ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԵՎ ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության ենթակայության տակ աշխատող անասնաբուժասանիտարիայի  եւ սննդամթերքի անվտանգության ՊՈԱԿ-ը հունիսից` որպես նոր ձեւավորված կառույց, սկսել է իր գործունեությունը: Սակայն խնդիրներն այս ոլորտում շատ են: Մարզի անասնաբույժներն  առաջին հերթին բարձրաձայնում են իրենց աշխատավարձերի հարցը, որը երկար նախապատմություն ունի: Մշտապես անասնաբույժները դժգոհել են իրենց ցածր աշխատավարձերից: Եւ սա դեռ հիմնական խնդիրը չէ: Յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձը ստանալու մասին նրանք երազել անգամ չեն կարող: 3-4 ամիսը մեկ անգամ են աշխատավարձ ակնկալում: «Վերջին անգամ մենք փող ստացել ենք հունիս ամսվա վերջին: Դրանից հետո մենք աշխատավարձ չենք ստացել: Ասում են` ոչինչ, համբերեք, կառույցը նոր է: 2001թ.-ից կառույցը փոփոխվում է, նոր ձեւեր, նոր մեթոդներ, նոր ղեկավարություն, բայց նույն վիճակը, նույն ցածր աշխատավարձը: 50.000 դրամ է, մի բան էլ հետ են պահում, եւ ես ստանում եմ 38.000 դրամ»,-դժգոհեց անասնաբույժ Ջեմմա Գրիգորյանը: «Միշտ էլ էդպես է, եռամսյակը մեկ կփոխանցեն, չորրորդ ամսի մեջ նոր կստանանք: Բայց եթե էս ձեւ շարունակվի, մեկը ես չեմ աշխատի, որովհետեւ մենք էլ մեր հոգսերն ունենք, ընտանիք պահել չենք կարողանում: Ինչքա՞ն կարելի է համբերել»,-հավելեց անասնաբույժ Համլետ Այվազյանը: Ցածր աշխատավարձն այն հիմնական խնդիրն է, որը խոչընդոտում է երիտասարդներին. մասնագիտության ընտրության հարցում նրանք գերադասում են հրաժարվել անասնաբույժ դառնալու մտքից: Մինչդեռ սերնդափոխությունը կարեւորագույն խնդիր է: «Նորավարտ մասնագետներն էստեղ չեն ուզում աշխատել: Նոր եկող կադրերը փախնում են: Անասնաբույժը նորմալ հարմարություններ չունի, դրա համար էլ չեն աշխատում»,-շեշտեց Բասեն համայնքի անասնաբույժ Մոսիկ Մովսիսյանը: «Հենց հիմա մարզի անասնաբույժները բրուցելյոզ են ստուգում: Մեկ բժիշկն ավելի քան 400  անասունի է ստուգման ենթարկում: Սա շատ դժվար աշխատանք է, ու փոխարենը ոչ մի նորմալ գնահատական: Անշնորհակալ աշխատանք է, չնայած ես իմ գործը շատ եմ սիրում, բայց ինչքա՞ն կարելի է»,-սա էլ Այգաբաց եւ Բայանդուր համայնքների անասնաբույժ Անի Սարգսյանի կարծիքն  է: Շիրակի մարզ վերջերս կատարած այցելության ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարին անասնաբույժները ներկայացրին իրենց խնդիրները: Պահանջեցին շուտափույթ լուծում տալ: Գյուղնախարարը խոստացավ, սակայն առայժմ ոլորտում որեւէ դրական փոփոխություն չի արձանագրվել: ՊՈԱԿ-ի ՇՄ կենտրոնի տնօրեն Սիմոն Պողոսյանն  իրենց բողոքի ձայնը բարձրացրած անասնաբույժներին դարձյալ հորդորեց համբերել մինչեւ հունվար ամիս: Նորանշանակ ղեկավարի խոսքերով` պատասխանատուները բարեփոխումներ են նախատեսում նոր տարում: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս