Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը շրջում է փողոցներում, տարբեր վայրերում է լինում, ու հանրությունն այն տեսակետին չէ, թե պետք է իշխանությունները հրաժարական ներկայացնեն: Ըստ Հակոբյանի` 17 կուսակցությունները, որոնք փողոցում նման պայքար են իրականացնում, կարող են իրենց առաջարկությունն ընդունել՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Մեր զրուցակցի կարծիքով՝ իրենք մի քանի անգամ են ապացուցել, որ ընտրություններն անցկացնում են առանց որեւէ կեղծիքի ու դա անելու են նորից:
-Պարո՛ն Հակոբյան, ընդդիմությունը փողոցում, մարզերում է շրջում ու պահանջում է իշխանությունների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի վերջո, ինչո՞ւ իշխանությունը հրաժարական չի տալիս եւ ելք չի փնտրում այս հարցին լուծում տալու համար:
-Իշխանությունը ելք առաջարկել է. դա հետեւյալն է եղել. այդ բոլոր 17 կամ 17 -1 կուսակցություններին որ եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը, ժողովրդի քվեն, քանի որ, ի վերջո, պետք է ժողովուրդը ձեւավորի իշխանություն՝ չնայած նրան, որ այդ ուժերից ոմանք ասում են, որ ժողովրդին մի մասին, եթե պետք լինի, պետք է զրկել ընտրելու իրավունքից: Բայց մենք չենք կիսում այդ տեսակետը, մենք պնդում ենք, որ ժողովուրդն իր բոլոր խավերով պետք է ձեւավորի իշխանություն, եւ ելքը դա է:
-Ըստ ընդդիմության՝ իշխանությունը կօգտագործի իշխանական լծակները եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունը կանցկացնի՝ ի օգուտ իրեն: Դա է պատճառը, որ իրենք առաջարկում են ընտրել նոր վարչապետ՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, որից հետո գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ի՞նչ կասեք:
-Իշխանությունը արդեն մի քանի անգամ ի ցույց է դրել իր պատրաստակամությունը անցկացնելու ազատ, արդար ընտրություններ՝ առանց կեղծիքների: Դրա վառ ապացույցն են 2018թ. ԱԺ ընտրությունները, ինչու չէ, նաեւ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ մենք պարտվեցինք: Մենք այսօր այն ուժն ենք, որը կարող է երաշխավորել ազատ, արդար ընտրություններ: Իսկ մնացած բոլոր ուժերը կամ ուժերից ոմանք մշտապես բոլոր ընտրություններին հանդես են եկել տարբեր, ասեմ, ընտրակաշառքներ կամ այլ շահագրգռող ինչ-որ բաներ, որ ամեն դեպքում ընտրությունները չեն անցկացվել ազատ եւ արդար:
Իսկ ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, ապա ես ուղղակի չարքիկ եմ համարում, որ մարդ, որ ժողովրդի մի մասին կարող է համարել անասուն, ժողովրդի մյուս մասին կարող է անվանել բոմժ, այդ մարդը որեւէ լծակ ունենա այս երկրում պարզապես չարիք եմ համարում: Եվ ցավում եմ այդ 16, 15 կուսակցությունների համար, որ նրանք ունեն այդպիսի առաջնորդ, որը ժողովրդի մի մասին կանվանի անասուն, իսկ մյուս մասին՝ բոմժ:
-Հիմա, ըստ ընդդիմության, դուք ժողովրդի հարգանքը չեք վայելում, բայց դուք չեք հրաժարվում, որպեսզի գա նոր վարչապետ, լինեն խորհրդարանական նոր ընտրություններ: Շրջե՞լ եք փողոցում, զրուցե՞լ եք քաղաքացիների հետ, արդյոք ունե՞ք այն հարգանքը, ինչը կար նախկինում:
-Իսկ եթե, այսպես կոչված, ընդդիմությունը արդյոք կարո՞ղ է երաշխավորել, թե որ թեկնածուի վարչապետության օրոք վստահորեն կարող են պնդել, որ կարող են անցկացնել ազատ, արդար ընտրություններ: Մենք արդեն մի քանի անգամ ի ցույց ենք դրել մեր պատրաստակամությունը եւ ապացուցել ենք ազատ ընտրություններ: Իսկ մնացած ամեն ինչը ուղղակի նրանց կասկածներն ու ենթադրություններն են: Շրջել եմ Երեւանի փողոցներում, խանութներում: Բնականաբար, տրամադրությունները շատ տարբեր են, բայց բազմաթիվ քաղաքացիներ մոտենում, ասում են՝ խնդրում ենք, հանկարծ մեզ մենակ չթողնեք: Քաղաքացիներ կան, որ ասում են՝ ունեք լեգիտիմության պակաս, բայց որեւէ դեպքում չզիջեք հրապարակի քաղաքական ուժերին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՓԱՍՏՈՐԵՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ՀԱՐՑԸ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ պատերազմի արդյունքում տուժած իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումների վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին, այն պատրաստվել է միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետների ու ադրբեջանցի իրավաբանների կողմից։ Բողոքում ներկայացված են փաստեր Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից ներկայացված գանգատում նշվում է, որ Հայաստանի կողմից նախկինում «օկուպացված» տարածքներում կան մեծ թվով ականներ, որ Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները հավասարեցված են հողին, եւ որ «անօրինական զինված ուժերի առկայության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են»։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 21-ին էր հոդված հրապարակել եւ ահազանգ հնչեցրել այն մասին, որ ադրբեջանական կողմը խոսում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որը Հայաստանի համար աստղաբաշխական թիվ է: Ավելին, Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ էր հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։ Ավելին, թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց, ու այդ նյութում Թուրքիայի դատախազությունը Հայաստանի հասցրած վնասները Ադրբեջանին գնահատել էր 820 մլն դոլար:
Ավելին, դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին: Եվ հիմա նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացրել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար, որն էլ նրանք արդեն պաշտոնապես կատարեցին:
Եվ ուշագրավ է, որ մինչ մամուլը եւ տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում էր, թե նման հայցի մասին խոսում է միայն Գեւորգ Կոստանյանը: Ավելին, Կիրակոսյանը նաեւ 2021-ին հունվարի 16-ին հայտարարեց, թե հայկական կողմը եւս պատրաստվում է ՄԻԵԴ դիմում ներկայացնել: Ստացվում է՝ մինչ հայկական կողմը պատրաստվում է այդպիսի դիմում ներկայացնել, ադրբեջանական կողմն արդեն մեկ քայլ առաջ է անցել եւ արդեն իսկ նման դիմում է ներկայացրել: Իսկ թե ինչու Ադրբեջանը կրկին առաջ անցավ, հայկական կողմն այդպես էլ չի կարողանում մեկնաբանել: Երեկ՝ ամբվողջ օրը, Կիրակոսյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչով է նա զբաված այս օրերին:
Այսպիսով, ինչպես պատերազմին էին պատրաստվում մեր երկրում հունիսից, երբ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր գրավոր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, այնպես էլ իրավական ու դիվանագիտական գործիչներն են պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանվել՝ դանդաղ, կիսաքայլերով ու շատ հաճախ ուշացած, որոնք անխուսափելիորեն էլի բերելու են պարտության:
Ն. Հ.
ԱՅԼ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների թեմային, հայտնել է. «Ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է եւ հենց նոյեմբերի 9-ի գիշերվա տեքստում եղել է, հետագայում քննարկվել է նաեւ տարբեր հեռախոսազրույցների ժամանակ: Այս հարցը քննարկվել է նաեւ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպեցին երեք երկրների ղեկավարները: Առաջին հերթին պետք էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկեր կազմեին այն մարդկանց, որոնք կորել են: Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամարդել է: Հայկական կողմից ցանկ միանգամից չի տրվել եւ տրվել է ոչ ամբողջությամբ: Հիմա գլխավոր հարց է մնում իրավիճակի հետեւանքը, որը եղավ դեկտեմբերին Հադրութում, եւ նրանք գերի ընկան հայտարարությունից հետո: Ադրբեջանական կողմը հայտարարել է՝ քանի որ նրանք հայտարարությունից հետո են գերի ընկել, ապա իրենց հարցը պետք է այլ կոնտեքստում քննարկել»: Վերջինս նշել է, թե պարբերաբար բարձրացնում են հարցը, որ այս թեման եւս պետք է փակել՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: «Մենք ցանկանում ենք, որ, բացի Կարմիր խաչից, այլ միջազգային կազմակերպություններ եւս առաքելություն իրականացնեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվել է հետագայում թողնել, այդ հարցով պետք է զբաղվեն նաեւ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այդ հարցը կարող է արագ լուծվել այն դեպքում, երբ կատարվեն այն հայտարարությունները, որոնք եղել են հայկական եւ ադրբեջանական կողմից»,-հավելել է նա:
ԹՈՔԱԲՈՐԲԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանում վիրուսային թոքաբորբի դեպքերի քանակն ավելացել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ միայն նախորդ տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 26 հազար 236 դեպք: Ի դեպ, միայն 16 հազար 6 դեպք արձանագրվել է կանանց մոտ, որից 1188 դեպքը՝ գյուղերի բնակիչների մոտ: Իսկ, ահա, չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերի քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 21 հազար 455: Միայն 2019 թվականի նոյեմբերի համեմատ՝ չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն ավելացել են 13 հազար 614-ով: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ միայն նախորդ տարվա մարտ, նոյեմբեր ամիսներին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բացահայտման նպատակով իրականացված թեստերի քանակը կազմել է 512 հազար 499, հաստատված դեպքերինը՝ 135 հազար 967, իսկ առողջացածների թվաքանակը` 110 հազար 385 մարդ: