ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, քննարկվող «Միկրոձեռնարկատիրության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ասաց, որ դրական կարծիք չունի եւ դիմելով պատգամավորին՝ նկատեց, որ երբ խոսում են մաքրության ծառայություն մատուցող անձանց կամ դայակների մասին, ապա պարզ է, որ անհատները գրանցված աշխատողներ չեն:

 

«Այս նախագիծը, իմ կարծիքով, չի բերելու նրան, որ այս մարդիկ գնան գրանցվեն: Այն կազմակերպությունները, որոնք ունեն 30 եւ ավելի աշխատակիցներ ու եւս մատուցում են այս տեսակի ծառայություններ, իրենց աշխատողներին սարքելու են հատիկավոր աշխատողներ, որպես միկրոձեռնարկատեր եւ խուսափեն հարկերից: Ուզում եմ հասկանալ՝ այս քայլով մենք ինչ ենք անելու»,- նկատել է Ծովինար Վարդանյանը:

Ի պատասխան՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը պատասխանել է, որ մարդիկ մաքրող ծառայություններին կամ դայակի ծառայություններին դիմում են անհատապես, այսինքն՝ ամեն մեկին չի, որ երեխա կվստահես կամ կթողնեն, որ գա տուն մաքրի:

«Խոշոր կազմակերպություններում անընդհատ կադրերի հոսունություն է լինում, որի ժամանակ միշտ նույն անձը չի սպասարկում քեզ: Բացի այդ, խոշոր կազմակերպություններին դիմելն ավելի թանկ է: Կյանքն էնպես է, որ երեխային կամ մեծահասակին պետք է վստահելի մեկի մոտ թողնես: Սա է պատասխանը»,- ասել է Միքայել Մելքումյանը: Իմքայլական պատգամավորի խոսքով՝ իր հարցի պատասխանը չստացավ, իսկ Միքայել Մելքումյանի խոսքով՝ ինքն էլ հարցի իմաստը չհասկացավ: «Եթե Ձեզ համար հարցս անհասկանալի էր, նորից կտամ»,- ասել է Ծ. Վարդանյանը, սրան ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասել է. «Մի՛ տվեք, չեմ ուզում»:

Իմքայլական պատգամավորներից Հովիկ Աղազարյանն էլ ասել է, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել օրենքի այս նախագծին: «Ռիսկերը, որոնք տեսել եմ այն ժամանակ, հիմա լրիվ արդարացված են, ակնկալում էինք մոտ 22 հազար միկրոձեռնարկություն, բայց եթե չեմ սխալվում, հիմա 36 հազար հատ է, այս տարի էլ երեւի կդառնա 50 հազար: Երբ մենք այդ օրենքն ընդունեցինք, փաստորեն մեխանիզմ դրեցինք, որ մարդիկ մասնատեն ու փոքրացնեն իրենց բիզնեսը, խուսափեն հարկերից: Այսինքն՝ սա հակատնտեսական մեխանիզմ էր: Ինձ հետաքրքիր է՝ երբ ասում էիք, որ նախատեսում էիք 22 հազար միկրոձեռնարկություն, եթե հիմա հաշվարկած լինեինք, եւ լիներ 18 հազար, այդ դեպքում պարոն Մելքումյանի առաջարկությունները կընդունեի՞ք. ես կարծում եմ, որ երեւի կընդունեիք»,- ասել է Հ. Աղազարյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը պետք է անդրադառնա այս հարցին։

Ծովինար Վարդանյանն էլ նկատել է, որ եթե Միքայել Մելքումյանն իր հարցին ունենար տրամաբանական պատասխան, ապա անպայման կհնչեցներ: «Հարցից խուսանավելը բացարձակ չփարատեց իմ կասկածները, որ այդտեղ ռիսկ կա, հետեւաբար, ինչպես առաջին անգամ, այնպես էլ հիմա դեմ եմ նախագծին»,- ասել է նա:

Միքայել Մելքումյանն էլ, պատասխանելով Ծովինար Վարդանյանին, ասել է, որ, իր կարծիքով, պատգամավորի հարցերը հազար տոկոսով անտրամաբանական հարցադրումներ են: «Դուք մնացեք Ձեր չափի մեջ եւ ավելորդ ոչինչ մի՛ հնչեցրեք, եղա՞վ»,- ասել է Մելքումյանն ու հեռացել դահլիճից։

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ: «31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ եւ անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը: Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած եւ արարած հայ բնակչությունը, այլեւ քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը: Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները եւ իրականացնողները, որոնք շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:

Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների եւ հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների միջոցով: Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ եւս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու  իր հայրենիքում ազատ, անվտանգ եւարժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»,- նշված է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության գրության մեջ:

 

 

 

ԿԲ-Ն ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԴԵՄ Է ՀՈՂԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը 2020թ. սեպտեմբերին  Արցախում սկսված պատերազմի ժամանակ կամավոր գնացել էր Արցախ, նա համացանցում գրել է. «Ես բոլորի նման համացանցից եւ մամուլից եմ տեղեկացել այն լուրերին, թե Տավուշի մարզից առաջիկայում նույնպես տարածքներ պետք է հանձնվեն: Այդ լուրերն արդեն իսկ պաշտոնապես հերքվել են մարզպետի կողմից, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչու դրանք կառավարական ամենաբարձր մակարդակով նույնպես չեն հերքվում, որովհետեւ հասկանում եմ, որ այսպիսի պարագայում միայն մարզպետը չէ, որ պետք է հերքում տարածի: Իշխանությունների կողմից որեւէ տեսակի անդրադարձ խնդրի վերաբերյալ, կարծես թե, չկա, եւ ես հասկանում եմ, որ հարցի վերաբերյալ տարընթերցումները, տարաձայնությունները կամ անհանգստությունները, հավանաբար, հենց այստեղից են ծնվում»։ Մարզի հոգեւոր առաջնորդը նկատում է՝ այս պահին մարզում որեւէ նման շարժ իրենք չենք արձանագրել եւ չեն տեսնում. «Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք գյուղապետերի հետ, խոսում ենք, փոխանակվում մեր ունեցած տեղեկություններով նաեւ մարզպետի, մարզում տեղակայված զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Հենց այսօր ես եղել եմ Կիրանց գյուղում, հանդիպել եւ զրուցել եմ բնակիչների հետ: Նորից եմ կրկնում՝ այս պահին նման շարժ չկա, բայց այսօր էլ ասել եմ՝ եթե հանկարծ, Աստված մի՛ արասցե, նման բան տեղի ունենա, ու պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ եւ բնակավայրեր պետք է հանձնվեն, մենք հստակ գիտենք, որ մեր տեղը խրամատներում է լինելու», -ասում է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

 

 

 

ԵԿԵՂԵՑԻ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ

Դիլիջան քաղաքը շուրջ  80 տարի չունի եկեղեցի: Կրոնական արարողությունններն  իրականացվում են  «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրում: Դիլիջանում սեպտեմբերի 22-ին  կայացել է կառուցվող եկեղեցու առաջին քարերի օրհնության եւ  տեղադրման արարողություն՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ  Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ  ու  գլխավորությամբ:   Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացնում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի  եւ  «ԱՆԻ» հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի համայնքապետարանի համագործակցությամբ:  Նոր եկեղեցու  շահագործումը հնարավորություն կտա հոգեւոր ծիսակատարություններին միաժամանակ մասնակցել ավելի քան 300 հավատացյալի: Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ եկեղեցու գլխավոր ճարտարապետ  Մաքսիմ Աթայանցը ի սկզբանե Դիլիջանի եկեղեցու համար ընտրել է վաղ միջնադարի, գմբեթավոր դահլիճների տիպը,  հատակագծային լուծումը հարազատ է տվյալ ժամանակաշրջանին: Հոգեւոր կառույցի ճարտարապետական դետալներում հետագայում լինելու են նաեւ դեկորատիվ հարդարանքներ, շենքի  հատակագծային չափերն են՝ 27x36x30 մետր: Շինարարությունն իրականացնող «Արամ Զուրաբյան» ՍՊԸ տեղամասի պետ Գագիկ Չոբանյանի խոսքով՝ աշխատանքները պետք է ավարտվեն չորս տարում, արդեն սկսել են քարի շարվածքներ սարքել: Օգտագործվում է հայկական տրավերտին, թեեւ  նախապես ընտրված էր տուֆ քարը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս