ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով փոփոխվում է երաշխավորության ինստիտուտը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի հունվարի 12-ի նսիտում: Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ սա վարկային հարաբերություններում այսօր մարդկանց ամենաանհանգստացնող հարցերից է:
«Նախագծի հիմնական թիրախը երաշխավորության ինստիտուտի փոփոխությունն է: Գործող Քաղաքացիական օրենսգրքում ամրագրված է, որ պայմանագրով են կողմերը որոշում՝ երաշխավորությամբ ստանձնվում է համապարտ, թե սուբսիդիար պատասխանատվություն: Վարկային հարաբերությունների ներկայիս գործող իրողությունների պայմաններում լայնորեն կիրառվում է միայն համապարտ երաշխավորության պրակտիկան. դա հատկապես վերաբերում է ֆիզիկական անձանց: Դա հանգեցրել էր այն իրավիճակին, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները հիմնականում միաժամանակ պահանջ են ներկայացնում ոչ միայն հիմնական պարտապանին, այլ նաեւ համապարտ պատասխանատվություն կրող երաշխավորներին: Դրա արդյունքում խնդիրներ էին առաջանում»,- ասաց Խաչատրյանը:
Նախագծով սահմանվում է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն:
Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով, եւ միաժամանակ առկա է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը.
երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ (սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը),
երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից,
երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն (իրական շահառու է համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը),
երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը (համատեղ գործունեության պայմանագրի կատարմանը):
Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նախագծով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ եւս: Հանձնաժողովի նիստում նախագիծը հավանության արժանացավ՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված որոշ փոփոխություններով հանդերձ: