ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ումից և որքան է կաշառք վերցրել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն  իր մտերիմ Ն․Չ․-ի անվամբ հիմնադրել է ճարտարապետական և նախագծային աշխատանքների կատարման ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող առևտրային կազմակերպություն, մասնակցել դրա կառավարմանը, կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրել: Այնուհետև, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է Ն.Չ.-ին աշխատանքի ընդունել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեում, փաստացի ազատել նրան ծառայողական պարտականությունների կատարումից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրա կողմից իր ապօրինի մասնակցությամբ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար և Ն․Չ․-ի կողմից փաստացի չաշխատելու պայմաններում պետության միջոցների հաշվին վերջինիս վճարել 1․478․483 ՀՀ դրամ աշխատավարձ:

2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Վերմիշյանը փաստացի իր մտերիմ Ջ․Ֆ․-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չբխելու հանգամանքը: Ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ․-ից ստանալով խոշոր չափի՝ 952.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դրանից բացի, Վերմիշյանը Երևան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1․193․575 ՀՀ դրամ գումարին համարժեք 2500 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է քրեական գործից անջատված մասով կազմված մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս