Մոտ մեկուկես ժամ տեւած փակ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին կառաջադրեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։
Լրագրողները Ջհանգիրյանին հիշեցրել են իր ու Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱԿ խմբակցության տարիների վեճերը, փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները, ու հարցրին՝ ինչպես է համաձայնել նրա իշխանության օրոք պաշտոնի առաջարկին։ «Թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի՞, որ ձայները չեն բավարարելու։ Որովհետեւ երեք հինգերորդ է պահանջվում, ինչպես գիտեք, ընտրության համար։ Բնականաբար, ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ։ Ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։ Ես ուրախ կլինեմ, որ հենց էսօր եւեթ ԲՀԿ խմբակցությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս ինձ առաջադրի։ Մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից եւս առաջադրվելու», – պատասխանել է Գագիկ Ջհանգիրյանը։
Ընդդիմադիրների կալանավորման միջնորդությունների մերժումից հետո իշխանականները դատավորների հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, վարչապետը նրանց փսեւդոէլիտա անվանեց, արդարադատության նախարարը մեղադրեց ոչ օբյեկտիվ որոշումների համար։
Ջհանգիրյանը դա ճնշում չի համարում, իսկ որոշ դատավորների որոշումների հետ անհաշտ է. «Այ, օրինակ, ես չեմ հասկանում, երբ որ ռազմական հեղաշրջման, զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են խափանման միջոցը կալանք կիրառելու, եւ դատարանը էդ մարդուն բաց է թողնում»։
Չնայած իշխանական խմբակցությունից վերջին շրջանի արտահոսքին՝ «Իմ քայլը» այս պահին ունի բավարար ձայներ սեփական թեկնածուին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրելու համար։ Անհրաժեշտ է առնվազն 80 կողմ ձայն, «Իմ քայլում» 83 պատգամավոր կա։
Ինչո՞ւ Ջհանգիրյանը։ Իրավապաշտանները նրա թեկնածության շուրջ արդեն մտահոգություններ են հնչեցնում. իշխանությունը հերթական խնդրահարույց անցյալով թեկնածուի է առաջադրում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է Ջհանգիրյանի թեկնածությանը բացասական վերաբերվում։ Նա հիշատակել է Մատաղիսի աղմկահարույց գործը, որի քննությունը Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած տարիներին է կատարվել։ Ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողները տարիներ անց արդարացվեցին։ Այդ գործով նաեւ ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի վճիռ կա։ «Բազմաթիվ գործեր։ Ինչքան հիշում եմ, տասը տարուց ավելի նա զինդատախազ է եղել, եւ այդ գործերը կոծկվել են», – հայտարարել է նա: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ առաջնային են եղել նրա մասնագիտական որակները. «Մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ, եւ սա առաջնային դերակատարում է ունեցել։ Իհարկե, այն բոլոր հարցերը՝ կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների հետ, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են, եւ խմբակցության տպավորությունը այդ առումով եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ առնչությամբ»։
Մովսես Հակոբյանի հայտարարության վերաբերյալ նա նշել է, որ քաղաքական հայտարարություններին չի անդրադառնում, սակայն ավելացրել է, որ նախկին բարձրաստիճան զինվորականը երբեք իրեն այդպիսի հայտարարություններ անելու իրավունք չպետք է վերապահի: Հարցին, թե ճնշումներ տեսնում է դատական համակարգի վերաբերյալ, նա ասել է, որ եթե իշխանությունը ճնշումներ գործադրեր, դատական համակարգը հլու-հնազանդ կծառայեր:
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում: Խուզարկության արդյունքում զգեստապահարանի ետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7սմ չափերով թաքստոցից, հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափի՝ 14.31 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված, ինչպես նաեւ 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ եւ բջջային հեռախոսի 5 լիցքավորիչ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՏԵԼ ՀՀ-Ի ՍԱՀՄԱՆԸ
Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված): Հակառակ դեպքում նմուշառումն իրականացվում է անցակետում, եւ անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչեւ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը (նախկինում այդ պահանջը կիրառվում էր միայն օդային սահմանային անցակետերում): Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն: Այս տեղեկության հրապարակումից հետո Վրաստանի շատ քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` տեղեկանալու, թե արդյոք իրենք կարող են լքել երկիրը: Կառավարության թեժ գծից տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել այս երկրների հետ սահմանները:
«Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սահմանը: Վրաստանը դեռ չի բացել իր սահմանը այս երկրների հետ: Որպես բացառություն, նրանց կարող է թույլ տրվել հատել սահմանը, այդ դեպքում նրանք պետք է դիմեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը` Հայաստան մեկնելու համար, իսկ Ռուսաստան մեկնելու համար` ռուսական առաքելությանը: Ներկայումս Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել այդ սահմանները»,- տեղեկացրել են Վրաստանի կառավարության թեժ գծից:
ԿԱՆԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն: 21 եւ 26-ամյա կանայք 2019թ. օգոստոսին ծանոթացել եւ մինչեւ նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երեւանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետեւ վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով, մինչեւ 2019թ. դեկտեմբերի 27-ը պարբերաբար պահանջել եւ մաս-մաս ստացել են խոշոր չափերի հասնող` ընդհանուր շուրջ 1.000.000 ՀՀ դրամ: 2020թ. հունվարի 10-ին՝ նույն սպառնալիքով հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երեւան քաղաքի Թեւոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՍՊԵԿՈՒԼԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների խնդիրը: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Շատ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք՝ պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ եւ որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի եւ ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,-հայտնել է նա:
ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Հունվարի 12-ին հիվանդության հետեւանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Թաթոսյանը: