Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, որտեղ անդրադարձել է նաեւ սահմանային միջադեպին, երբ հրադադարի խախտման հետեւանքով զինծառայող էր վիրավորվել: «Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ Ժնեւյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների եւ պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- նշեց Այվազյանը:
Ինչպե՞ս է ռուսական կողմը վերաբերվում պատերազմի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպերին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վիտալիյ Միլոնովի հետ, որը պատերազմի օրերին նաեւ Լեռնային Ղարաբաղ էր այցելել: Նա նշեց, թե այժմ էլ մշտապես շարունակում է հետեւել Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: «Ես՝ որպես ռուս քաղաքական գործիչ, ցավոք սրտի, տեսնում եմ, որ Ադրբեջանի կողմից չի պահպանվում մարդու իրավունքների պաշտպանության եւ մշակութային օջախների պահպանության հարցերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Շատ կարեւոր է, թե ինչպես պետք է ապրեն այն տարածքները, որոնք հայտարարության հետեւանքով հեռու են իրենց պատմական հայրենիքից եւ գտնվում են Ադրբեջանի տարածքում եւ հսկողության տակ: Ալիեւն իրեն պահում է ինչպես դեռահաս, որը հայտնվել է իշխանության մեջ, եւ նրա պահվածքը չի համապատասխանում նախագահի պահվածքին: Չնայած նա կարող է վստահաբար պարծենալ, որ դադարել է լինել նախագահ, այլ հանդիսանում է Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Ադրբեջանի նահանգապետ», – հավելեց նա:
ՌԴ պատգամավորը նկատում է, որ միջադեպեր, ինչպես, օրինակ, զինվորի վիրավորվելն է, հնարավոր են, սակայն դրանք մասշտաբային եւ տեւական չեն լինելու: «Իհարկե, փոքր կոնֆլիկտներ կլինեն, սակայն հաշվի առնենք, որ նման փոքր միջադեպեր կարող են լինել: Իհարկե, դա ողբերգություն է, սակայն այլ բան չէր էր կարելի սպասել ադրբեջանական բանակից: Ուղղակի նկատենք, որ դա հազվադեպ է լինելու, եւ տեւական խաղաղություն է: Ես վստահ եմ, որ էսկալացիան ու լարվածությունը կթուալանան, եւ կհաստատվի երկարատեւ խաղաղություն, որը հիմա ամենակարեւորն է», – եզրափակեց նա:
Հավելենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ եւ բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Իսկ, ահա, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները:
Ն. Հ.
ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
Հունվարի 9-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրգործ: Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվել: Ժամեր անց պարզվել է ոչ միայն կասկածյալի ինքնությունը, այլեւ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քրեական հետախույզները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ հունվարի 9-ին՝ կեսգիշերն անց՝ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բար-սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր Ծաղկաձոր քաղաքի 33-ամյա մի բնակիչ: Նույն օրը Հրազդանի Ջրառատ թաղամասի տներից մեկում կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք:
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « COVID 19»-ի բացասական թեստ: Այն պարտադիր պահանջ է դառնում: Դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի (CDC)՝ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն եւ թռիչքի ներկայանան տեղեկանքով։ Համավարակով պայմանավորված՝ մարտից Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է վիզայի տրամադրման գործընթացը:
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Երիցյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից, արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը նշանակվել է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ, Լուսինե Քոչարյանը 2021 թվականի հունվարի 15-ից կազատվի Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏՆՕՐԵՆԻՆ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Ալիփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Այգեձորի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի տնօրեն եւ մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նախապես տեղյակ լինելով, որ նույն ՀՈԱԿ-ի ջրային տեխնիկներ Սահակ ճաղարյանը, Սարգիս Առուշանյանը, պահակ Արգամ Օրդյանը աշխատանքի չեն հաճախում, անձնական այլ դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կազմել, կնքել եւ ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր:
ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն իր Twitter-յան էջում առանձնացրել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման դրական եւ բացասական կողմերը: «Եռակողմ հանդիպման դրական կողմը. Պուտինը վճռական է տրամադրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով աշխատելու հարցում: Տագնապալի կողմը. Ալիեւը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է. դա այդպես չէ, քանի որ առանցքային խնդիրները մնում են չլուծված: Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության եւ բարգավաճման հիմք ստեղծելու համար»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին Մոսկվայում:
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար ժամանակ Երեւանում բնակվելու տեղ չուներ, հրաժարվում էր ՀՀ կառավարության կողմից իրեն առաջարկված կեցության վայրի տարբերակներից: Ի վերջո, ՀՀԿ նախագահի համար որոշեց առանձնատուն կառուցել ՀՀ դատախազության ներկայացուցիչը Մոսկվայում՝ Կամո Ավագումյանը, որը խոշոր գործարար է, սեփականատեր: Բայց, պարզվում է, Սերժ Սարգսյանը 2020 թվականին հրաժեշտ է տվել Երեւանին: ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը 2021-ը դիմավորել է Ծաղկաձորում: Նրան մեր թղթակիցը օրերս տեսել է Ծաղկաձորի ռեստորաններից մեկում՝ թիկնապահներով շրջապատված, նույն թիկնապահներով, որոնք նրան ուղեկցում էին իշխանության տարիներին: Նկատենք, որ ՀՀ երրորդ նախագահն ակնհայտ ուներ ընկճված տեսք, տխուր էր եւ նույնիսկ ժպտալը լիաթոք չէր ստացվում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին Սերժ Սարգսյանի կենսուրախ կինը՝ Ռիտա Սարգսյանը, կորոնավարակի զոհ դարձավ: Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող բժիշկներին չհաջողվեց փրկել Ռիտա Սարգսյանի կյանքը: