ԱՐԴԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն վերլուծությունում փորձ է արվում ուսումնասիրել ներկա ներքաղաքական իրավիճակը ձախակողմյանների տեսանկյունից: Ձախակողմյան ասելով` նկատի ունենք այն ուժերին, որոնք դավանում են ժամանակակից սոցիալ-դեմոկրատիզմի սկզբունքները, պաշտպանում ժողովրդի ապստամբելու իրավունքն այն պարագաներում, երբ բացակայում են խաղաղ ուղիները: Ընդսմին, վերլուծության մեթոդաբանական հիմք է ծառայում կենտրոնի կողմից մշակված` Հայաստանում քաղաքական գործընթացների ալիքային զարգացման հայեցակարգը, որի հիմնական հայեցակետերն են` առաջ ընկնումը, հետ սահումը, ծանրության նոր կենտրոնի ձեւավորումը:Առաջ ընկնումը:  2007թ. աշնանը նախընտրական քարոզարշավի շեմին մեծ քաղաքականություն վերադարձած Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացված քաղաքական հայտը չուներ պարզ` իշխանափոխություն հանուն իշխանափոխության բնույթ: Ընդհակառակն, հրապարակավ հնչեցվեց իշխանափոխություն հանուն սոցիալափոխության գաղափարը, որի բովանդակությունն էր օլիգարխիկ-կլանային համակարգի կազմաքանդումը, բռնիշխանության վերացումը եւ ժողովրդավար, իրավական, սոցիալական պետության կերտումը:Շնորհիվ դրա` տասնյակ հազարավոր հայաստանցիներ միաբանվեցին` ձերբազատվելով  քաղաքական ապատիայից: Ծնունդ առավ քաղաքացիական հասարակություն. հայաստանցին վերջապես գիտակցեց, որ ինքը քաղաքացի է, այսինքն` երկրի իրական տերը:Շատերին այն ժամանակ թվում էր, որ իշխանափոխություն հանուն սոցիալափոխության գաղափարի առաջադրումն այն տակտիկական պարզ քայլն է, որը կբերի, անկասկած, քաղաքական հաղթանակի: Սակայն հետագայում պարզվեց, որ երբ իշխանափոխության պահանջը զուգակցվում է սոցիալափոխության պահանջով, քաղաքական հաղթանակի հնարավորությունները կտրուկ նվազում են: Հիմնական թիրախ ընտրված օլիգարխիկ-կլանային համակարգը, որը հաճույքով կծառայեր նոր իշխանությանը, եթե չբարձրացվեր սոցիալափոխության խնդիրը, ղեկավարվելով ինքնապահպանման բնազդով, ոչ քաղաքական հարթությունում կասեցրեց օրինակարգ  իշխանափոխության  հանուն սոցիալափոխության փորձը:Իշխանափոխության պահանջին սոցիալափոխության պահանջի գումարումն առաջ ընկնումն էր, բայց ոչ թե պատրանքային ուտոպիայի իմաստով, այլ խորը գիտակցված քայլ էր, սառը հաշվարկած մարտահրավեր ապագային: Ժամանակավորապես կորցնելով քաղաքական հաղթանակը, որն իր հերթին դառնում էր ժամանակավոր եւ պայմանական առանց սոցիալափոխության, մենք ձեռք բերեցինք ամուր հենք ապագա մնայուն հաղթանակի համար` քաղաքացիական հասարակությունը` միաժամանակ չդավաճանելով սոցիալափոխության գաղափարին:Հետ սահումը: Եթե առաջ ընկնումն իրենից ներկայացնում էր փորձ իրագործելու իշխանափոխություն գումարած սոցիալափոխություն, ապա հետանցումը վերոհիշյալ փորձի ձախողումն է: Ձախողման արդյունքում արգելափակվեցին մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները, առաջացավ քաղբանտարկյալների ինստիտուտ, սոցիալական անարդարությունը հասավ իր գագաթնակետին: Սոցիալական բեւեռացումն ու աղքատությունը, միջազգային հանրության աճող դժգոհությունը Հայաստանում տիրող իրավիճակից, վերջին իրադարձություններն արաբական երկրներում եւ այդ ամենից բխող հնարավոր հետեւանքները` հուժկու համաժողովրդական ցասման ալիքի տեսքով, ստիպեցին օլիգարխիկ-կլանային համակարգին փոխել իր մարտավարությունը եւ համակերպվել իրողություն դարձած քաղաքացիական հասարակության եւ նրա քաղաքական ներկայացուցիչների հետ:Ծանրության նոր կենտրոնի ձեւավորումը: Իրավիճակի հնարավոր անկառավարելիությունը  եւ օլիգարխիկ-կլանային համակարգի փլուզման վտանգը ստիպեցին իշխանություններին տեղափոխել հակամարտությունն իր բուն տեղը` քաղաքական հարթակ. մասամբ վերականգնվեցին մարդու իրավունքներն ու ազատությունները, վերացվեց քաղբանտարկյալների ինստիտուտը, պաշտոնապես սկսվեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Այսպիսով` հաստատվեց ծանրության նոր կենտրոն, որն իր մեջ պարունակում է երկիշխանության զգալի էլեմենտներ:Ինչքա՞ն կգոյատեւի նորաստեղծ ծանրության կենտրոնը: Նկատի ունենալով այն հանգամանքը` ա. որ ընդդիմության կողմից պահանջվող արտահերթ նախագահական եւ խորհրդարանական  ընտրությունների անցկացման դեպքում տեղի է ունենալու իշխանափոխություն գումարած սոցիալափոխություն, այսինքն` օլիգարխիկ-կլանային համակարգը ոչնչանալու է,բ. որ զուտ իշխանափոխության, առանց սոցիալափոխության  դեպքում ոչնչանալու է ընդդիմությունը,գ. որ նոր ձեւավորված քաղաքացիական հասարակության պահանջը սոցիալափոխությունն է,դ. որ օլիգարխիկ-կլանային համակարգը, այդ ամենը պարզ գիտակցելով, ընդամենը որպես իմիտացիոն գործընթաց է դիտարկում երկխոսությունը` տեսնելով նրանում ժամանակ շահելու միջոց, կարելի է հանգել այն եզրակացությանը, որ նորաստեղծ ծանրության կենտրոնն արդեն իսկ քանդվել է գործող իշխանությունների մեղքով, որոնք իրենց սպասարկող ուժային մարմինների սադրիչ գործողությունների միջոցով տորպեդահարեցին երկխոսությունը: Իսկ ի՞նչ է գալու տեղը: Քանի որ սույն վերլուծությունը հայացք է ձախից, հեղափոխական, այլ ոչ թե լիբերալ դեմոկրատիայի տեսանկյունից, ապա նախընտրելի սցենարը կարելի է գտնել ԱՄՆ նախագահ Ա.Լինքոլնի հետեւյալ խոսքերում. «Երբ ժողովուրդը հոգնում է գործող իշխանությունից, նա կարող է օգտագործել իր սահմանադրական իրավունքը` բարելավելու այն, կամ էլ օգտագործել հեղափոխական իրավունքը` տապալելու այն»: Սահմանադրական իրավունքը մեզանում, ավա~ղ, արգելափակված է, մնում է միայն հեղափոխական իրավունքը:Եւ  չնայած, որ ՀԱԿ-ի առաջնորդը վերջերս բազմիցս հայտարարել էր, որ ինքը կողմնակից է էվոլյուցիոն, այլ ոչ թե ռեւոլյուցիոն ուղու, իմանալով նրա գերպատասխանատվության զգացումը` քիչ հավանական է, որ նա հետ կքաշվի եւ անտարբեր կմնա, թե ինչպես է ծայրահեղ ցասումով լի քաղաքացիական հասարակությունը կիրառում հեղափոխական իրավունքը: Ըստ ամենայնի, սա կլինի արդեն երեք տարի տեւող շախմատային պարտիայի վաղուց հաշվարկած մատային քայլը:Հաղթանակի ի՞նչ շանսեր ունի քաղաքացիական հասարակությունն ու նրա քաղաքական ներկայացուցիչը` ՀԱԿ-ը, հեղափոխական իրավունքի կիրառման դեպքում:Հեղափոխությունները չեն կատարվում որեւէ մեկի ցանկությամբ կամ թելադրանքով: Նրանք ծնունդ են առնում օբյեկտիվ սոցիալ-տնտեսական հակասություններից այն պահերին, երբ այդ հակասությունների կրիտիկական լարվածությունը ստանում է զանգվածային քաղաքական ցասման տեսք, եւ առաջանում է հեղափոխական իրավիճակ: Այդ առումով Հայաստանը պարարտ հող է հեղափոխության համար, քանի որ աղետալի սոցիալ-տնտեսական վիճակը, հայաթափումն  արդեն հանգեցրել են լայն զանգվածների կրքերի ծայրահեղ բորբոքման: Առկա է համազգային ճգնաժամ, որի պայմաններում զանգվածների ակտիվությունն օրեցօր աճում է եւ սպառնում դառնալ անկառավարելի: Այդ արդարացի համաժողովրդական ցասումը սնուցվում է նաեւ արաբական արեւելքից եկող հզոր պասիոնար (կրքոտության) էներգետիկ ալիքով, քանի որ կրքոտությունը, ըստ մեծանուն գիտնական Լ.Գումիլյովի, վարակիչ է եւ չի ճանաչում պետական սահմաններ:Սակայն անհանդուրժելի ճեղքվածքն ամենաէլեմենտար հիմնարար պահանջմունքների բավարարման սպասելիքի եւ իրական ողբերգական սոցիալ-տնտեսական վիճակի եւ զանգվածների դժգոհությունը դրանից դեռ բավարար պայման չեն հեղափոխություն ծնելու համար: Անմիջական պայթյունի համար հարկավոր են կատալիզատորներ` իրադարձություններ, որոնք արագացնում կամ մոտեցնում են հանգուցալուծում պահանջող, ծայրահեղ լարվածություն կրող հիմնախնդիրները: Ընդունենք, որ օլիգարխիկ-կլանային համակարգը գրեթե ամեն օր պարգեւում է մեզ նման շռայլ «նվերներ» իր կողմից գործած անօրինություններով: Կատալիզատորների  պակաս Հայաստանում չկա:Հեղափոխություն իրականացնելու համար մյուս կարեւոր պայմանը ցանց-կազմակերպության առկայությունն է, որը ծավալվում է երկրով մեկ եւ ղեկավարվում է մի կենտրոնից: Այսօրվա դրությամբ ՀԱԿ-ը համապատասխանում է այդ չափորոշիչին` ներառելով իր մեջ 18 կազմակերպություն եւ չափազանց դինամիկ երիտասարդական թեւ եւ ունի լրացուցիչ պոտենցիալ  կտրուկ ընդլայնելու իր ցանցն ու շարքերը:Հարկավ, ցանց-կազմակերպությունն ունենում է առաջնորդ, որպես կանոն` խարիզմատիկ: Զանգվածները  փնտրում են մարդու, որը կարող է ազդել կյանքի ընթացքի վրա, կապել իդեալականը եւ իրականը, անհնարինը եւ հնարավորը, շուռ տալ գոյություն ունեցող անարդար կամ անօրինական կարգը եւ հասցնել հասարակությանը բաղձալի նպատակի: Նույնիսկ հակառակ ճամբարի ներկայացուցիչներն ընդունում են, որ ՀԱԿ-ի առաջնորդը հենց այդ որակի քաղաքական գործիչ է:Խարիզմատիկ առաջնորդն իր հերթին պետք է ունենա հենարան` ձեւավորված քաղաքականապես արհեստավարժ ընտրանու տեսքով: Քաղաքական ղեկավարումն արդի փուլում այնքան բազմաուղղված եւ բազմագործառութային է, որ մի անձը միայնակ պրակտիկապես չի կարող իրականացնել այն: ՀԱԿ-ն այսօր գործնականում  ունի տարբեր գեներացիաների գործիչներ, որոնք հաջողությամբ իրականացնում են քաղաքական ղեկավարումը բոլոր մակարդակներում:Եւ վերջապես, արտաքին միջամտության գործոնի մասին, որը շատ անգամ որոշիչ դեր է ունենում հեղափոխության ճակատագրում: Քանի որ արդի աշխարհում գործում է փոխադարձ կապվածության օրենքը, եւ ներքաղաքական բախումները խախտում են համաշխարհային ուժերի դասավորությունը, այդ իսկ պատճառով առաջ է գալիս միջամտման հիմնահարցը:Այդ առումով ներկա պահին ստեղծվել է մի եզակի  իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներն ունեն համաձայնեցված մոտեցումներ մի շարք հարցերում, այդ թվում եւ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ, ինչը հուսադրում է, որ միջամտում բացասական իմաստով գոնե մոտակա ամիսներին չի նախատեսվում: Սույն հարցում ՀԱԿ-ը նույնպես շահեկան դիրքերում է:Այսպիսով` ամփոփելով նյութը` կարելի է արձանագրել, որ հայացքը ձախից ներքաղաքական իրավիճակին տեսանելի է դարձնում Հայաստանում ժողովրդավարության եւ սոցիալական արդարության հաղթանակն առավելապես հեղափոխական իրավունքի կիրառմամբ:ՍԴՀԿ վերլուծական կենտրոն




Լրահոս