Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am տեղեկացավ, որ Հայաստանում գործող ամենախոշոր բանկերից մեկը՝ «Արդշինբանկ»ը այս պահի դրությամբ 20 տարբեր գործերով որպես պատասխանող է ներգրավված:
Այսինքն՝ մարդիկ կամ կազմակերպությունները անհամաձայնություն են ունեցել բանկի հետ, չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, ստիպված են եղել դատական ճանապարհով իրենց ունեցվածքի խնդրի լուծմանը հասնել:
Զորօրինակ քաղաքացի Կարեն Այվազյանը գրավադրված գույքի նկատմամբ բանկի կողմից կատարված բռնագանձումն անվավեր ճանաչելու պահանջով է դատարան մտել: Այսինքն՝ քաղաքացու կարծիքով բանկը իր գույքի նկատմամբ իրականացված բռնագանձումը ճիշտ չի արել, դրա համար դատի է տվել:
Քաղաքացի Սիլվա Վարդանյանն էլ դատարանից պահանջում է, որ բանկը իր գույքի վրա իրականացրած բռնագանձման գործընթացը կասեցնի: Եւ այսպես տարբեր պահանջներով 20 հայց այս պահին դատարաններում քննվում է ընդդեմ Արդշինբանկ ՓԲԸ-ի:
Իսկ ո՞ւմ է պատկանում Արդշինբանկ ՓԲԸ-ն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 1,000056 տոկոսի սեփականատեր է: Քանի որ բանկի կանոնադրական կապիտալը 50մլրդ.227մլն.200.000 դրամ է, ստացվում է, որ պաշտոնյայի մասնաբաժինն այստեղ 502 մլն.300.000 դրամ է:
Իսկ ընդհանրապես «Արդշինբանկի» ամենամեծ բաժնետերը 67,9 տոկոս ունեցող «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է: Մ. Գրիգորյանը 2017-ից մինչեւ փոխվարչապետ դառնալը նաեւ «Արինս Գրուպի» գլխավոր տնօրենն էր (2013-2017 թթ. այս ընկերությունը կոչվում էր «Բիզնես ներդրումների կենտրոն»):
«Արդշինբանկի» երկրորդ խոշոր բաժնետերը 29,5 տոկոսով ««Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ն է: Ընդ որում՝ հենց այս ընկերությունն է նաեւ «Արինս Գրուպի» միակ սեփականատերը: Սա նշանակում է, որ Արդշինբանկի 97,4 տոկոսի տերը ուղղակի եւ անուղղակի ձեւով «Ռեգիոնն» է: Իսկ այս ընկերության միակ սեփականատերը (փաստորեն՝ բանկի վերջնական շահառուն) 55-ամյա Կարեն Սուրենի Սաֆարյանն է:
Նա «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է, ծագումով Արցախի Տող գյուղից է, գրանցված է Երեւանում, ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը: