ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐՆ ԱՍԵԼ ԵՆ, ԹԵ ՄԱՅՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԿՈՉՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության շենքի մոտ կրկին տարբեր դժգոհություններ ունեցող մարդիկ էին հավաքվել եւ սպասում էին նախարարներին, ոմանք էլ պահանջում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Բայց, ինչպես ամեն անգամ, երեկ եւս պահանջը մնաց ուղղակի պահանջ:Կրպակատերերն այս անգամ եւս մեծ թվով հավաքվել էին` կրկին իրենց հացից չզրկելու պահանջով: Ներկա էին նաեւ իրենց սեփականության իրավունքը պահանջող մարդիկ, թոշակառու օդաչուները, զինված ուժերում զոհված զինվորների ծնողները, մի ընտանիք, որին զրկել են բնակարանից եւ տարբեր անհատներ, որոնք հատուկ տարբեր շրջաններից գալիս են իրենց խնդիրները ներկայացնելու համար:«Իմ կրպակը գտնվում ա Սարյան փողոցում, արդեն 6-7 տարի է` մենք ըտեղ ենք  աշխատում, մենք նամակ ենք գրել, որ վարձակալությունը երկարացնեն, բայց չեն արել, հարկային ենք մուծել, սոց ենք մուծել, լիցենզիայի համար ենք մուծել: Երեխաս անչափահաս ա, ամուսինս էլ թոշակառու ա, ես դրանով եմ ապրում, ախր մեր կրպակը գազոնի մեջ չի, փողոցի մեջ չի գտնվում, ի՞նչ են ուզում մեզանից»,-հռետորական հարց ուղղեց կրպակատեր Ռուզաննա Եզիազարյանը:Կրպակատերերին հանդիպեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով տեղեկացրեց, որ այս շաբաթ իր գրասենյակը կավարտի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ իրավական վերլուծություններն ու արդեն հաջորդ շաբաթ պատասխան կտա Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության մասին: «Մնացածը հիմա քննարկման փուլում է, քաղաքապետարանին գրություններ ենք ուղարկել, սպասում ենք, որպեսզի տանք մեր վերջնական պատասխանը: Այսինքն` եկող շաբաթ մենք կտանք մեր արձագանքը, թե որն ինչպիսի իրավական վիճակ ունի»,-եզրափակեց Անդրեասյանը:Կառավարության շենքի մոտ էին եկել նաեւ Գավառ քաղաքի երկու բնակչուհի: «Քյավառի ոստիկանությունը մեզ տեր չի կանգնում, ըտեղի բնակիչները մեզ ծեծում են, հարեւաններն անընդհատ կռվում են մեր հետ, մենք արդարություն ենք ուզում, մեզ բռնի կերպով ուզում են մեր տանից հանեն, մեր ունեցվածքին տիրանան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին Կարինեն ու Սվետան, որոնք անհամբեր սպասում էին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` իրենց խնդիրը ներկայացնելու համար:Այդ ընթացքում նաեւ վիճաբանություն ծագեց: Վիճող կինը Զվարթ Կիրակոսյանն էր. նա հեռախոսով խոսում էր ռազմական ոստիկանության աշխատակցի հետ, որն ասել էր տիկնոջը, որ մայր կոչվելու իրավունք չունի: Տիկին Զվարթը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ 10 ամիս շարունակ իր որդուն` Սուրեն Կիրակոսյանին, պահել են Շուշիի բերդում. «Սիսիանի զորամասերից մեկում էր ծառայում, ես իմ էրեխուն տարել եմ բժշկի ու տեսել եմ, որ առողջական խնդիրներ ունի, հիմա ասում եմ` դուք չեք բուժում, տվե՛ք, ես իմ էրեխուն կբուժեմ, թույլ չեն տալիս, որ բուժեմ: Ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ»:Հարցին, թե ինչպես է իմացել, որ իր որդին հիվանդ է, տիկինն ասաց. «Մի քանի ամիս ծառայելուց հետո սեպտեմբերի 17-ին եկավ արձակուրդ, ես թույլ չտվեցի, որ գնա ծառայության: Տղես հիվանդ էր: Բայց իրան բանակ տարան` առանց վերջնական հետազոտության: Ես փաստաթղթեր ունեմ: Բայց հիմա, որ գալիս եմ, բողոքում եմ, զորամասից զանգում, ասում են` գնա՛, դու մայր կոչվելու իրավունք չունես»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս