ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՐՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաեւ Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ»,- հայտնում աղբյուրը։

 

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել համագործակցությունը եւ համակարգումը, նոր զինատեսակների դաշտային փորձարկումներ։

Զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը՝ ներառյալ հրաձգությունը ձյան հաստ շերտի եւ սաստիկ սառնամանիքի  պայմաններում, ձմեռային պայմաններում մարզումների կատարելագործումը եւ այլն։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաեւ գրոհներ, օդային հարձակման գործողություններ, նյութատեխնիկական աջակցություն:

Ըստ Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցի՝ առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։ Նկատենք՝ նախորդ անգամ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել օգոստոսին, որից մեկ ամիս անց էլ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա:  Ընդ որում, ադրբեջանաթուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմանական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցել էր դիրքային առավելություն: Զորավարժությունները տեւել են մինչեւ օգոստոսի 10-ը, դրանց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյաջնայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջեւանում: Իսկ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել  են օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում։  Եվ այդ զորավարժություններից հետո, ինչպես պարզ դարձավ, թուրքական սպառազինությունն ու ուժերը մնացել են Ադրբեջանում, եւ մեկ  ամիս անց էլ սկսվեց արցախյան պատերազմը:

Եվ, ահա, արցախյան պատերազմից երեք ամիս անց Թուրքիան ու Ադրբեջանը կրկին զորավարժություն են անցկացնում, այս անգամ արդեն՝ Կարսի մոտ, եւ ինչպես վկայում են թուրքական լրատվամիջոցները, այս զորավարժությունն ուժի ցուցադրում է Հայաստանին:  Ֆիքսենք՝ այս անգամ եւս դրանք տեւելու են տասը օր, ինչպես եւ եղավ ամռանը: Որքանո՞վ են այս անգամ զորավարժությունները վտանգ ներկայացնելու Հայաստանի համար, եւ ի՞նչ պետք է սպասել այս անգամ: Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Թուրքիան այսպես ցանկանում  է բարձր պահել իր քաղաքական դերակատարությունը, քանի որ արցախյան պատերազմով հույս են ունեցել գոնե խաղաղապահներ տեղակայել, որը կրկին չի կայացել: «Այս զորավարժությամբ փորձ է արվում ցույց տալ Թուրքիայի ազդեցությունը, որը Ադրբեջանի համար որոշիչ չէ: Ադրբեջանը հիմա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, եւ վերջինս կօգտվի դրանից: Թուրքիայի ղեկավարության մոտ մի փոքր հիասթափություն է առկա, եւ դա է նաեւ պատճառը, որ ռադիկալ իսլամիստները դեռ շարունակում են գտնվել Ղարաբաղի տարածքում», – նկատեց փորձագետը:

Ռուս ռազմական փորձագետը նկատեց, որ այն որոշումները, որոնք հիմա կայացվում են, արվում են առանց թուրքական կողմին հաշվի առնելու, եւ սա է ամենակարեւորը, որ Թուրքիան օտարված է այս գործընթացից: «Ռուս խաղաղապահների առկայությունը փաստացի բացառում է պատերազմի հավանականությունը: Ես չեմ հավատում մասշտաբային պատերազմի հավանականությանը, քանի որ ռուս խաղաղապահների վրա որեւէ գործողության պատասխանը կլինի այն, ինչ եղել էր մի ժամանակ: Բոլորն էլ հասկանում են, որ ռուսական կողմն առանց հետեւանք չի թողնի իր խաղաղապահների վրա հարձակումը: Որքան էլ նրանք փորձեն քարտեզներ փոխեն, միեւնույնն է, գլխավոր դերը ՌԴ-ինն է, եւ այդ պատճառով չեմ կարծում, որ զորավարժություններին ինչ-որ լուրջ բան կհաջորդի, միայն կարող է փոխվել հռետորաբանությունը», – նկատեց նա՝ հավելելով՝ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմը եւս մեկ ռազմական բազա ունենա:

Հավելենք, որ մինչ Հայաստանի թշնամիներ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժության են պատրաստվում, Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը զբաղված են իրենց օրակարգերով՝ չմտածելով, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

ՀՀ ազգային ժողովի նոր պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ցանկանում է երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չի տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ կառավարությունը ձեւավորել, չի սատարում ներկայում գործող որեւէ քաղաքական ուժի: Անդրադառնալով հարցին, թե ինչ քաղաքական օրակարգով է եկել խորհրդարան՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա: Կարծում եմ, որ հնարավոր չէ այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ լարված է իրավիճակը, եւ հնարավոր են քաղաքացիական բախումներ»,-ասել է նա: Վերջինիս խոսքով՝ անցումային կառավարության ձեւավորումն այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել: Սակայն Գրիգորյանը սխալ է համարում այն մոտեցումը, որ երբ անհատը ցանկանում է, որ իշխանությունը հեռանա, միանգամից նրան համարում են Վազգեն Մանուկյանի կողմնակից:

 

 

 

ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ազգային ժողովը քննարկել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաեւ դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության եւ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- ասել է նա:

 

 

 

ԱԶԱՏՈՒՄ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գագիկ Իսախանյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական նշանակելու մասին. տեղեկացնում է կառավարության կայքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Ավանեսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարար նշանակելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից:

 

 

 

ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անվտանգության միակ երաշխավորն են: Փորձագետը կարծում է, թե Թուրքիան կարող է շարունակել պրովակացիայի ենթարկել Ադրբեջանին, սակայն ընդգծում է՝ կողմերը հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել ռուս խաղաղապահների դեմ արված որեւէ քայլ: «Եթե խաղաղպաահների ուղղությամբ կրակոցներ լինեն, հեղինակները կպատժվեն: Հիշեք՝ ինչ եղավ 2008 թվականին Հարավային Օսեթիայում: Այստեղ բոլորը հիշում են այդ փորձը: Թուրքիան չկարողացավ իր խաղաղապահներին բերել Ղարաբաղ: Ստացվում է՝ հաղթեց Ռուսաստանը, իսկ պարտվեց Թուրքիան: Հենց այդպես էլ եղել է, հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանը, իսկ պարտվել՝ Թուրքիան: Ահա այս կոնֆլիկտի արդյունքը: Եկեք վերջակետ դնենք այստեղ»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ իհարկե, եթե առաջիկայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա սուր պատասխան կլինի ռուսական կողմից: Եվ նա որպես օրինակ բերեց դեռ 12 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցածը, երբ խաղաղապահների վրա հարձակում տեղի ունեցավ, եւ Մոսկվան դիմեց հատուկ միջոցների: Կոնովալովը տեսակետ արտահայտեց, թե հնարավոր են փոքր միջադեպեր, ինչպիսին եղել են մինչեւ այժմ, սակայն նաեւ կասկածում է, թե ինչ-որ մեկը կցանկանա պրովակացիայի դիմել ընդդեմ ՌԴ-ի, նաեւ Թուրքիան:

 

 

 

ՏՈՒԳԱՆՔ՝ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հարկային տեսուչի աշխատանքին խոչընդոտելու համար տուգանք կսահմանվի մինչեւ 500 հազար դրամի չափով: Այս մասին ԱԺ նիստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի   նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Տուգանքը կսահմանվի այն դեպքերում, երբ ձեռնարկությունների ղեկավարները եւ աշխատակիցները կամ տարբեր անհատներ կխոչընդոտեն հարկային տեսուչի օրինական ստուգումներին: «Գործող օրենսդրության համաձայն՝ տուգանքը նախատեսվում է միայն հարկային ստուգումների կատարման դեպքում: Այժմ այն տարածվում է նաեւ խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վերահսկողական միջոցառումների ընթացքում»,-պարզաբանել է ՊԵԿ նախագահը:

Առաջին նման խախտման համար տուգանքը կկազմի 250 հազար դրամ: Կրկնակի խախտման դեպքում այն կկրկնապատկվի մինչեւ 500 հազար դրամը:




Լրահոս