ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԶԵ՞ՆՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է համակարծիք այն տեսակետի հետ, որ  օրենսդիրները պետք է այսուհետ զենք ունենան իրենց մոտ: Բանն այն է, որ պատերազմի ավարտից հետո, երբ խորհրդարան ներխուժեցին մի խումբ անձինք եւ ջարդուփշուր արեցին խորհրդարանի դահլիճը, հայրենի օրենսդիրները վախենում են, որ գուցե փողոցում իրենք եւս այդ կարգավիճակում հայտնվեն: Ու, ըստ մեր տեղեկությունների, քննարկվել է պատգամավորներին զենք տրամադրելու տարբերակը, որպեսզի եթե նման միջադեպերում հայտնվեն, կարողանան իրենց պաշտպանել:

 

-«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման ժամանակ Էդուարդ Աղաջանյանն առաջարկել է պատգամավորներին զենք բաժանել, որպեսզի եթե փողոցում կամ այլ վայրում անվտանգության խնդիր առաջանա, կարողանան իրենց պաշտպանել: Որքանո՞վ է այս տեղեկությունն իրական:

-Անկեղծ ասած, միգուցե բաց եմ թողել այդ նիստը կամ հաղորդագրությունը, ինքս տեղյակ չեմ: Կոնկրետ ես չունեմ զենք:

-Դուք կարծո՞ւմ եք՝ անհրաժեշտ է՝ օրենսդիրն իր մոտ զենք ունենա:

-Ես անձամբ գտնում եմ, որ պետք չէ: Առիթից օգտվելով՝ ասեմ, որ մենք օրենք ընդունենք, որ բոլոր նրանք, ովքեր համապատասխան բժշկական տեղեկանքներ ունենան, զենք կրելու իրավունք եւս ունենան: Խոսքս բոլոր քաղաքացիների մասին է: Բայց մեր՝ պատգամավորներիս դեպքում, որ պարտադիր ունենանք զենք, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Իսկ Էդուարդ Աղաջանյանն առաջարկել է, թե ոչ, անկեղծ ասած, տեղյակ չեմ, չեմ լսել:

-Պարո՛ն Աղազարյան, այս գաղափարն առաջացել է խորհրդարանի հայտնի դեպքից հետո, երբ քաղաքացիները մուտք գործեցին խորհրդարան: Տեղեկություններ կան, որ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ դեռեւս վախեցած են, չեն ուզում փողոց դուրս գալ, նիստերին վախեցած են գնում: Ձեզ մոտ կա՞ նման տպավորություն: Ձեր խմբակցությունում վախեցա՞ծ են պատգամավորները:

-Եթե առաջին օրերին կարելի է ինչ-որ նկատել անհանգստություններ, հիմա դա չկա: Եթե նույնիսկ անհանգստություն լիներ, ապա զենք կրելու փաստարկն այդ անհրաժեշտությունը չէր թուլացնի: Ես վստահ չեմ, որ այս կամ այն պահին դա կարող է այն դերակատարությունն ունենա, որի համար ինքը նախատեսված է:

-Իսկ բոլորին զինելուց՝ թե՛ ընդդիմությանը եւ թե՛ իշխանությանը, վտանգ չե՞ք տեսնում:

-Ես վտանգներով լի չեմ համարում, քանի որ, եթե ինչ-որ մարդկանց խումբ չարակամ ձեւով ուզենան հարձակվել մեկի տան վրա, եւ ես գիտեմ, որ այդ մարդը նույնպես կարող է դիմակայել զնեքով, ապա շատ դեպքերում կզգուշանան: Որովհետեւ այն մարդիկ, որոնք ունեն չար նպատակներ, իրենք կարողանում են զենք  հայթայթել տարբեր տեղերից: Եվ, որպես կանոն, տուժում են հասարակ քաղաքացիները: Ես այդ իմաստով եմ գտնում, որ ճիշտ կլինի՝ նաեւ հաշվի առնելով մեր սահմաններում տիրող իրողությունը:

-Իսկ եթե օրենքում փոփոխություն կատարվի, եւ որոշում կայացվի, որ հենց դուք՝ պատգամավորներդ պետք է ունենաք զենք, Դուք կկրե՞ք զենք:

-Ես չեմ կրի, ո՛չ:

-Ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք, փողոցում քայլելիս Դուք անվտա՞նգ եք Ձեզ զգում:

-Անկեղծ ասած, ես միշտ տրանսպորտով եմ երթեւեկում: Հայտնի հայտարարության հենց հաջորդ օրը եղել են զարմացական հայացքներ, որ նայել են ինձ, բայց եղել են դեպքեր, երբ կոշտ խոսակցություն է եղել, բայց դրանից այն կողմ  չի անցել:

-Դուք Հայաստանում Ձեզ անվտա՞նգ եք զգում եւ այս պահի դրությամբ զենք ունենալու եւ կրելու խնդիր չե՞ք տեսնում:

-Այո՛, ես չեմ տեսնում որեւէ խնդիր:

 

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

2018 թվականին Բյուրականի աստղադիտարանի արդեն նախկին աշխատակից Մկրտիչ Գեւորգյանը նամակ է գրել ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին ու տեղեկացրել, որ աստղադիտարանում կոռուպցիոն ռիսկեր են նկատել, ու պետք է ուսումնասիրություն իրականացվի: Armlur.am-ը զրուցել է Մկրտիչ Գեւորգյանի հետ՝ պարզելու համար, թե ինչից ելնելով որոշվեց նման նամակ հղել նախկին նախարարին, ինչի հետեւանքով Գեւորգյանին ազատել են աշխատանքից:

 

Ըստ Մկրտիչ Գեւորգյանի՝ աստղադիտարանում կատարված չարաշահումների, ապօրինությունների մասին գիտական խորհրդի նիստերին եւ ընդհանուր ժողովներին մշտապես բարձրաձայնել են, սակայն, ըստ նրա, տնօրենը հակադարձել է, որ ամեն ինչ ըստ կարգի է:

Նախկին նախարար Արայիկ Հարությունյանին Մկրտիչ Գեւորգյանը եւ իր գործընկերները տեղեկացրել են, որ աստղադիտարանի անձնակազմի աշխատակիցներից ոմանք զբաղեցնում են մի քանի հաստիք՝ քառապատիկ աշխատավարձ ստանալով։ Տեղեկացրել են նաեւ, որ արտաբյուջեի հաշվին տնօրեն Արեգ Միքայելյանն իր համար գնել է 6.2 միլիոն դրամ արժողությամբ «Volkswagen Touareg» մակնիշի ծառայողական մեքենա, բացի այդ, 5000 դոլար արժողությամբ «Shevrolet-Niva» մակնիշի ավտոմեքենա, որն այժմ ծառայում է տնտեսվարի ընտանիքին։ Աշխատակիցները պնդում են նաեւ, որ աստղադիտարանի տնօրինությունը համագործակցության պայմանագրեր է կնքում միջազգային կազմակերպությունների հետ՝ դրանց ֆինանսական մասը հույժ գաղտնի պահելով, ինչպես, օրինակ, գաղտնի են պահել Ռոսկոսմոս համագործակցության պայմանագրի ֆինանսական մասն ու հաստիքակազմը։

Ըստ այդ նամակի՝ համագործակցության պայմանագիրը հավանության չի արժանացել աստղադիտարանի գիտխորհրդում, բայց այդ ծրագրի որոշ աշխատակիցների աշխատավարձ վճարվում է միջնորդ հանդիսացող «Հայկ Հարությունյան» Ա/Ձ-ից, որը, ըստ աշխատակիցների, հիմնադրել է աստղադիտարանի այն ժամանակվա տնօրեն, ներկայիս փոխտնօրեն Հայկ Հարությունյանը:

Ի դեպ, Armlur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Ֆինանսների նախարարության կողմից իրականցված ստուգման փաստաթուղթը, որով նախարարությունը ակտ է կազմել Բյուրականի աստղադիտարանի կատարած խախտումների վերաբերյալ: Կարելի է ասել՝ այն, ինչի մասին բարձրաձայնել են նախկին աշխատակիցները, այդ ամենը արձանագրել է նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Դեռեւս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնում է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ արդեն հաստատվել է հանձնաժողովի կազմը, եւ այն շուտով սկսելու է իր գործունեությունը։ Այն կունենա հետեւյալ կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ): Պատգամավոր Անի Սամսոնյանը նկատում է՝ անցած տարի գործընթացը չշարունակվեց պատերազմի պատճառով։

Պատերազմի հետեւանքների վերացումը կանգնեցրել է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, որոնք առանձին ուսումնասիրության եւ քննության առարկա են, որի համար էլ առաջարկել են ստեղծել փաստահավաք հանձնաժողով։ Առաջիկա օրերին կհայտարարվի Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի օրվա եւ ժամի մասին: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով՝ հասնելով 163 հազար 972-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 11 դեպք: Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 471-ով եւ հասել 152 հազար 320-ի: Իրականացվել է 2 հազար 546 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 619 հազար 066-ի:

 

 

ՄԱՍՆԱԿԻ ԿԱՐԱՆՏԻՆ

Երեկ Արցախում կատարված թեսթավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ եւ Հովսեփավան համայնքերում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ: Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հիշյալ համայնքների բնակիչների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի եւ մուտքի սահմանափակումներ: Արցախի առողջապահական գերատեսչության հաղորդմամբ` ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18 հազար 184 թեստավորում:

 

 




Լրահոս