգսյանի իշխանությունը երկրի կառավարումը «ձախողում» է ամբողջապես:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ