ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գեւորգյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երկրի ներքաղաքական իրավիճակի, 2021 թվականի սպասելիքների եւ այլ հարցերի մասին։
«Ինձ համար ուղղակի դեկտեմբերի 31-ը փոխվեց հունվարի 1-ով: Տոնական տրամադրություն կամ իրավիճակ չի եղել: Ինձ համար հիմա առաջնային հարցը մեր երկրի պատերազմական իրավիճակն է, ու դրանից այդպես լավ հույսեր չկան: Կարծում եմ՝ այն դեռ կշարունակվի, որովհետեւ թշնամու կողմից ագրեսիան ակնհայտ է, եւ դա զարգացնում են, եւ այդ առումով լավ բան սպասել չի կարելի: Կարող է պատերազմ սկսվի ռուսների, Թուրքիայի մասնակցությամբ»,-նշում է մեր զրուցակիցը:
Համլետ Գեւորգյանի գնահատմամբ՝ այսօրվա ընդդիմությունը չունի ժողովրդի աջակցությունը. «Երկրի ներքին քաղաքական իրավիճակը, ճիշտ է, այդպես սառը չէ, բայց չէի էլ ասի, որ շատ էլ եփում է, քանի որ ժողովուրդը չի մասնակցում ընդդիմության ցույցերին, իսկ ինչպես որ վարչապետը առաջարկեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ամենաճիշտ ձեւը խնդիրը լուծելու, կարծում եմ, որ դա է: Այլ տարբերակ չկա, երդվելով կամ սին խոստումներով չի կարելի անցնել ինչ-որ քայլերի, պահանջել վարչապետի հեռանալը կամ չգիտեմ ինչ: Թերություններ իշխանությունում, իհարկե, կան, եւ շատ հարցերում նրանք իսկապես թերանում են, բայց ընդհանրապես գործելով են թերանում: Այս տարի մենք, սկսած կորոնավիրուսից շարունակելով պատերազմից, սրանից լավ վիճակում, ինձ թվում է, չէինք էլ կարող լինել: Ընդգծում եմ՝ սա իմ անձնական կարծիքն է: Ինձ համար ամենացավալին այն էր, որ մենք շատ մեծ կորուստներ ունեցանք, դե սահմանների կորուստների մասին էլ չեմ ասում, ես մեր հայ զինվորի, հայ զորականի, հայ մարտնչող զոհերի համար եմ ասում: Իսկ սահմանների հարցը ընթացքի մեջ է, ու, ճիշտն ասած, չեմ էլ զարմացել, որ պետք է այդ ամեն ինչը Ադրբեջանին անցներ, որովհետեւ ոնց որ թե պարզ է արդեն բոլորի համար, որ դա վաղուց գծագրված ծրագիր է եղել, որը պարզապես տեղի ունեցավ մեր անմեղ երեխաների արյան գնով: Ես երբ տեսնում եմ մեր բանակի զինված լինելը վերջին քսան տարիների ընթացքում, ես հասկանում եմ, որ մարդիկ իմաստ չեն գտել զինելու պատերազմող երկրի բանակը, ինչն արդեն ակնհայտ է դարձել եւ արդեն ջրի երես է բարձրանում»:
Հարցին՝ շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ 2020 թվականին բռնեցին արտագաղթի ճանապարհը, արդյոք նա նույնպես նման մտադրություն ունի, Համլետ Գեւորգյանը պատասխանեց. «Եթե գնում են այնտեղ, որտեղ պանդեմիա չկա, արգելքներ չկան, եւ կա հայ համայնք, ապա հույս կա, որ այս մեկ տարվա կորուստը որոշ չափով կարող են աշխատել, հետ վերադառնալ, թող գնան, իսկ եթե մշտական բնակության մասին է խոսքը, ես դեմ եմ, քանի որ պետք է մնանք մեր երկրում, միասին քայլենք առաջ եւ փորձենք ոտքի կանգնել»:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԱՍՏՂԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ
Քանյե Ուեսթը ծրագրում է ամուսնալուծությունից հետո տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Համացանցում շարունակում են քննարկել Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ենթադրյալ ամուսնալուծության մասին նորությունները։ Տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ 43-ամյա ռեփերը դիտարկում է Լոնդոն տեղափոխվելու հնարավորությունը։ Ավելին, հոկտեմբերին Քանյեն դիտարկել է բնակության համար պոտենցիալ տները։ «Ամուսնալուծության ավարտից հետո Քանյեն կմեկնի Լոնդոն, նա արդեն իսկ այդ մասին պատմել է իր ընկերներին»,- Ինսայդերի խոսքերը մեջբերել է Mirror-ը։ Երաժիշտը մտադիր է Եվրոպայում առաջխաղացնել «Sunday Service Choir» շոուն եւ վստահ է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն այդ նպատակի համար հիանալի մեկնարկ է։ Ի դեպ, Քանյեն Լոնդոն այցելել է նախորդ տարվա հոկտեմբերին ավագ դստեր՝ Նորթի հետ, եւ ասում են՝ այդ ընթացքում տարբերակներ է դիտարկել նոր տուն կառուցելու համար։
ՀՐՈՒՇ ԱՃԵՄՅԱՆԸ ՊԱՏՄԵԼ Է ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ «ԼՈՒՌ ՊԱՅՔԱՐԻ» ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ում ապրող, արմատներով հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանը պայքարում է ձվարանների քաղցկեղի դեմ։ Վիզաժիստը, որն աշխատում է նաեւ Քարդաշյան քույրերի հետ, այդ մասին հայտնել է Instagram-յան էջում արված անկեղծ գրառմամբ։ «Ինձ համար ծայրահեղ դժվար էր այս ճանապարհի մասին պատմել բոլորին։ Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակել այս տեսանյութը»,- գրել է Աճեմյանը։ «Վերջ դնելով բոլոր ասեկոսերներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» վերնագրով տեսանյութում Հրուշը ներկայացրել է իր այցը գինեկոլոգի՝ նշելով, որ ցանկանում է, որ յուրաքանչյուրը եւ հատկապես կանայք պարբերաբար ստուգում անցնեն. «Դա կարող է փրկել ձեր կյանքը»։ Աճեմյանը նշել է, որ ԱՄՆ լավագույն գինեկոլոգի ձեռքերում է եւ կասկած չունի, որ դրական ելք է լինելու։ Տեսանյութի վերջում Հրուշը խոսել է վիրահատական միջամտության մասին՝ նշելով, որ կրկին ստուգում կանցնի, բայց այս պահին լավ է։ «Լուռ պայքարը հաղթեց»,- այս տողերով է ավարտվում տեսանյութը։