ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռեւս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից «լիազորված» բողոքի ակցիա էր իրականացնում: Ղազինյանը հայտարարել էր, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, եւ պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն:

 

Իսկ մինչեւ այս՝ դեկտեմբերի 12-ին, Ղազինյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա՝ ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի եւ մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլեւս ժամանակի հարց է»,- հայտարարել էր Ղազինյանը: Բայց նրա այս հայտարարությունը հերքեցին ինչպես ՀՔԾ-ից, այնպես էլ դատախազությունից՝ սառը ապտակ հասցնելով:

Ու անհասկանալի մնաց, թե Ղազինյանը որ գործով, որտեղ եւ ինչ կարգավիճակով է հրավիրված եղել փաստեր փոխանցելու, որից հետո պետք է շատերը արդեն կալանավորված լինեին: Ինչեւէ, արդեն տարեմուտին դատախազության մոտ էին հավաքվել իրավաբանները եւ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Դավթյանը համաձայնել էր, ու Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը եւ Արամ Վարդեւանյանը գնացել էին դատախազի հետ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Դավթյանի մոտ են մտել, վերջինս Ղազինյանին կեսկատակ նետել է. «Արթո՛ւր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս: Ե՞րբ ես ուզել հանդիպել ինձ հետ, ես չեմ ընդունել, հիմա էլ միտինգներ ես կազմակերպում, որ բարձրանաս մոտս»:

Նշենք, որ Դավթյանն ու Ղազինյանը համակուրսեցիներ են եղել, իրար լավ են ճանաչում, դրա համար դատախազը թույլ է տվել նախատել Ղազինյանին: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե դատախազը համաձայնել է կալանավորել Փաշինյանին, ապա, ըստ մեր աղբյուրների, նման բան դատախազ Դավթյանը չի ասել, այլ ընդամենը նշել է, որ ցանկացած հանցանքի դեպքով պատրաստ է գործ հարուցել, եթե իրեն տրվեն իրավական անհերքելի փաստեր:

Իսկ ի՞նչ է արել «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախումբը: Ղազինյանը թերեւս մոռացել է իր խոստացած «անհերքելի փաստահավաք» առաքելության մասին, մոռացել է նաեւ, որ հայտարարել էր, թե շուտով Նիկոլ Փաշինյանը կձերբակալվի, սակայն դա էլ տեղի չունեցավ: Ղազինյանն այս օրերին ակտիվորեն համացանցում վիրավորական գրառումներ է միայն անում: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Ղազինյանից պարզաբանումներ պահանջել, թե ինչու է պայքարը կասեցվել, ինչու են մոռացել դատախազության դիմաց արված ակցիայի պահանջների մասին, արդյոք համակուրսեցի գլխավոր դատախա՞զն է լռեցրել Ղազինյանին: Սակայն «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն երկու օր է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, մամուլի պատասխանատուն ազատվել է աշխատանքից, ու տպավորություն է, թե այդ կուսակցությունը գործում է միայն ֆեյսբուքում:

Ն. Հ.

 

 

 

210 ՄԱՐԴ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 210 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: «Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են: Նա հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ. ««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին գլխավոր դատախազը  Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում եւ սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին: Ըստ այդմ, «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»:

 

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկեն նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

 

 

 

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

 

 

 

ԿՏՐՈՒԿ ԹԱՆԿԱՑԱՎ

Արդեն մի քանի օր է՝ ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում քաղաքացիներ: Վերջիններս պնդում են, որ երկու օրվա ընթացքում տաքսի ծառայությունների սակագները կտրուկ բարձրացել են: Օրինակ՝ սովորաբար առավոտյան ժամը 9:30 10-ն ընկած ժամանակահատվածում թեյավճար չէր պահանջվում, իսկ արդեն երկու օր է՝ այդ ժամերին տաքսի պատվիրելու համար պահանջվում է թեյավճար: Իրավիճակն ավելի վատ էր երեկ, երբ մեկ ամբողջ օր գազալցակայաններում գազ չէր եղել: Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում է իրականացրել տաքսիների վարորդների շրջանում՝ պարզելու համար, թե ինչն է թանկացման պատճառը: Թեմայի շուրջ փորձել ենք պարզաբանում ստանալ «U» տաքսի ծառայության պաշտոնական գրասենյակից: Այնուհետեւ փորձել ենք պարզաբանում ստանալ նաեւ Yandex տաքսի ծառայության գրասենյակից: Այսպիսով, արձանագրենք, չնայած տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները որպես թանկացման պատճառ ներկայացնում են գազի հետ կապված խնդիրը, սակայն նկատենք, որ թանկացումներ ժամանակ առ ժամանակ լինում են: Ստացվում է՝ տաքսի ծառայությունները, օգտվելով երկրում առկա ճգնաժամային իրավիճակից, արհեստականորեն թանկացնում են գները:

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակը: Ն. Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում՝ տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլեւ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձեւակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները եւ իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետեւանքով: Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաեւ բազմաթիվ հնարավորություններ: Նախեւառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա եւ, մյուս կողմից, արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը եւ դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել»,-ասել է նա:

 

 




Լրահոս