Ուշագրավ իրավիճակ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով քննության վարչությունում: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «օրենքով գողերի» գործը քննած կամ «գողերին» պատերազմ հայտարարած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Ասել է թե՝ «գողերի» դեմ պայքար տանելու կամ նրանց դեմ դուրս գալու «դուխ ունենալու» համար քննիչներին ոգեւորում են՝ նրանց կոչում տալով: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա գնդապետը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու մասով հարուցված քրեական գործը: Գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունից այս գործը տեղափոխվել էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն նախաքննության ավարտ է հայտարարվել: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով նախաքննական մարմինը 10-ից ավելի անձանց է որպես մեղադրյալ ներգրավել:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գող», Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել եւս 8 անձինք:
Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Գնդապետի կոչումը գնդապետ Մարգարյանը նաեւ ստացել է Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործով: Մասնավորապես, պարզվել էր, որ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ «զոն նայող» հանդիսացող քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր: Այս գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով քննության վարչությունում, եւ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Ասել է թե՝ «օրենքով գողեր» Գող Ալոյի եւ Արսեն Երեւանսկու գործերով կռիվ տվող փոխգնդապետ ՀԿԳՎ քննիչին փոխհատուցել են գնդապետի կոչումով:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ ՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին, լինելով զինծառայող, մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա եւ հարազատների միջեւ, ուրիշի գույքին տիրանալու նպատակով, ձեռք բերելով Հրազդանի բնակչուհու վստահությունը, վերջինիս հայտնել է, թե, իբր, ծառայում է Զինված ուժերում, ծանոթներ ունի եւ զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով: Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում վիրավորված, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2020թ. նոյեմբերի վերջերին իրականությունը խեղաթյուրելով՝ 41-ամյա տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է եւ հայտնվել գերության մեջ: Որդու բուժման եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով 2020թ. նոյեմբերի 29-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.500.000 ՀՀ դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
ԼՀԿ-Ն ԴԵՄ Է
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նշանակի վարչապետը, առաջարկում է այդ լիազորությունը վերապահել խորհրդարանին: Այս մասին ասել է խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ նիստում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:
«Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ մեր քաղաքական ուժը երկու սկզբունքային դիրքորոշում է ունեցել: Առաջինը վերաբերել է մոդելին, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարմին պետք է դա լինի՝ ունիվերսալ, թե տարանջատված: Մենք պնդել ենք ունիվերսալ մոդելը, սակայն կառավարությունը եւ «Իմ քայլը» ընտրել է տարանջատված մոդելը»,-ասել է Ա. Սամսոնյանը:
Պատգամավորը մարմնի գործունեության հաջողության գլխավոր նախապայման համարեց այն, թե ինչպես է ձեւավորվում մարմինը, եւ ինչպես է ընտրվում այդ մարմնի ղեկավարը: «Հիմա ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին մի նախագիծ, որի տնօրեն նշանակելու է վարչապետը: Սա մեզ համար պարզապես անընդունելի է»,- ասել է նա: Վերջինիս խոսքով՝ նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը, որի հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին նշանակել է վարչապետը: «Կարճ ժամանակահատվածում այն կուսակցականացվել է եւ դարձել է գործադիրի գործիքը: Իսկ երբ որեւէ մարմին դառնում է գործադիրի գործիքը, աշխատում է քաղաքական ընդդիմախոսների դեմ»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով՝ որպեսզի իրենց քաղաքական ուժի մոտ տպավորություն չստեղծվի, որ այդ մարմինը ստեղծվում է քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար, իրենք առաջարկում են, որ մեխանիզմը փոխվի: «Մենք կարող ենք հետաձգել մարմնի ընտրությունը, բայց կարող ենք ստեղծել այնպիսի մարմին, որի ղեկավարին կընտրի Ազգային ժողովը: Սա է լինելու այդ մարմնի անկախության միակ երաշխիքը, մնացած բոլոր մեխանիզմները սկիզբ են դնելու դեռ չստեղծված մարմնի անհաջողությանը, եւ վստահությունը չենք ունենալու»,-ասել է նա:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ իր ելույթում նշել է. «Եթե քաղաքական իշխանությունը ցանկանա նշանակել իր համար հարմար թեկնածուի կոմիտեի նախագահի պաշտոնում, կարծում եմ՝ ԱԺ-ում բոլոր հարցերը քվեարկությամբ եմ լուծվում, որտեղ բոլորին պարզ է, թե ում է պատկանում քաղաքական մեծամասնությունը»:
ՍԻԳ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի եւ ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները Սեւանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածում հերթական շրջայցն են կատարել Մասիս, Արտաշատ, Վեդի եւ Արարատ քաղաքներում. արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 40 հատ, ընդհանուր 20 կգ քաշով սիգ տեսակի ձուկ: