Չնայած իշխանությունները խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, իսկ ընդդիմությունն էլ պահանջում է իշխանությունների հրաժարականը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 18-ին, նոր որոշում էր ստորագրել, որով հանձնարարում է սկսել 2022 թվականի բյուջետային գործընթաց: Եվ ըստ ժամանակացույցի, ՀՀ կառավարությունը մինչեւ հունիսի 17-ը պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը ներկայացնի Ազգային ժողով, որից հետո պետք է մշտական հանձնաժողովներում տեղի ունենան դրանց քննարկումները: Այսինքն, վեց ամիս անց այդ նախագիծը պետք է պատրաստ լինի:
Նկատենք՝ յուրաքանչյուր տարի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ են տեղի ունենում, կրճատվում կամ ավելանում են այս կամ այն գերատեսչության ծախսերը: Օրինակ, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ համեմատ, 2021 թվականի պետական բյուջեում կրճատվել են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային Անվտանգության ծառայության եւ Ոստիկանության բյուջեները, իսկ դրան զուգահեռ աճել են արդեն Պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները: Նկատենք՝ ամենից շատ կրճատվել են Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները՝ 7.2 տոկսով:
Մասնավորապես, եթե այս տարվա պետական բյուջեով նախարարությանը հատկացված էր 14.1 մլրդ դրամ, ապա նախորդ տարվա բյուջեով այդ գումարը կազմում էր 15.2 մլրդ դրամ: Իսկ ամենաքիչն էլ կրճատվել է Ոստիկանության ֆինանսավորումը՝ 0.9 տոկոսով եւ այս տարվա բյուջեով հատկացվել է 64.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 65.2 մլրդ դրամի փոխարեն: Իսկ ահա Պաշտպանության նախարարության բյուջեն աճել է 1.4 տոկոսով եւ այս տարի պաշտպանության նախարարությունը ստացել է 311.6 մլրդ դրամ ի տարբերություն 2020 թվականի, երբ հատկացված էր 307.2 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշված է 2021 թվականի պետական բյուջեի ուղերձում, 2017-2020թթ․ պետական բյուջեի ընդամենը ծախսերում գերակայել են սոցիալական բնույթի ծախսերը (կրթություն, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն և այլն)՝ միջինում 44%, պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության՝ միջինում 26%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների՝ միջինում 20%, տնտեսական ոլորտի՝ միջինում 10% ֆինանսավորումը։ Այս միտումը կշարունակվի նաև 2021 թվականին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.