Մինչ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են սեփական օրակարգերով, իրար հասցեին մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցնելով, իսկ իրականում՝ աթոռակռվով, թշնամական երկու երկիր՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, փետրվարի 1-ից 12-ը պատմական Հայաստանի Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ: Ինչպես հայտնում է Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցը, առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։ Նկատենք՝ նախորդ անգամ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել 2020-ի օգոստոսին, որից մեկ ամիս անց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա: Ընդ որում, ադրբեջանաթուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցել էր դիրքային առավելություն: Ֆիքսենք, որ այս անգամ եւս զորավարժությունները տեւելու են տասը օր, ինչպես եւ եղավ ամռանը: Որքանո՞վ են այս անգամ զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար, եւ ի՞նչ դեր պետք է ունենա ՀՀ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովի հետ, որը շտապեց հայտնել, թե չպետք է անհանգստանալ այդ զորավարժություններից՝ հիշեցնելով, որ այժմ Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահներն են. «Գեոքաղաքական իրավիճակը, որն այժմ ստեղծվել է Կովկասում, հնարավորություն է տալիս խաղաղություն պահպանել տարածաշրջանում՝ շնորհիվ ռուս խաղաղապահների առկայության: Ի տարբերություն Թուրքիայի, որն առաջին օրերից ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին, Ռուսաստանի Դաշնությունը խաղաղության կողմնակից էր: Իհարկե, Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտություն է համարում, սակայն դա միակ խելացի փոխզիջումն էր: Հայաստանում իշխանության պետք է գա ազգային լիդեր, որը Հայաստանը կհանի այս վիճակից»: Եվ չնայած թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի սահմանի մոտ, սակայն ռուս պաշտոնյան այդ ամենից Հայաստանի համար որեւէ վտանգ չէր տեսնում: Իսկ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Թուրքիան այսպես ցանկանում է բարձր պահել իր քաղաքական դերակատարությունը, քանի որ արցախյան պատերազմով հույս են ունեցել գոնե խաղաղապահներ տեղակայել, որը կրկին չի կայացել: «Ռուս խաղաղապահների առկայությունը փաստացի բացառում է պատերազմի հավանականությունը: Ես չեմ հավատում մասշտաբային պատերազմի հավանականությանը: Բոլորն էլ հասկանում են, որ ռուսական կողմն առանց հետեւանք չի թողնի իր խաղաղապահների վրա հարձակումը», – նկատեց նա՝ հավելելով՝ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունոմ ռուսական կողմը եւս մեկ ռազմական բազա ունենա: Հավելենք, որ մինչ Հայաստանի թշնամիներ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժության են պատրաստվում, Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը զբաղված են իրենց օրակարգերով՝ աթոռակռվով ու ընտրություններին պատրաստվելով՝ չմտածելով, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր քթի տակ ռազմական ծանր տեխնիկայի կուտակումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղած կամ, այսպես ասած, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են: Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար: Իսկ ի՞նչ էին արել «օրենքով գողերը». քննիչները պարզել են երկարաշունչ բովանդակությամբ հետեւյալ հանցանքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ «զոն նայող» հանդիսացող քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացիներ են դիմել նրանց: Այս գործով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով քննության վարչությունում նախաքննության ավարտ է հայտարարվել: Ասել է թե՝ «օրենքով գողեր» Գող Ալոյի եւ Արսեն Երեւանսկու գործերը քննած փոխգնդապետ քննիչին փոխահատուցել են գնդապետի կոչումով:
Ընդդիմության փողոցային պայքարը, կարծես թե, մարում է: Համենայնդեպս, ինչ 2021 թվականը սկսվել է, փողոցային պայքարը չի շարունակվում, ու «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ 17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ ու ջերմեռանդությամբ չեն հանդիպում միմյանց հետ, չեն քննարկում առաջիկա անելիքները, եւ ընդդիմության դաշտում այն նույն խուճապային ու անկումային տրամադրություններն են, ինչ իշխանությունների ներսում է: Մենք բազմիցս ենք հրապարակել, որ 17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադնելու գաղափարը, ու հատկապես նախօրեին՝ Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, ավելի է ամրացել քաղաքական լիդերների մոտ այդ տպավորությունը: Հասկանալի է միաժամանակ նաեւ, որ ընդդիմությունը այս պահին չի կարող ՀՀ վարչապետի իր թեկնածուին փոխել, քանի որ ստացվելու է, որ դեռեւս հաջողություն չունենալով՝ պարտվեցին, եւ Վազգեն Մանուկյանը, այնուամենայնիվ, չկարողացավ դառնալ միասնական թեկնածու: 17 կուսակցության լիդերներն էլ, իրենց օրակարգում ունենալով միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը՝ որպես նպատակ ու ծրագիր, որեւէ այլ մեսիջ հանրությանը չկարողացան այդպես էլ փոխանցել: Դեռեւս նոյեմբերի 9-ից համախմբված 17 կուսակցությունները՝ որպես միասնական ընդդիմություն, մինչեւ այսօր գեթ մեկ հաջողություն չի կարողացել գրանցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները լրջորեն պատրաստվում են արտահերթ ընտրությունների: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի, Գուրգեն Արսենյանի եւ մեկ-երկու այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ ու արդեն Սարգսյանին ու Արսենյանին առաջարկել է միասին մեկ դաշինքով գնալ ընտրությունների: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի այդ դաշինքում ներառել նաեւ «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանին, փորձ է արվում այդ դաշինքում ներառել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի Փաշինյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովվի, ու միասին գնան ընտրությունների: Սակայն այսօրվա դրությամբ միայն հայտնի է, որ Արամ Սարգսյանն ու Գուրգեն Արսենյանն են համաձայնել Փաշինյանի հետ դաշինք կազմել, մյուսների մասով դեռ քննարկումներ են ընթանում: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ուղիղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, արդեն սկսել է հանդիպում-քննարկումներ ունենալ իր կուսակիցների հետ նաեւ մարզերում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետն անձամբ չի մասնակցում այդ պրոցեսներին, ապագա ընտրությունների կազմակերպումը հանձնարարված է ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արայիկ Հարությունյանին, որին առաջիկայում կմիանա Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, Ռոմանոս Պետրոսյանը: