ՊԵՏՏՈՒՐՔԻ ԱՅԼ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽՏՐԱԿԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը մշակել եւ 2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խտրական իրավակարգավորումներ է ներառում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

 

«Նախագծով սահմանվում է պետական տուրքի այլ՝ առավել բարձր դրույքաչափ նույնականացման քարտ չունենալու կամ դրանից հրաժարված լինելու դեպքում անձնագիր ստանալու համար։ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ պետական տուրքը սահմանվել է նույնականացման քարտ չունենալու եւ այն ստանալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար՝   բազային տուրքի 8-ապատիկի չափով։ Մինչդեռ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի չափով։

Նախագծով սահմանված կարգավորումները խտրական են, քանի որ չկա պետական տուրքի տարբերակման օբյեկտիվ հիմք անձնագիր ստացող նույնականացման քարտ ունեցող եւ չունեցող անձանց միջեւ։ Բացի դրանից, հաշվի առնված չէ նաեւ այն հանգամանքը, որ որոշակի քաղաքացիների համար, որոնք, իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, ի վիճակի չեն կատարելու մատնադրոշմներ հանձնելու վերաբերյալ օրենքի պահանջը, քանի որ կրոնական համոզմունքներ ունեցող անձանց համար այդ պարտականության կատարումը անհնարին է, սահմանված չեն իրավական այլընտրանքային պայմաններ. այդ անձինք զրկած են նույնականացման քարտ ստանալու իրավունքի իրացման, հետեւաբար նաեւ իրավահարաբերություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: «Խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսեւորում է՝ առանց որեւէ օբյեկտիվ հիմքերի եւ որեւէ ողջամիտ բացատրության»։ Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է. «Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»:

Այսպիսով, նույնականացման քարտ չունենալու հիմքով այդպիսի անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափի սահմանումը խտրական է, քանի որ նույնականացման քարտ ունեցող եւ չունեցող անձանց կարգավիճակների միջեւ չկա որեւէ տարբերություն, որը կարող է անհավասար մոտեցում ցուցաբերելու արդարացված դրդապատճառ եւ օբյեկտիվ հիմք հանդիսանալ անձնագիր ստանալիս այդ անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափ հաշվարկելիս եւ գանձելիս։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է դիրքորոշում եւ առաջարկել.

2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման դրված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանել շրջանառությունից՝ խտրական լինելու հիմքով։

«Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման (պետական տուրքի համակարգի) սկզբունքները՝ ի թիվս այլնի՝ ներառելով նաեւ խտրականության բացակայության եւ իրավահավասարության սկզբունքները։

 

 

 

ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱԶԱՏՎԻ ԱԱՀ-ԻՑ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդլայնվում է միջանկյալ սպառման եւ կապիտալ սպառման ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

 

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ եւ կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից: «Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչեւ 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում: «Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա: Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքի, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում, չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ նախագիծը դրական ազդակ է տնտեսության համար:

Այսպիսով, կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը եւս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Այդպիսի ապրանքներից է, օրինակ, եղեգնաշաքարի հումքը:Մի քանի պատգամավորներ վերապահումներ ունեին ցանկում ներառված որոշ ապրանքների վերաբերյալ:

 

 

 

ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած եւ Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում  օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշման լրացումների համաձայն՝ անվճար բուժծառայությունները  ներառում են նաեւ  արտահիվանդանոցային ծառայություններ: Հայաստանում՝ իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել  նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում եւ ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո  օգտվել  արտահիվանդանոցային բոլոր  ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն  ընդգրկում են նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները, սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը եւ այլն: Ընդ որում, անվճար ծառայությունների թվում  են ինչպես վիրահատական,  այնպես էլ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի   բուժօգնությունը:

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝  հաստատված է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների կարգը, որտեղ թվարկվում է  մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ շրջանակից դուրս մյուս ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Տեղահանված արցախցիններն անվճար բուժծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատություն, որտեղ կա համապատասխան պետական պատվեր»,- մանրամասնել է նա:

 

 

7 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաեւ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ընդհանուր առմամբ, առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի եւ Թալիշի հատվածներում:

 




Լրահոս