ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակում 30 օր վրան տեղադրելը հետևանք չի ունենում. ինչից է վախենում քաղաքային իշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի դեկտեմբերի 22-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչները վրան են տեղադրել Հանրապետության Հրապարակում եւ յուրաքանչյուր օր կուսակցություններից մեկը գիշերում է այնտեղ՝ շարունակելով պահանջել վարչապետի հրաժարականը: Այսինքն, արդեն 30 օր է ինչ Երեւանի հենց կենտրոնում վրան է տեղադրված եւ տեղի է ունենում ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Քաղաքային իշխանությունները անպատկերացնելի հանդուրժողականություն են ցուցաբերում այս երևույթի նկատմամբ այն դեպքում, երբ մարդիկ իրենց սրճարանների աթոռները սահմանված հատվածից հեռու են դնում, Երևանի քաղաքապետարանը անմիջապես տուգանում է կամ եթե քաղաքացին փորձի թեկուզ մի փայտ ուղղահայաց դիրքով տեղադրել իր խանութի դիմաց, անպայման կտուգանվի։

Ինչու 30 օր վրան տեղադրած ընդդիմադիրները չեն տուգանվում, արդյոք ունեն թույլտվություն՝ Հանրապետության հրապարակում վրան տեղադրելու համար։ ArmLur.am-ը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ փորձելով պարզել՝ ով է դիմել վրանի տեղադրման հարցով եւ որքան ժամանակով է թույլտվություն տրված: Երեւանի քաղաքապետարանը ArmLur.am-ի հարցին ընդհանուր է պատասխանել՝ առանց կենտրոնանալու հենց վրան տեղադրելու փաստի վրա: Մասնավորապես, քաղաքապետարանից հայտնեցին, որ 2020թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացի Աշոտ Սիմոնյանի, այնուհետև ՀՀ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից պարբերաբար քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն Հանրապետության հրապարակում շտապ հավաքներ կազմակերպելու վերաբերյալ: 2020թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 20-ը իրականացված հավաքները մինչև 100 մասնակից ունեցող հավաքներ են, որոնց մասին նույնպես քաղաքապետարանը տեղեկացվել է, իսկ մինչև 100 մասնակից ունեցող հավաքների դեպքում՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն իրազեկում ներկայացնել պարտադիր չէ», – հայտնում են քաղաքապետարանից: Այսինքն՝ վրան տեղադրելը քաղաքային իշխանությունները համարում են հավաք։

«Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի՝ շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը։

Այսպիսով, հավերժ արձակուրդում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ակնհայտ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում: Շարքային քաղաքացին, որ մայրաքաղաքի որևէ հատվածում անհամեմատ ավելի փոքր տարածք է զբաղեցնում ինքնակամ, խիստ պատժի է արժանանում, իսկ ընդդիմադիրները մի ողջ վրան են տեղադրում մայրաքաղաքի սրտում եւ ոչ մի վարչարարություն չի կիրառվում: Հետաքրքիր է՝ քաղաքապետ Մարությանը 17 կուսակցություններից կոնկրետ որն է ավելի գլխացավանք համարում, ումից է վախենում, ինչու եւ ինչքան ժամանակ այդ վախը պետք է մնա չհաղթահարված:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս