ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԶԵ՞ՆՔ ԿՈՒՆԵՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պագամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց։ Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ, ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել: Որոշ մասը վախենում է խայտառակվելուց, որոշ մասը վախենում է, որ կհարձակվեն ու կվնասեն իրենց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների վախերը հաղթահարելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա խմբակցության դնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն: Հիմա կառավարությունը զենքերի հավաքագրմամբ է զբաղվում, որպեսզի իշխանական պատգամավորներին բաժանի. դե, օրենքում փոփոխություն կատարելը արդեն տեխնիկայի հարց է: Պարզապես անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հիմնավորելու միայն իշխող ուժի ներկայացուցիչներին զենք բաժանելու գաղափարը, եթե խոսքը վերաբերում է պատգամավորներին զենք տալուն: Հայտնի է, որ ՀՀ ԱԺ-ում կան 132 պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցություներից եւ 8 անկախ պատգամավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը այս իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, պարզելու համար տեղեկատվությունը: Աղազարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, գուցե եղել է ինչ-որ նիստ, որին ինքը չի մասնակցել, բայց նաեւ ասաց, թե պատգամավորներին զենք տալն իր համար ընդունելի չէ. «Չէ, ես չեմ կիսում այդ տեսակետը»: Ի դեպ, պատգամավորը հայտարարեց, որ ինքը որեւէ վտանգ չի տեսնում, տրանսպորտով է երթեւեկում, ու որեւէ խնդիր չկա իր համար: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեզ ասաց, որ ինքը եւս տեղյակ չէ նման բանից, գուցե բաց է թողել այդ նիստը: Հիշեցնենք, որ վերջերս դատավորները իրավունք ստացան զենք ունենալու, երեկ արդեն հայտնի դարձավ, որ շուտով Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ գործունեություն ծավալող եւ մի խումբ այլ աշխատակիցներ հնարավորություն կունենան զենք ունենալ: Նախագիծը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարման դրվեց:

 

 

 

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռեւս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից լիազորված բողոքի ակցիա էր իրականացնում: Ղազինյանը հայտարարել էր, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, եւ պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն: Արդեն տարեմուտին դատախազության մոտ էին հավաքվել իրավաբանները եւ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Դավթյանը համաձայնել էր, ու Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը եւ Արամ Վարդեւանյանը գնացել էին դատախազի հետ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Դավթյանի մոտ են մտել, վերջինս Ղազինյանին կեսկատակ նետել է. «Արթու՛ր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս: Ե՞րբ ես ուզել հանդիպել ինձ հետ, ես չեմ ընդունել, հիմա էլ միտինգներ ես կազմակերպում, որ բարձրանաս մոտս»: Նշենք, որ Դավթյանն ու Ղազինյանը համակուրսեցիներ են եղել, իրար լավ են ճանաչում, դրա համար դատախազը թույլ է տվել նախատել Ղազինյանին, դրանից հետո շարժումը մարեց: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Ղազինյանից պարզաբանումներ պահանջել, թե ինչու է պայքարը կասեցվել, ինչու են մոռացել դատախազության դիմաց արված ակցիայի պահանջների մասին, սակայն «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն երկու օր է, չի պատասխանում մեր հեռախոսազանգերին. մամուլի պատասխանատուն ազատվել է աշխատանքից, ու տպավորություն է, թե այդ կուսակցությունը գործում է միայն ֆեյսբուքում:

 

 

 

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքները կարծես թե չափ ու սահման չունեն։ Նախ՝ նշենք, որ քաղաքապետն իր ողջ պաշտոնավարման ժամանակահատվածում աշխատում է դադարներով, կարելի է ասել՝ որպես քաղաքապետ նա աշխատել է հաշված օրեր։ Կհիշեք՝ Մարությանը քաղաքապետ նշանակվելուց հետո մշտապես արձակուրդների է մեկնում, քաղաքապետարանի իր աշխատասենյակում նրան շատ քիչ են տեսնում. մերթ կոնտակտավոր է, մերթ վարակակիր, մերթ հոգնած պաշտոնյա։ Բացի այս, անգամ ավագանու որոշ նիստերին ներկա չի գտնվել քաղաքապետը, որոշ դեպքերում ուշացած է ներկայացել։ Հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հունվարի 22-ի ավագանու նիստին ցանկություն չունի մասնակցելու. իշխանությունների հետ լարված են նրա հարաբերությունները։ Մեզ հայտնի դարձավ, որ Մարությանը գտնվում էր Պրահայում, նոր է վերադարձել Հայաստան, ու դեռ պարզ չէ, թե երբ աշխատանքի կներկայանա։ Նրա ստորագրմանն են սպասում հարյուրավոր փաստաթղթեր, սակայն քաղաքապետը «կարեւոր գործերով» արձակուրդում է։ «Ժողովուրդ» օրաթերթը  Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ քաղաքապետը երբ կվերադառնա աշխատանքի, կմասնակցի արդյոք ավագանու սպասվող նիստին։ Սակայն անպատասխանատու պահվածքով աչքի ընկնող քաղաքապետի աշխատակիցներն էլ իր նման են գործում. խոսնակը հրաժարվեց պատասխանել մեր բանավոր հարցերին:

 

 

 

Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը բարձրացել է նվազագույնը 1,5, եվրոյինը՝ 2, ռուսական ռուբլունը՝ 1,27 դրամով։ Երեկ բանկերում ամերիկյան դոլար կարելի էր ձեռք բերել նվազագույնը 527 դրամով, եվրոյի գինը 648 եւ ավելի է, ռուսական ռուբլու սահմանված նվազագույն փոխարժեքը 7,27 է: Նոյեմբերի սկզբին՝ մինչ պատերազմի ավարտը, դոլար կարելի էր գնել 495 դրամով։ Այսպիսով, հետպատերազմյան այս շրջանում դոլարը թանկացել է նվազագույնը 32 դրամով՝ շուրջ 6,47 տոկոսով։ Տնտեսագիտական հանրությունը դոլարի կտրուկ թանկացումը պայմանավորեց քաղաքացիների շրջանում ապագայի հանդեպ սպասելիքների պակասով, մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի էին վերածում։ Դեկտեմբերին խանութներում պարենային մի շարք ապրանքների գնաճ նկատվեց, տնտեսագետները պատճառներից մեկը հենց դրամի արժեզրկումն էին համարում։ Կենտրոնական բանկը հայտարարեց՝ մեկ տոկոսով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5,25 տոկոս, ինչը նշանակում է, որ Կենտրոնական բանկից ավելի բարձր գնով են միջոցներ փոխառվում. այս տոկոսադրույքի բարձրացումը գնաճի տեմպերը մեղմելու գործիք է։ Գնաճի միտումները շարունակվում են նաեւ 2021 թվականին։ Կառավարությունն էլ ընդգծում է՝ գրանցված գնաճն ավելի ցածր է եղել, քան տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Վրաստանում, Թուրքիայում եւ Իրանում։

 




Լրահոս