Հայաստանում կարանտինը 6 ամսով երկարաձգվել է, այն կգործի մինչեւ այս տարվա հուլիսի 11-ը։ Հիշեցնենք` նախորդ տարվա մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր, որը մի քանի անգամ երկարաձգվելուց հետո վերածվեց կարանտինային ռեժիմի։ Իսկ ինչ է ենթադրում կարանտինային ռեժիմը. կան սահմանված պարտադիր պահանջներ, որոնցից են. դիմակի կրումը, սոցիալական հեռավորություն պահպանելը՝ նվազագույնը 1.5 մետր եւ այլն:
Բայց այս կանոնները հիմնականում թղթի վրա են մնացել եւ շատ դեպքերում չեն կատարվում անգամ բուժհաստատություններից շատերում: Մասնավորապես լաբորատորիաները կան, որտեղ մարդիկ հենց կորոնավիրուսի թեստ են հանձնում, դարձել են վարակի տարածման աղբյուրներ: ArmLur.am-ը այս խնդրի շուրջ չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից։ Այս անգամ քաղաքացիներին զայրացրել է <ԷկոՍենս> լաբորատորիան։
Մեր նկարահանող խումբը եղավ լաբորատորիայում եւ պարզեց, որ լաբորատորիայում կորոնավիրուսի թեստ են հանձնում ինչպես հիվանդները, այնպես էլ՝ միանգամայն առողջ մարդիկ, որոնք պատրաստվում են մեկնել երկրից եւ անհրաժեշտ է որ ունենան վարակի բացասական թեստի պատասխան: Տեղում նկատեցինք, որ որեւէ տարանջատում չի արվում. Ուղղակի փաստաթուղթ ունենալու համար թեստ հանձնողների եւ իրական վարակակիրների միջեւ: Բոլոր մարդիկ իրար սերտ մոտիկ հերթ են կանգնած՝ ժամերով եւ ռեալ վտանգ է առաջանում, որ հենց լաորատորիան կարող է դառնալ վարակի տարածման աղբյուր:
ArmLur.am-ը եղավ «ԷկոՍենս»-ի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղ, եւ պետք է նկատենք, որ մեր այցելության պահին պացիենտների մեծ մասը դրսում էին կանգնած՝ ցրտին, ձյան տակ՝ հաճախ բարձր ջերմություն ունենալով։ Մեզ հաջողվեց նաեւ ներս մտնել, ներսում եւս բավականին խիտ էին կանգնած մարդիկ, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու: Բայց սա միակ խնդիրը չէ, որ արձանագրեցինք: Նկատեցինք նաեւ, որ շատ քաղաքացիներին զայրացրել էր այն հանգամանքը, որ ժամերով հերթ կարող են կանգնել, իսկ երբ մոտենան բուժքրոջը՝ նմուշառում հանձնելու, պարզվի, որ չեն կարող թեստ հանձնել, քանի որ մի քանի կում ջուր են խմել կամ ծխախոտ են ծխել եւ պետք է եւս 2-3 ժամ սպասեն, նորից վերադառնան՝ թեստ հանձնելու: Չկա որեւէ ցուցանակ, որտեղ հստակ գրված լինի, թե ինչ է անհրաժեշտ մարդուն՝ կորոնավարակի թեստ հանձնելու համար:
«Էկո Սենս» ախտորոշման կենտրոնի Նարեկ ներկայացած աշխատակիցն անդրադառնալով քաղաքացիների կողմից բարձրաձայնած դժգոհություններին, ասաց՝ քաղաքացիները դրսում են սպասում, քանի որ ըստ պարետի որոշման պետք է սոցիալական հեռավորություն պահեն, փակ շենքում չեն կարող սպասել մարդիկ։ Իսկ թռիչքների հետ կապված հարցին ի պատասխան կենտրոնի աշխատակիցն ասաց, որ իրենց մոտ չի տարանջատվում՝ մարդը թռնելու համար է հանձնում, թե եկել է հանձնի այլ պրոֆիլի կամ Covid-19-ի անալիզ։ Աշխատակցի խոսքերով, <ԷկոՍենս>-ը բժշկական ախտորոշիչ կենտրոն է, որտեղ մարդիկ գալիս իրենց հերթի կտրոնը վերցնում են եւ սպասում։ Թե ինչ պայմաններում են սպասում կարծես թե չի մտահոգում լաբորատորիայի տնօրինությանը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ պարետատունը որպես այդպիսին չի գործում, լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է։ Այս նախարարության աշխատակազմը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում ոլորտում։ Լուռ են նաեւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում եւ մարդիկ կորոնավարակի հետ պայքարում մնացել են միայնակ: Ու հարց է առաջանում, թե ինչ իմաստ ունի կարանտինային ռեժիմի գոյությունը, եթե այն ձեւական է եւ ըստ էության չի պահպանվում: Այնուամենայնիվ, ArmLur.am-ը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանից հետաքրքրվեց, ստուգայցեր իրականացնում են բուժհաստատություններում, թե ոչ։ Մեր հարցին ի պատասխան, Ավագյանն ասաց, որ օրական մոտավորապես 200 ստուգայց է լինում ամբողջ Հայաստանի տարածքով։ Պարզվում է՝ բուժհաստատությունները վարչական պատասխանատվության են ենթարկվում, անգամ արձանագրվել են դեպքեր, երբ տեսուչները երկրորդ անգամ են մտել տվյալ բուժհաստատություններ։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան