ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ՝ ՄԻՊ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորԵլ է երեխաների, հատկապես՝ մանկահասակների լուսանկարներ «Ֆեյսբուք»-ում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Արման Թաթոյանը նշել է, որ դա խոցելի է դարձնում երեխային ու ծնողներին:

 

«Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:  Դա խոցելի է դարձնում երեխային ու նաեւ առաջին հերթին ձեզ` ծնողներիդ: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից եւ ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել: Ցավոք, սոցիալական ցանցերն ու, երեւի թե, հատկապես «Ֆեյսբուք»-ը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ եւ այլ անօրինական երեւույթներով»,- նշել է Արման Թաթոյանը: Ավելի վաղ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը լի է հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին: Արման Թաթոյանը նշել էր, որ բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն արցախյան վերջին պատերազմի ժամանակահատվածը եւ վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ:

Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է ներկայացրել այն մասին, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որեւէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար եւ չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում:

«Իրականում, շատ արժեքավոր զեկույց է (անգլերենով է): Կոնկրետ օրինակներով է: Զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` թե՛ զինծառայողների, թե՛ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։

Զեկույցում հատուկ շեշտադրում է արվում Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որեւէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաեւ չեն կարող ունենալ որեւէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում: Մասնավորապես, արտահերթ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, գործողություններ անել հարկադրանքով, նվաստացնելով եւ այլն: Այս փաստերը հիմնված են զեկույցում բերված ապացույցների ու վերլուծությունների վրա, ինչը եւս մեկ անգամ հաստատում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ միջազգային բացարձակ պահանջներով արգելված մեթոդների կիրառման մասին:

Զեկույցի գնահատականները հիմնված են նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի սեփական փաստահավաք աշխատանքների վրա: Բացի այդ, ուսումնասիրվել են ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերաբերմունքի եւ նրանց հարցաքննության հետ կապված միջազգային պահանջները եւ իրավական չափանիշները, օբյեկտիվ բնույթի ապացույցներ ու այլ նյութեր: Արտահերթ զեկույցն իմ ստորագրությամբ վաղը կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշել է Արման Թաթոյանը:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երեւանի բնակիչը Երեւանում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ: Խանութի տնօրենի օգնականը, որը նաեւ խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա տարբերությունը վերադարձնելու համար: Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է, եւ իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը: Վերջինս, ի պատասխան իր նկատմամբ դրսեւորված ագրեսիվ վարքագծի, վիրավորվելով իր հասցեին հնչեցված հայհոյանքներից, նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ խանութից նախապես վերցված կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակով հարվածել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձեւով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել:Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործն ուղարկվել է դատարան:

 

 

 

ԿՀԱՄԱԼՐՎԻ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված  ռադիոկապի միջոցները հետ վերցնել եւ ամրացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով  2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները եւ հիմք ընդունելով այն, որ  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ապահովել անհրաժեշտ քանակի  ռադիոկապի միջոցներով»:

 

 

 

ՍԱՀՄԱՆԻՆ՝ ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Հունվարի 13-ին եւ 14-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

 

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՄԱՅԻՍԻ 31

2020 թվականի  տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է: Այս մասին հայտարարություն է տարածել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը։ Այն հայտարարատուները, ովքեր վերը նշված օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունեցել կատարել հայտարարագրման պարտավորությունը, համակարգի հասանելիությունն ապահովելուց հետո կարող են պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիրը ներկայացնել մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետում հայտարարագրման պարտավորությունը կատարելու դեպքում նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի: Համակարգը վերագործարկելուն պես հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կտարածի, ինչպես նաեւ կտեղեկացնի բոլոր գերատեսչություններին։

Ներկայումս համակարգի ամբողջական վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում պետական գերատեսչությունների միջոցով իրականացվում են հայտարարատու անձանց բջջային հեռախոսահամարների, այլ անձնական տվյալների, ինչպես նաեւ ընտանիքի կազմի ճշգրտման միջոցառումներ։ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը լրացնելու համար հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման էլեկտրոնային համակարգին հասանելիություն ապահովելու նպատակով Հանձնաժողովը  ծանուցումներն իրականացնելու է բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով: Հաղորդագրությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ անհատական հաշիվներն ակտիվացնելու նպատակով, ուստի մինչեւ հաղորդագրությունը ստանալը համակարգ մուտք գործելու անհրաժեշտություն չկա։

Բջջային հեռախոսահամարներին համապատասխան հեռախոսային ծանուցումները կուղարկվեն 2021 թվականի հունվարի 18-ից հետո։

Հիշեցնում ենք նաեւ, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է, սակայն հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայտարարագրման գործընթացը սկսել բջջային հաղորդագրությունը ստանալուն պես, որպեսզի հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ աջակցել հայտարարատուներին:

 




Լրահոս