Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին եւ վերլուծել դրա կարգավիճակի ճանաչման հնարավորությունը:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումն Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ գրավել է համաշխարհային փորձագիտական հանրության եւ շատ քաղաքական գործիչների ուշադրությունը: Նրանք ընդունում են, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումը, տարածքների` Բաքվի վերահսկողությանը փոխանցումը եւ ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների հայտնվելը նկատելիորեն փոխել են իրավիճակը ոչ միայն Կովկասում: «Հավաքական Արեւմուտքը» մտահոգված է, որ Մոսկվան եւ Անկարան հանդես են եկել որպես գործընկերներ Ղարաբաղյան պատերազմի ավարտի գործընթացում, եւ հայտարարությունն ինքնին պատրաստվում էր փաստացի առանց Արեւմուտքի մասնակցության, չնայած Ռուսաստանն այդ ժամանակ խորհրդակցություններ էր անցկացնում Փարիզի հետ: Եթե այս միտումը պահպանվի, գրում է ամերիկյան Eurasianet թերթը, ապա «տարածաշրջանում նոր քաղաքական եւ աշխարհաքաղաքական կարգի մեջ Արեւմուտքը՝ «ժողովրդավարացման» իր գաղափարներով, այնտեղ այլեւս անելիք չի ունենա»:
Այս թեզը «հավաքական Արեւմուտքին» դրդում է որոնելու մի հարթակ, որից այն կարող է ազդել տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա: Այս առումով, DW-ն մատնանշում է այն դիրքերը, որոնք ուշադրությունից դուրս են մնացել (առնվազն հասարակական մակարդակում) Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ Մոսկվայում՝ խաղաղապահների հարցը եւ բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ճիշտ է, Ռուսաստանի նախագահը հիշատակել է խաղաղապահներին՝ առաջարկելով «հստակեցնել» նրանց մնալու հարցերը: Տեսականորեն, հաշվի առնելով, որ խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, նրանց կարգավիճակի հարցը կարող է լուծվել Մոսկվայի եւ Բաքվի միջեւ երկկողմ համաձայնագրի հիման վրա, բայց այդ ժամանակ Երեւանը դուրս կմնա փակագծերից, ինչը կարող է խափանել Հայաստանի տարածքով հաղորդակցման միջանցքների ապաշրջափակման կետերի իրականացումը, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության ներքո էր: Չի բացառվում, որ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հետ մեկտեղ կրկին ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում:
Արեւմուտքն այս հարցը բաց է համարում, չնայած Ադրբեջանը հավաստիացնում է, որ «Լեռնային Ղրաբաղի հակամարտությունն ավարտված է»: Բայց, ինչպես հաղորդում է Ֆրանսիական ռադիոն, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մոսկովյան հանդիպման նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է «միջազգային համագործակցության կարեւորությունը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծման համար», եւ «քաղաքական գործիչները պայմանավորվել են համակարգել իրենց գործողություններն այս ուղղությամբ»: Պարզ է, որ Փարիզը հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը նույնպես համանախագահ երկրի ներկայացուցիչ է, կոչ էր անում «որքան հնարավոր է շուտ վերսկսել համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն եւ ամուր քաղաքական լուծում գտնելու համար»: Թվում է, որ այն ֆոնին, որ Մոսկվան մտադիր չէ «թաղել» ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բաքուն չի կարողանա արգելափակել նրա աշխատանքի մեկնարկը, եւ վաղ թե ուշ ստիպված է լինելու շատ դժվար քաղաքական եւ դիվանագիտական մենամարտի մեջ մտնել առաջին հերթին Արեւմուտքի հետ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար:
Եվ այստեղ գործնականում բացառվում է գործողությունների ուժային սցենարը, ինչը որոշակի օգուտ է Փաշինյանի համար, որը Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսում ասում էր, որ «ցավոք, այս հակամարտությունը դեռ լուծված չէ, կան դեռ շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Եթե դա տեղի ունենա, ապա դա կդառնա Երեւանի վերջին կռիվը, որում կարող է եւ չպարտվել: Ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան «հավաքական Արեւմուտքի գործողություններից, որքան այժմ աշխարհագրականորեն ընդլայնված առեւտրատնտեսական համագործակցության զարգացման սցենար մշակող Հայաստանի, Ադրբեջանի եւ, իհարկե, Ռուսաստանի երկարաժամկետ շահերից. եզրափակում է հեղինակը:
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիվանդությունը դեռեւս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:
ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԱՌԱՋՆԱՅԻՆ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցն առաջնային է համարում: Նա նշել է. «Դա առաջնային հարց է, եւ բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար հարցը լուծելու համար»: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում, գերիների հարցը քննարկվել է, սակայն Փաշինյանը հանդիպումից հետո նշել է, որ այն լուծել չի հաջողվել:
ԿԲՈՂՈՔԱՐԿԻ
Գեղամ Գեւորգյանը որոշել է բողոքարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դադարեցվել էին Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում իր լիազորությունները: Այն հարցին, թե երբ է պատրաստվում բողոքարկել որոշումը, Գ. Գեւորգյանը պատասխանել է` երբ ուզի: Հիշեցնենք, որ դատարանը Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել 2020թ. դեկտեմբերի 17-ին, եւ այն կարող է բողոքարկվել ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ
Արցախյան պատերազմից հետո, երկրում ձեւավորված նոր իրավիճակով պայմանավորված, զբոսաշրջության ոլորտի գործարար հանրությունն անվտանգային հարցերի հետ կապված տեղեկության պակաս ունի: Այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: «Ցավոք, զբոսաշրջության ոլորտի գործարար հանրությունն առկա իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկություն չունի: Մասնավորապես, չունի տեղեկություն, թե որ ուղղություններով կարող ենք զբոսաշրջային փաթեթներ մշակել, սահմանային որ մասերն են վտանգավոր, որոնք ոչ, դեպի Արցախ զբոսաշրջային այցելություններն ինչպիսին պետք է լինեն ու ինչ պայմաններով, կորոնավիրուսի հետ կապված ինչ խնդիրներ ունենք եւ այլն: Շատ կարեւոր է, որ առկա իրավիճակի մասին գործարար հանրությունը բավարար տեղեկություն ունենա տուրիստական փաթեթները մշակելու, շուկային արագ ներկայացնելու համար: Ժամանակ չպետք է կորցնել»,- ասել է նա: Վերջինիս խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման, արագ դինամիկ զարգացման տեսանկյունից այսօր սահմանափակ ռեսուրսների խնդիր ունենք: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրները ձգտելու են զբոսաշրջության համաշխարհային շուկայից իրենց մասնաբաժինն ունենալ, ընդլայնվել, Հայաստանը պետք է անմասն չմնա ու, պատրաստ լինելով, արագ արձագանքի: «Մենք պետք է պատրաստ լինենք: Անհրաժեշտ է ոլորտի համար հաստատել 2021-24 թվականի զարգացման հայեցակարգ, օրենսդրական դաշտը բարելավել, աջակցման ծրագրեր կյանքի կոչել, զբոսաշրջության մարկետինգի համար նախատեսված բյուջեն բազմապատկել»,-ասել է նա:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը եւ անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: «Հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ է կրել, եւ այսօր պետք է քննարկենք այն միջոցառումները, որ իրականացվում են Սյունիքի հատվածում ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար, պետք է քննարկենք մինչ այժմ իրականացված աշխատանքները, եւ թե ինչպես պետք է շարունակենք այդ աշխատանքները ու ինչ ուղղությամբ: Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, եւ մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար, ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ հանրապետության տարածքում, բայց Սյունիքն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն»: