ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եռակողմ հայտարարություններն ու ստորագրված փաստաթղթերն անոմալիաների շարքից են. նոյեմբերի 10-ին երկու ՀԱՊԿ անդամ երկրներ համատեղ հայտարարություն էին ստորագրել ոչ ՀԱՊԿ անդամ երկրի հետ, որն էլ ռազմական գործողությունների արդյունքում հաղթող էր դուրս եկել, իսկ հունվարի 11-ին երկու ԵԱՏՄ անդամ երկրներ ստորագրել են համագործակցության փաստաթուղթ ոչ ԵԱՏՄ անդամ երկրի հետ: Այս մասին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, փաստաբան Հայկ Դեմոյանը:

 

Հաջորդ անոմալիան, ըստ պատմաբանի, ռազմագերիների հարցը չլուծելն է, քանի որ հայկական կողմը պահմանեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանի կողմից նույն պատասխանը չեղավ, մինչդեռ ադրբեջանական կողմը Հայաստանին պարտավորեցնում է կատարել ստորագրված փաստաթղթի կետերը: «Սա անոմալիա է համարվում, քանի որ, երբ խոսքը սահմանազատումների վերաբերյալ աշխատանքների մասին է, կարծես թե գերիների հարցը պետք է ինքնաբերաբար դուրս գար, սա պարզագույն տրամաբանություն է. ինչո՞ւ դա տեղի չի ունենում, եւ ինչո՞ւ է Հայաստանը ներկայացնող ղեկավարը հայտարարում, որ այս պահին չլուծվեց գերիների խնդիրը, ինձ եւ շատերի համար մնում է հարցականի տակ»:

Ըստ Դեմոյանի՝ եթե ստորագրվել է երկրորդ փաստաթուղթ, ապա շատ հանգիստ կարող էր լուծվել գերիների հարցը, եւ առհասարակ այդ խնդիրը պետք է նախապայման դառնար, եւ քանի այդ հարցը չի լուծվում, պատմաբանի գնահատմամբ, կանխվում են մեր շատ հետագա քայլեր: Դեմոյանի համար անհասկանալի է ծառացած խնդիրների ֆոնին ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, քանի որ դրանք քաղաքական անկարողության նշաններ են:

Պատմաբանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ռազմատենչ, հայատյաց հայտարարություններ, եւ առաջ է գալիս տարրական անվտանգության հարցը, որի մասին, սակայն, գործող իշխանությունը չի անհանգստանում, քանի որ նրանց համար նման սահման չկա, կան դրամաշնորհներ, որոնք շատ հեշտությամբ մարսելու են: «Բայց մինչեւ դրամաշնորհներ ստանալը նրանք պետք է հասկանան, որ կա Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգություն, իսկ դա նրանց համար էական ու առաջնային չէ»:

Նրա խոսքով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման գործընթացը պետք է ուղեկցվի Երեւան-Ստեփանակերտ եւ Գորիս-Ստեփանակերտ մշտական չվերթների վերսկսմամբ, եւ հայկական կողմը պետք է օդային հաղորդակցության երաշխիքներ ստանա: Փորձագետն ուշադրություն է հրավիրել եռակողմ երկու հայտարարությունների շրջանակում անսովոր երեւույթներին: Մասնավորապես, նոյեմբերի 9-ին ՀԱՊԿ երկու անդամներ ստորագրեցին մի երկրի հաղթանակի մասին հայտարարությունը, որը ներառված չէ կազմակերպության կազմում: Իսկ հունվարի 11-ին ստորագրվեց հայտարարություն ԵԱՏՄ երկու երկրների եւ մի երկրի միջեւ տնտեսական համագործակցության մասին, որը ներառված չէ այդ միության կազմում: «Փոխվարչապետների մակարդակով համագործակցության մասին երկրորդ հայտարարությունը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակմանը այն դեպքում, երբ ռազմագերիների մասով հայտարարության կետն Ադրբեջանը մինչ օրս չի իրականացրել: Այդ հարցը կարող է խոչընդոտ դառնալ փոխվարչապետների մակարդակով համագործակցության եւ հաղորդակցությունների ապաարգելափակման համար: Երեւանը պետք է հայտարարի իր «կարմիր գծերի» մասին»,-պարզաբանել է պատմաբանը:

Նրա համոզմամբ՝ առաջնահերթ նախապայման է հենց ռազմագերիների հարցը: Երկրորդ կետը փախստականների հարցն է: «Երբ Բաքուն փորձում է ճնշում գործադրել ռազմագերիների առկայության տեսքով, այդ կապակցությամբ պետք է դիմել Ռուսաստանին եւ հայտնել հայտարարության կետի խախտման մասին, եթե, իհարկե, չկան այլ բանավոր պայմանավորվածություններ: Բացի այդ, մենք պետք է բարձրացնենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանության հարցը, այլապես համագործակցության ոչ մի հեռանկար չի կարող լինել, քանի որ դա կդիտարկվի որպես նախապատրաստում պատերազմին»,- նշել է նա:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով երկրամասի բարձր առաջնահերթությունը մեծացնելու միջազգային առեւտուրը՝ այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ:  «Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաեւ Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի եւ մասնավոր սեկտորի հետ հանդիպման ընթացքում ասել է Արեւելյան Ադրբեջանի ղեկավարը: Նահանգի ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության եւ հանգստության:

 

 

 

ՀՌՀ-Ն ԲԱՇԽԵՑ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխել են հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ հանրապետական ծածկույթի համար հայտարարվել էր 6 սլոթ, իսկ մայրաքաղաքային ծածկույթի համար՝ 9 սլոթ: «Սակայն դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, եւս երկուսը՝ մայրաքաղաքային  ծածկույթի արտոնագիր, առանց լիցենզիայի: Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,-ասել է Հակոբյանը:

Նա տեղեկացրել է, որ հանրապետական սլոթերի համար հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից երեքը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթի համար, իսկ մնացած 9-ը՝ նաեւ մայրաքաղաքային: Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթի համար ներկայացվել էր 4 հայտ: «Սակայն հունվարի 8-ին՝ «Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ ընկերությունները ներկայացրել են  իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,-ասել է նա:

 

 

 

ԿՐՏՍԵՐ ԵՂԲՈՐ ՀԵՏ

Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերում    հուղարկավորեցին  Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված համագյուղացիներին։ ՀՀ զինված ուժերի սպա, մայոր  Խորեն  Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունվարի 15-ին: Ոսկեվանի հարեւան Բաղանիս գյուղում նույն օրը հուղարկավորեցին Գարիկ Բեգլարյանին: Նրա կրտսեր եղբայրն արդեն առաջնագիծ մեկնող խմբում էր, չէին թողնում, որ ինքն էլ գնար, բայց վազեց արդեն շարժվող ավտոմեքենայի ետեւից, իբր հրաժեշտ տալու համար,  բայց հանկարծ ցատկեց,  կանգնեց եղբոր ու տղաների կողքին: Գարիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը վերադարձավ Արցախից, իսկ ինքը զոհվեց  Ջրականում։

 

 

 

ԿՅԱՆՔԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ

Տավուշի մարզի քաղաքների, խոշորացված համայնքների ինտերնետային կայքերում նախկինում մշտապես պարբերաբար տեղեկատվություն էր տեղադրվում համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների, իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի մասին։ Հունվարը կիսվել է, սակայն մարզի խոշոր համայնքապետարանների պաշտոնական կայքերում ոչ մի նորություն, ծանուցում տեղադրված չէ: Տպավորություն է, որ  կյանքը  կանգ է առել, համայնքներում ոչինչ չի կատարվում  եւ չի նախատեսվում։

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՆԵՐԿՐԵԼ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է Կարեն Յուրիի Գրիգորյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի  սեպտեմբեր ամսվա սկզբին գտնվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում՝ քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 338,09  գրամ մեթամֆետամին տեսակի թրամիջոց եւ այն մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի իրացնելու նպատակով դրանք փաթեթավորել է պոլիէթիլենյաին զիպ փաթեթում եւ պահելով բաճկոնի գրպանում՝ Թուրքիայի Հանրապետությունից տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն։ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267.1 հոդվածի 4-րդ մասի  1-ին  կետով։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է  ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս