Այս անուն-ազգանունն այսօր աստիճանաբար մոռացության է տրվում, որովհետեւ փոփոխվող ժամանակների հետ հեռանում են նաեւ հին օրերի «հերոսները»: Օրինակ` Դավիթ Վարդանյանը նորանկախ Հայաստանի ամենաառանցքային պաշտոններից մեկն ունեցող անձն էր, ում վստահված էր պետական գույքի մասնավորեցումը, որի հետեւանքները մինչ օրս «քաշում» ենք: Հայաստանում ի՞նչն էր շատ` պետական գույքը, որը սպասում էր ախորժակավորներին: Եւ հենց նմանների ցանկություններին հագուրդ տալու համար էլ հրապարակ հանվեց Դավիթ Վարդանյանը, ով կարող էր լավ գիտնական դառնալ, եթե չհայտնվեր ղարաբաղյան շարժման ալիքների վրա, իսկ հետո էլ այդ ալիքները փոխարիներ «ֆինանսական ալիքներով»…Մեզ, իհարկե, չհաջողվեց պարզել, թե որտեղ է ծնվել Դավիթ Վարդանյանը, բայց գիտենք, որ անցած տարվա փետրվարի 12-ին, հանրությունից գրեթե զատված, նշեց իր ծննդյան 60-ամյակը, բնականաբար, ոչ այնպես, ինչպես կնշեր մեր օրերում գիտության թեկնածուն… Վարդանյանը 1971-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ապա պաշտպանել թեկնածուական ատենախոսություն: Մոտ քսան տարի` 1971-1990 թվականներին, ԵՊՀ պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչն էր, ապա գիտաշխատող: Ղարաբաղյան շարժման օրերին, ոչ առանց Վազգեն Մանուկյանի հորդորի եւ հովանավորության, դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ապա շուրջ վեց ամիս գտնվեց Մոսկվայի Բուտիրյան բանտում: 1990թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ: Այս կարճ ժամանակահատվածում, բնականաբար, Դավիթ Վարդանյանը ոչինչ չէր կարող անել, ուստի նրան կարելի է նաեւ ՀՀՇ նախագահի աթոռապահ կոչել, որովհետեւ նա չէր էլ հասցրել մի կարգին աթոռ ձեռք բերել, երբ տեղի ունեցավ «իշխանափոխություն»: Եթե ՀՀՇ-ում նա իր մշտական աթոռը չունեցավ, ապա ինը տարի եղավ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր: Համատեղել է պատգամավորի եւ նախարարի պաշտոնները… Դավիթ Վարդանյանի խորհրդարանական գործունեության «պիկը» 1996-ի նախագահական ընտրություններն էին, երբ, ի թիվս Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, նրա դեմ եւս քրեական գործ հարուցվեց` պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով: Այդ օրերին Սերժ Սարգսյանը, ով հրապարակավ «չկասկածեց» Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությանը, հայտարարեց. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով»: Վանո Սիրադեղյանն էլ իր հերթին հրապարակավ հայտարարեց. «Ամբողջ նենգությունը կայանում է նաեւ նրանում, որ այսօր Դավիթ Վարդանյանն իր անունից իշխանություններին տեղեկացրել էր, որ ոչ միայն չեն պատրաստվում բռնության դիմել, այլեւ կկանխեն ուրիշներին, եթե այդպիսի փորձ արվի»:Այդ իրադարձություններից հետո ոչ ոք չպատժվեց, Դավիթ Վարդանյանը շարունակեց իր վայելքները մինչեւ 1999թ., իսկ հետո` 2000թ-ին, նշանակվեց պետական գույքի կառավարման նախարար, ապա հեռացավ ասպարեզից` այժմ միայն տխուր հիշողություններ արթնացնելով իր մասին… Ուշագրավ է այն հանգամանքը, որ նա կառավարության անդամ էր դառնում 1999-ի ահաբեկչությունից հետո, երբ արդեն ասպարեզում չէին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, բոլոր նրանք, ովքեր ժամանակին «պատռել» էին նրա դիմակը: Նրան սուր քննադատության ենթարկողներից Սերժ Սարգսյանն էր ամրապնդել իր դիրքերը: Հետեւաբար, ի~նչ ծառայություն էր մատուցել իշխանություններին Դավիթ Վարդանյանը, որ նրան նման նման պատիվ էր արվում… Բայց Դավիթ Վարդանյանն իր հիշողություններն ունի, որոնցից ամենասկանդալայինները կապակցվում են «Արարատ-ցեմենտ» եւ «Մարս» գործարաններին: 2001թ-ին «Արարատ-ցեմենտ» գործարանի կոլեկտիվը գործարանի դռները փակել ու ներս չէր թողել պետական գույքի կառավարման նախարար Վարդանյանին եւ նրան ուղեկցող, գործարանի պոտենցիալ գնորդ շվեյցարական «Հոլսիմ» ընկերության ներկայացուցիչներին: Հենց Դավիթ Վարդանյանի կառավարման շրջանում անօրինականորեն սեփականաշնորհվեցին կամ օտարվեցին բազմաթիվ շինություններ, կառույցներ, տարբեր հաստատությունների պատկանող շենքեր, էլիտար բնակարանաշինությունը թափ առավ նրա պաշտոնավարման ժամանակ:Դավիթ Վարդանյանի օրոք Գյումրու նշանավոր տեքստիլ կոմբինատը վերջնական փոշիացավ, հանրակացարանները վաճառվեցին բնակիչներից գաղտնի, ու մինչ օրս երկրի տարբեր ատյաններում քննվում են այդ հանրակացարանների բնակիչների բողոքները: Իսկ Վարդանյանը վայելում է իր ունեցվածքը՝ դույզն-իսկ չմտածելով այն մարդկանց մասին, որոնց կյանքում 1988-ի երկրաշարժը շարունակվում է… Երկրի ունեցվածքը փոշիացնելու մասին Վարդանյանն այսպես էր արտահայտվում. «Ես կողմ եմ, որ դնենք մեկ անգամ մրցույթի, եւ եթե այդ մրցույթում չվաճառվեց, հետագայում չբացառել ուղիղ վաճառքը, ինչը, ես գտնում եմ, շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում, քան մրցույթը»: Եւ առանց մրցույթի նա վաճառքի հանեց դեռեւս 1996-ից ցուցակագրված 1000-ից ավելի օբյեկտներ: Բնականաբար, դրանց մի մասն էլ հենց իրեն է բաժին հասել…ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ՀԻՇԵԼՈՎ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ