ՉՈՐՍԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՎ ԱՆՊԱՏԻԺ Է ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժքրոջ սխալ ներարկման պատճառով 4 տարեկան Վալերի Սեյրանյանը մահացել էր: Պարզվում է` բուժքրոջը ստորագրությամբ բաց են թողել, իսկ պատժվողներ դեռեւս չկան:Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 5-ին չորսամյա երեխան ցավեր էր ունեցել կույր աղիքի հատվածում եւ սկսել էր փսխել, ինչ պատճառով նրան տեղափոխել էին ոստիկանության հոսպիտալ, որտեղ աշխատում է նրա մայրը: Սակայն մի քանի ժամ անց հարազատներին տեղեկացրել էին, որ երեխան մահացել է:Վալերի Սեյրանյանի պապիկը` Արամայիս Վերդյանը, կրկին վրդովված զանգահարել էր մեր խմբագրություն. «Բայց էդպես ո՞նց կլինի, ստորագրությունով ազատել են, հիմա էլ փաստաբան ա վարձել, ես զարմանում եմ. փաստը կա, բոլորին հայտնի է, որ մեր էրեխուն սպանել են, հլը ինչ-որ քննություն են անցկացնում, տենց բան ո՞վ ա լսել, ամբողջ հիվանդանոցը տեսավ, որ մեր առողջ էրեխուն տարանք, մեզ դիակ տվեցին»:Պարոն Վերդյանը ընդգծեց, որ իրենք երեխային հանձնել են բժշկին եւ ոչ թե բուժքրոջը: Բացի այդ, երեխայի կողքին այլ բժիշկներ են եղել, որոնց մասին ոչ ոք չի խոսում եւ որեւէ անգամ չի շեշտադրվել: «Բա էդ ժամանակ ո՞ւր էր անեսթեզիոլոգը, ինչո՞ւ իր անունը ոչ մի տեղ չի շեշտվում, ինչո՞ւ իրեն եւս չեն տանում ստուգեն, ես ի՞նչ իմանամ` ինքն ինչ վիճակում ա եղել, արդյո՞ք ինքը սթափ ա եղել, հիմա էլ ասում են, թե բուժքույր Թամարա Եվդոկիմովնան հիվանդ ա, պետք ա մեղմացուցիչ տան: Եթե նման բան կա, բա ինքը ո՞նց ա ըտեղ աշխատել ու էն էլ նման պատասխանատու գործ»,-ասաց պարոն Վերդյանը:Վալերի Սեյրանյանի հարազատները պնդում են, որ այդ անպատասխանատվության  համար պետք է պատժվի հոսպիտալի ողջ անձնակազմը, այլ ոչ թե միայն բուժքույրը, որը սխալ ներարկում է կատարել: «Ես պնդում եմ, որ տնօրենից սկսած` ոչ ոք իր «տեղում» չի եղել: Քննիչն իր աշխատանքը նորմալ չի կատարել, էդ պահին անեսթեզիոլոգից մի հատ անալիզ չի վերցրել. կարող ա ինքը հարբած ա եղել, մենք որ լսեցինք էդ լուրը, ներս մտանք, սաղ փախած էին, մեկը չկար, վախից փախել էին»,-պատմեց մեր զրուցակիցը:Տեղեկացանք նաեւ, որ Վալերին ընտանիքի միակ երեխան է եղել, որի մայրը զավակի մահվան պատճառով հոգեկան սթրեսի մեջ է եւ անգամ ինքնասպանության մասին է մտածում:«Ժողովուրդ»-ը զրուցեց Ավան վարչական շրջանում գտնվող ոստիկանական հոսպիտալի պետ Արթուր Պետրոսյանի հետ` պարզելու, թե ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են միջամտել կամ ոչ: Վերջինս ասաց, որ երեք բժիշկ է ներկա գտնվել. «Բայց սխալը բուժքույրն է արել, քրեական գործ է հարուցվել դեպքի կապակցությամբ, այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված է միայն բուժքրոջը: Քննության ընթացքում եւ փորձաքննության եզրակացությունից հետո կպարզվի, թե էլ ում մեղադրանք կառաջադրվի: Այս պահին հայտնի է, որ ակնհայտ սխալը թույլ է տվել բուժքույրը, ու եթե այլ թերացողներ եւ մեղավորներ կան, նրանց եւս մեղադրանք կառաջադրվի»:Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ այդ հարցով դեռեւս քննություն է ընթանում, եւ եթե ընթացքում պարզվի, որ այլ մարդիկ եւս մեղավոր են, ապա անկասկած իրենք եւս կպատժվեն: Հիշեցնենք, որ դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:«Ժողովուրդ»-ը կհետեւի քննության ընթացքին:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս