ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շահերի բախո՞ւմ, թե՞ պատահականություն. նախարարի ամուսինը միշտ հաղթում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր նախարարի թեկնածու է առաջարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այսպիսով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. Բազմիցս հրապարավել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ իրավաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշկական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ոչ միայն ընկերներ են, այլեւ՝ ունեն բիզնես շահեր։

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ։ Ինքը Ավանեսյանը մինչ նախարար նշանակվելը եղել է նույն Արմֆարմացիայի ղեկավարը: Այսինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարարը իր փոխնախարարի կարգավիճակը եւ ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:

ArmLur.am-ը փորձեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից պարզել, արդյոք նորանշանակ նախարարի ամուսնու ունեցվածքի մասին հրապարակումները կարող են դառնալ ուսումնասիրման առարկա: Սակայն հանձնժողովի նախագահն ասաց, թե նախարարը նոր է նշանակվել եւ չի հանդիսանում պաշտոնատար անձ եւ դեռեւս հանձնաժողով չի ներկայացրել իր հայտարարագիրը՝ արդեն որպես նախարարի:

Սակայն նկատենք, որ Անահիտ Ավանեսյանը մինչ նախարար դառնալը փոխնախարար էր եւ այդ կարգավիճակում հայտարարագիր ներկայացրել է, որում եւս հետաքրքիր փաստեր կան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված հայտարարագրի համաձայն, Անահիտ Ավանեսյանն ունի բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, այգետնակ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում եւ եւ բնակելի տարածք կրկին Արաբկիր վարչական շրջանում:

Որպես եկամուտ Անահիտ Ավանեսյանը մեկ տարվա համար հայտարարագրել է 12 մլն դրամ՝ որպես աշխատավարձ եւ եւս 11 մլն դրամ որպես շահաբաժին “Աբովյան 39” ՍՊԸ-ից: Հայտարարագրի համաձայն, նա հանդիսանում է այդ ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերը: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Իսկ այժմ «Արֆարմացիան» ՓԲԸ-ի մասին. այն դեղագործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.ին և հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցներին: Գնորդների ցանկում են՝ տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ․ մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։ Հետաքրքիր է՝ կոռուպցիան, շահերի բախումը, պետական լծակները սեփական բիզնեսին ծառայեցնելը էլ ինչպե՞ս պետք է դրսեւորվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս