ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՉԼՈՒԾՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի քաղաքականության մեջ գերիների հարցով ակնհայտ զգացվում է այն գիծը, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը տարածվում է միայն դրանից առաջ եղած իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա անթույլատրելի է, հայտարարությունը պետք է կիրառելի լինի նաեւ նոյեմբերի 10-ից հետո եղած իրավիճակների նկատմամբ, քանի դեռ կողմերն ունեն գերիներ, որոնք, մեծ հաշվով, կապված են այս պատերազմական գործողությունների հետ»,-ընդգծել է Թաթոյանը։ Նա նշել է, որ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված 62 անձին՝ ադրբեջանցիները նշում են, թե հայկական կողմը խախտել է եռակողմ հայտարարությունը, մինչդեռ հակառակն է։

 

«Ադրբեջանական իշխանության մարմինները խախտել են եռակողմ հայտարարությունը, որովհետեւ այս պահի պրակտիկան ցույց է տալիս, որ նրանց պահվածքը հակասում է այդ հայտարարությունը ստորագրած երեք կողմերի մտադրություններին։ Գերիների հետ կապված հարցի քաղաքականացումը բացարձակ անթույլատրելի է, շատ վատ է, որ գերիների վերադարձի ժամկետ չկա, Ադրբեջանը նաեւ դրա վրա է հիմնվում»,-նշել է Ա. Թաթոյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածներին Ադրբեջանում ներկայացնում են որպես ահաբեկիչներ, ինչն ավելի է բարդացնում նրանց վերադարձի գործընթացը, քանի որ հարուցվում են քրեական գործեր։

Թաթոյանը հայտնեց նաեւ, որ տվյալներ ունեն, որ մեր՝ տարիքով մեծ հայրենակիցների նկատմամբ, որոնց տարիքը բավարարում է Արցախյան առաջին պատերազմին մասնակցած լինելու տարիքային ցենզին, Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվում, եւ դրա վերաբերյալ կներկայացվի զեկույց ՄԻՊ-ի կողմից։

«Միջազգային  կառույցները չեն կարող հիմք ընդունել մեր այն հայրենակիցների ցուցմունքները, որոնք նրանք, բռնության, խոշտանգումների սպառնալիքների կամ հենց դրանց ներքո ստացել են մեր հայրենակիցներից։ Սրանք ներկայացնելու ենք ԱԳՆ-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչներին, որ նրանք կարողանան օգտագործել»,- ասել է Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ գերիների հարցով ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում միջազգային կառույցների հետ: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի հետ տարվող աշխատանքին, Թաթոյանն ասել է, թե այնտեղ ՀՀ ներկայացուցչությունն ակտիվ աշխատում է։

«Օրինակ՝ մեր լիբանանահայ հայրենակցի գերության հետ կապված՝ մեր աղբյուրներով տեղեկացրին, որ նրա էջով սպառնացող նամակներ են ուղարկվել։ Դրանք թարգմանվել են ադրբեջաներենից ու փոխանցվել ՀՀ ներկայացուցիչներին, որ փոխանցեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՄԻՊ-ը իրավունք չունի ՄԻԵԴ դիմել, միջամտելու դեպքում կարող ենք վնասել գործին»,-նշեց նա։

Անդրադառնալով զոհված զինծառայողների, գերիների եւ անհետ կորածների հստակ թվերը չհրապարակելուն՝ Թաթոյանն ասել է, թե այդ հարցով պարզաբանումներ են պահանջելու համապատասխան մարմիններից։

Ա. Թաթոյանի խոսքով ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլեւ անմիջապես օդանավակայանի հարեւանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երեւանի հետ։ Նա ընդգծել է, որ սահմանների որոշման մեկնակետն այն պետք է լինի, թե արդյոք դրա արդյունքում մենք ունենում ենք խաղաղություն եւ համերաշխություն մեր ժողովրդի իրավունքների տեսանկյունից։

«Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր, եւ մեր գնահատականները հիմնված են կոնկրետ օրինակների վրա։ Օրինակ՝ Շուռնուխի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա այն բանի հետեւանքն է, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով»,-ասել է ՄԻՊ-ը։

Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել Կապանի խաղաղ բնակելի վայրերը, խնդիր կա նաեւ Կապանից մի քանի գյուղեր տանող ճանապարհների առումով։

 

 

ՀԷԿ-ԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ: Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, կորուստը եղել է 112,5 մեգավատ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 50 մեգավատ, 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատ տրվածքային հզորությամբ, եւ մեկ` 12-մեգավատանոց ՀԷԿ»,- ասաց Վարդանյանը: Փոխնախարարը նշեց՝ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն, հայտնի իրադարձություններից հետո ձեւավորված էներգետիկ բալանսով այդ էներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան:

 

 

ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ

«Աշխատավարձ, թոշակ վճարելու խնդիր չունենք»,- ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ունենք աշխատավարձեր, թոշակներ վճարելու խնդիր՝ հաշվի առնելով հարկային հավաքագրումները: «Ի ուրախություն բոլորիս՝ պետք է ասեմ, որ տարին մենք ավարտել ենք բավական բարձր ու բավական տպավորիչ հարկային կարգապահությամբ եւ ստեղծված տնտեսական իրավիճակին համապատասխան նաեւ հավաքագրումների բավական լավ մակարդակով»,-ասաց նա եւ նշեց, որ, մի կողմից, դա պայմանավորված է հարկային կարգապահությամբ, մյուս կողմից՝ հարկային վարչարարությամբ: «Ընդհանրապես, երկրում ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու եւ ըստ այդմ վարքագիծ ձեւավորելու արդյունք է դա»,-ասել է փոխնախարարը եւ նշել, որ բյուջետային գործընթացը նորմալ ընթացքով սպասարկվում է:

 

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

Ավելի քան 48,7 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր, մեկ օրում ռուս խաղաղապահներն ուղեկցել են եւս 235 մարդու: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: «Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյանը, որոնք վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր Հայաստանի Հանրապետության տարածքից: Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսները տեղափոխել են 235 փախստականի: Ընդհանուր առմամբ վերադարձել է 48 694 փախստական»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման եւ իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է անցկացվում 23 դիտակետերում:

 

 

ՓՈԽԱՆԱԿ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ՍԱՐՔԵՆ

Սահմանամերձ Տավուշի մարզի տարածքով հոսում են գետեր, որոնցից խոշորներն են Դեբեդը, Աղստեւը, Հախումը: Գետերի միջին տարեկան հոսքը մոտ 17խմ/վրկ է, որը կազմում է շուրջ 530մլն խմ ջրային պաշար: Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին։ Մարզում կան 5 ջրամբարներ` Ջողազի (45 մլն խմ տարողությամբ), Հախումի (12 մլն խմ), Տավուշի (5 մլն խմ), Այգեձորի (4 մլն խմ), Խաշթառակի (0.12 մլն խմ), որոնք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակով: Ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 66.12 մլն խմ: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները եւս սահմանամերձ են, դրանք մասամբ են օգտագործվում:

2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը վարչապետ Կարեն Կարապետյանին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել, որը հնարավորություն կտա մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, դրա շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կկազմեր  8 միլիարդ 450 միլիոն դրամ: Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ  կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Կողբի եւ Հախումի ջրամբարները չկառուցվեցին։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել, Տավուշի  գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել ոչ բարի հարեւանի դաշտերն ու այգիները: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օրերս Ֆեյսբուքում  գրել է  15 ջրամբարների կառուցման  նախագծի մասին, սակայն ներկայումս Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվում։

 

 

ՊՅԱՏԻԳՈՐՍԿԻ  ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ՕԳՆՈՒՄ Է

Պյատիգորսկի հայ համայնքը նյութական աջակցություն է ցուցաբերել Դիլիջանում ապաստանած արցախցի հայրենակիցներին: Պյատիգորսկի հայ համայնքը, բացի սննդամթերքից, հագուստից, նոր տարվա կապակցությամբ նվերներ է առաքել Դիլիջան քաղաքում ապաստանած  արցախցի փոքրիկների համար: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը երախտագիտությունն է հայտնել Պյատիգորսկի մեր հայրենակիցներին՝ այս դժվար պահին   աջակցութուն ցուցաբերելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս