Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբոր կողմից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:
Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւան քաղաքի բնակիչ, 1969 թվականին ծնված տղամարդը տարբեր պատճառներով բազմիցս բռնություն է գործադրել քրոջ նկատմամբ, գումարային հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել նրա հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրանց միջեւ ժամանակ առ ժամանակ ծագող վիճաբանությունների:
Մասնավորապես՝ պարզվել է, որ տղամարդը 38.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Երեւան քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն եւ քրոջը պատկանող հայրական տունը: Ստացված գումարից 35.000 ԱՄՆ դոլարը եղբայրը փոխանցել է քրոջ անվամբ բացված բանկային հաշվեհամարին, որից վերջինս եղբորը մաս-մաս առձեռն տվել է 25.000 ԱՄՆ դոլար գումար եւ թույլ տվել եղբորը, որպեսզի վերջինս Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում գտնվող եւ իրեն պատկանող հողամասի վրա՝ իր տան հարեւանությամբ, տուն կառուցի պայմանով, որ նա փոխվելու է, ալկոհոլ չի օգտագործելու եւ ապրելու է նորմալ կյանքով:
Սակայն որոշ ժամանակ անց եղբայրը քրոջից սկսել է պահանջել իրեն տալ տան առքուվաճառքից մնացած 10.000 ԱՄՆ դոլար գումարը եւ Թեղենիքում գտնվող, նույն հողամասում գտնվող եւ քրոջը պատկանող տունը, ինչը վերջինիս կողմից մերժվել է, որն էլ նրանց միջեւ տեւական ժամանակ դարձել է տարաձայնության պատճառ:
Դեպքի օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, ժամը 00:20-ի սահմաններում եղբայրն այցելել է քրոջը եւ պահանջել խնդրո առարկա 10.000 ԱՄՆ դոլարը:
Կրկին անգամ մերժում ստանալով՝ վիճաբանել է քրոջ հետ, որի ընթացքում տանջելու, խոշտանգելու միջոցով, առանձին դաժանությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին, նույն արդուկով հարվածելով կոտրել է ձեռքը, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, իսկ եղբայրը սեղմել է նրա կոտրված ձեռքը, ապա սպառնացել մկրատով հանել աչքերը եւ կտրել ականջները, այնուհետեւ տեւական ժամանակ ոտքերով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջ մարմնի տարբեր մասերին՝ այդկերպ առանձին դաժանությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը 2020 թվականի մարտի 28-ին, Կոտայքի մարզի Արզնի գյուղից դեպի Սեւան-Երեւան ավտոճանապարհ տանող ճանապարհին իր կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով, ավտոճանապարհի աջակողմյա հատվածում կայանված «Օպել Զեֆիրա» մակնիշի ավտոմեքենային չբախվելու եւ վթարից խուսափելու համար թույլ տալով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի ուղեգոտուց, գլխիվայր շրջվել եւ հայտնվել ձորակում՝ անզգուշությամբ առաջացնելով մեքենայում գտնվող ուղեւորի մահը: 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐ Է ԳՈՂԱՑԵԼ
Դեկտեմբերի 30-ին ոստիկանություն է զանգել մի բնակիչ եւ հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկանները զրուցել են տանտիրոջ հետ: Պարզվել է, որ տանտերը որոշակի կասկածներ ունի, որոնք դեռ հարկավոր էր ստուգել: Դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ: Ըստ տանտիրոջ` ոսկյա զարդերը գողացվել են դեռեւս դեկտեմբերի լույս 15-ի գիշերը՝ երեկոյան ժամը 9-ից մինչեւ առավոտվա 4-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ընթացքում է տանը եղել տանտիրոջ հրավերով եկած 42-ամյա մի կին, որին էլ հենց կասկածում էր տուժած քաղաքացին: Պարզվել է կնոջ ինքնությունը. հունվարի 8-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է բաժին ու կտրականապես ժխտել գողությանն իր մասնակցությունը: Քրեական հետախույզները, սակայն, արդեն ճշտել էին, որ նա, այնուամենայնիվ, մասնակցություն ունի:
Կինը նախապես հանցավոր համաձայնության է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու հետ, եւ միասին իրագործել են նախապես ծրագրածը: Դեպքի օրը կինը բաց է թողել բնակարանի դուռը եւ հեռացել, որից հետո այնթապցի տղամարդը բաց դռնով մտել է տուն եւ, օգտվելով տանտիրոջ քնած լինելու հանգամանքից, գողացել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույց եւ օծանելիք: Քրեական հետախույզները բերման են ենթարկել տղամարդուն: Երկուսն էլ ներկայացվել են քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունքներ: Գողոնը մասամբ հայտնաբերված է, նախաքննությունը շարունակվում է:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Հունվարի 3-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրված-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժողները Նալբանդյան գյուղի բնակիչներ են՝ հայր եւ որդի։ Իսկ թե ինչ հանգամանքներում եւ ով էր նրանց վնասվածքներ պատճառել, պարզվեց հաղորդումից ժամեր անց։ Տեղեկություններ ստացվեցին, որ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել էր համագյուղացին՝ Նալբանդյան գյուղի 61-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։ Դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկված տղամարդը կալանավորված է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
11 ԱՃՅՈՒՆ
Մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի եւ Հադրութի ուղղություններից հայտնաբերվել են 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի աճյուններ: Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներում: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով: Ընդհանուր առմամբ, առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1222 զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուններ: Նշենք, որ զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաեւ ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ:
ԼԱՎ Է ԶԳՈՒՄ
«Ամուսնուս դեկտեմբերի 15-ին վերադարձրել են»,-հայտնել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված, Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կինը` Հերմինե Առաքելյանը: «Դեկտեմբերի 14-ին Նարեկի անունը կար, բայց չբերեցին, իսկ հաջորդ օրը Նախիջեւանով բերել են»,-ասել է կինը ու նշել, որ Նարեկն իրեն արդեն լավ է զգում: «Այդպիսի բարբարոսների ձեռքից պրծնելուց հետո լավ է: Առողջական խնդիրներ ուներ, բայց բուժումներ ստացել է, հիմա արդեն լավ է, երեխաների հետ է»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետեւից անվերադարձ գնացել: Հարազատները կասկածում էին, որ նա մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ ուզում է երրորդ երկիր գնալ: