ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽԻՑ ԲԵՐՎԵԼ Է 43 «ԿԱԼԱՇՆԻԿՈՎ» ԻՆՔՆԱՁԻԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու եւ շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու եւ կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու  հանցավոր խումբ:

 

«Երեւան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մի շարք անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, որոնք Արցախի Հանրապետությունից փոխադրել եւ պահել է Երեւան քաղաքում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ կատարված բազմածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում, մասնավորապես՝ Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ եւ շրջանառությունն արգելված այլ իրեր:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս.Բ.-ին հրազեններ իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված բազմատեսակ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված եւ պահված   ռազմամթերք հանդիսացող մեծաքանակ փամփուշտներ, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ եւ շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

Կատարված խուզարկություններով հայտնաբերվել են մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած եւ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ընդհանուր թվով 43 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ,  279 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 7 հատ փամփշտատուփ` լիցքավորված 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, 23 հատ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամուշտներով, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, 1 հատ փամփշտատուփ՝ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փակ տուփերով փոքր չափերի փամփուշտներ, ինքնաձիգների նշանառության համար նախատեսված օպտիկական սարքեր, որսորդական հրացաններ, 227 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, որսորդական հրացանի փողեր եւ այլն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու եւ դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած եւ ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած եւ պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

 

 

 

ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ՝ ԽՈՐԱՑՆԵԼՈՎ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների հերթական հայատյաց քայլին: «Ադրբեջանական այս նամականիշները պատկերում են, թե ինչպես բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը, եւ Արցախում հայերի բնաջնջման բացահայտ քարոզ է պետական մակարդակով:

Մասնավորապես, Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ, որոնցից մեկը արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է։ Նամականիշի վրա բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»։

Այս նամականիշը եւս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այն պնդումները, որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելիության հիմքով միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են։ Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետեւողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։ Հենց այդ թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետեւանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները էթնիկ հայերի նկատմամբ։

Այս ամենի խորքային պատճառները հիմնավորված են Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հրապարակային զեկույցի ապացույցներով ու դրանց վերլուծությամբ («Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը եւ թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»):

Զեկույցը նաեւ ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է, գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետեւ գրեթե նույն ձեւակերպումներով լայնորեն օգտագործվում եւ խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում հատկապես ունենալով երեխաների:

Նշվածն ուղիղ հիմնավորվում է նաեւ ադրբեջանական սոցիալական ցանցերում այդ նամականիշներին վերաբերող մեկնաբանություններով, որոնք լի են հայատյացության ու հայասպանության կոչերով: Հենց այս ամենն է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանների որոշման գործընթացի ժամանակ՝ երաշխավորելու համար հայերի կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքները»։

 

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արամ Յ.-ին, որը 2019 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով, առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

 

 

ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ԶԵՆՔՈՎ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոնք որոշակի գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ օպերատիվ, պետք է ապահովվեն զենքով: Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը: Նրա խոսքով՝ տվյալ հատուկ միջոցներն առաջարկվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար, ինչպես, օրինակ, մաքսանենգության դեմ պայքար, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անօրինական ներկրում՝ շրջանցելով մաքսային գրանցումը: Ընդ որում, նա պարզաբանել է, որ կառավարությունը կորոշի, թե գերատեսչության կոնկրետ որոշ ստորաբաժանումները հնարավորություն կստանան օգտվել մարտական զենքից: Կարճատեւ քննարկումից հետո օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արցախի ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Վարդան Կիրակոսյանի դեպքի առթիվ քննությունը շարունակվում է: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: «Այս պահին քննություն է իրականացվում: Ըստ նախնական տեղեկությունների` դեպքը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով է տեղի ունեցել, ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել 2000 թ. ծնված զինծառայող Վարդան Կիրակոսյանը:

 




Լրահոս