Բալասանյանների թիկնապահներից մեկի սպանության գործով աղմկոտ դատավարությունն իսկական խուճապ է առաջացրել ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ Շիրակի կառույցի ղեկավարի տեղակալ Սամվել Բալասանյանի մերձավոր շրջապատում: Չնայած բոլոր ջանքերին` նիստը լուսաբանվեց, թեեւ հարկ է նշել, որ նախապես ամեն ինչ արվել էր, որպեսզի հնարավորինս քիչ թվով լրագրողներ ներկայանան դատական այդ նիստին, եւ «ինֆորմացիայի արտահոսք» տեղի չունենա: Ամենեւին չանտեսելով այն հանգամանքը, որ տեղի է ունեցել սպանություն, եւ այդ քայլին դիմած անձը պիտի ենթարկվի պատասխանատվության, պետք չէ խուսափել նաեւ օլիգարխների եւ նրանց որդիների, վերջիններիս թիկնապահների ցինիկ պահվածքի մասին խոսելուց: Սա նորություն չէ Հայաստանում, եւ տեղի ունեցած դեպքն այդ մասին խորհելու, կատարվածը դատապարտելու եւս մեկ առիթ է: Իսկ ինչո՞ւ են Բալասանյանները խուճապի մատնվել: Բանն այն է, որ Գյումրիում արդեն լուրեր են պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանն իր որդուն` Միսակ Բալասանյանին, պատրաստում է որպես Գյումրու ապագա քաղաքապետ: Նրա անունը փորձում են մաքրամաքուր պահել, երբեմն-երբեմն նա երեւում է հեռուստաէկրաններից բարերարի կեցվածքով: Եւ ահա հնչում է մեկ այլ տեսակետ, թե «մեծն բարերարն» իր ենթակայության տակ աշխատողներին սպառնացել է պահել «պադվալներում» եւ էլի նմանատիպ ուշագրավ մանրամասներ: Չի բացառվում, որ մինչեւ առաջիկա դատական նիստը, Բալասանյանները կաշխատեն այն ուղղությամբ, որ կա՛մ ամբաստանյալների հետ գործարքի գնան, որպեսզի հետագա նիստերի ժամանակ նրանք «ավել-պակաս» չխոսեն եւ չարատավորեն ապագա քաղաքական գործչի «բարի համբավը», կա՛մ կփորձեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, ինչը, ենթադրելի է, որ ավելի մեծ աղմուկ կբարձրացնի: Հետեւաբար, ավելի հավանական տարբերակ է ամբաստանյալներին լռեցնելը: Իսկ վերջիններս առաջին դատաքննության ժամանակ բավականին ագրեսիվ էին եւ պատրաստ էլի շատ բաներ խոսել Բալասանյանների եւ նրանց թիկնապահների պահվածքի մասին: Եւ ուրեմն, եթե հաջորդ դատաքննության ժամանակ եղբայրները դառնան ավելի զգույշ, պարզ կլինի, որ մեր կանխատեսումը դարձել է իրականություն: Հավելենք, որ այս գործը քննում է ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանը: Սա էլ է ուշագրավ, որովհետեւ այս անձնավորությունը պատահական գործեր չի քննում: Ավելին, որ դատարանի նախագահի հետ միասին ՇՄ գլխավոր դատախազը մասնակցի դատաքննության եւ մեղադրանք պաշտպանի, դժվար թե որեւէ մեկը եւս մի նման դեպք հիշի: Այնպես որ, Բալասանյանին վերոհիշյալ 2 հոգին կփորձեն ցույց տալ իրենց հավատարմությունը եւ շահագրգռվածությունը եւ, իհարկե, արժեքավոր ծառայություն կմատուցեն: Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի
ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԸ` ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ