«Պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց:
Գերիների վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակն անելը ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները եւ միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնեւի 1949թ. երրորդ կոնվենցիան:
Ուստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որեւէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պատերազմական գործողություններով պայմանավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Սկզբունքային կարեւորության հարց է այն, որ 64 հայ զինծառայող գերիների վերադարձը ձգձգվում է՝ իրավական գործընթացների չարաշահմամբ, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ներկայացնելով իբրեւ ահաբեկիչներ ու կալանքի ձեւով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանում արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, չեն հայտնում գերիների իրական թիվը: Սա նույնպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին հակասում է, այն ոտնահարում է առաջին հերթին նրանց ընտանիքների անդամների իրավունքները:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ 44 գերիների վերադարձին:
Այս ամենը գերիների ընտանիքներին պատճառում է հոգեկան տառապանքներ, առաջացնում է լարվածություն հայ հասարակությունում:
Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում հայատյացության համատեքստում, որը խրախուսում են երկրի իշխանություններն ու նույնիսկ մշակութային գործիչները (ուղարկվել է նաեւ այս հարցին նվիրված ու ապացույցների հիման վրա կազմված արտահերթ զեկույց)։
Ուստի հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մարդասիրական մանդատները եւ դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ու այն, որ մեր հայրենակիցները գերեվարվել են Ացրախում (Լեռնային Ղարաբաղում)՝ համանախագահների ուշադրությունը նամակով հրավիրվել է նշված ու մյուս բոլոր խնդիրների վրա՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը բացառելու հրատապ անհրաժեշտության հարց։
Տեղյակ եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես այս հարցն անընդհատ բարձրացնում է, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, այդուհանդերձ, նկատի ունենալով հարցի հրատապությունն ու սկզբունքային կարեւորությունը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հրամայականով՝ ինքս նույնպես որոշեցի դիմել՝ ներկայացնելով ինքնուրույն դիտարկումների ու բողոքների քննության այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանի կառավարությունից անկախ գործող պաշտոնատար անձ, ով օժտված է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական մանդատով»,- գրել է Թաթոյանը:
ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԶԻՆԵԼ
Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. այս մասին հայտարարել է անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ պատգամավորի՝ առաջիկայում պատրաստվում է ներկայացնել համապատասխան օրինագիծ, որը կնախատեսի սահմանամերձ տարածքների բնակիչներին մարտական զենքի տրամադրման հնարավորություն: Նրա խոսքով՝ բնակիչները պարտավոր են անցնել համապատասխան մարտական պատրաստություն, որպեսզի ինքնապաշտպանություն կազմակերպելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կարողանան նվազագույնը գոնե հոգեբանորեն հաղթահարել ներկայումս առաջացող լարված իրավիճակը: «Քանի դեռ մենք սահմանների խնդիր ունենք, քաղաքացիները, հատկապես՝ սահմաններին ապրողները, իրենց անպաշտպան են զգում»,-նշել է Ս. Բագրատյանը:
ԿՊԱՐԶԵՑՎԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պարզեցնել շինարարությունում աշխատանքային միգրանտներին ներգրավելու գործընթացը: «Դիտարկել ՌԴ քաղաքացի չհանդիսացող, այդ թվում ԱՊՀ երկրներից աշխատողների ներգրավման կարգի պարզեցումը շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման համար»,- ասվում է Պուտինի հանձարարականում: Նշվում է, որ աշխատանքները պետք է անցկացվեն կանխարգելիչ բոլոր միջոցառումների պահպանմամբ, որպեսզի չթույլատրվի կորոնավիրուսի տարածումը: Հանձնարարության կատարման ժամկետը մարտի 1-ն է:
ՄԱՍՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Ասկերանի շրջանի Նորագյուղ եւ Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի եւ մուտքի մասնակի սահմանափակումներ։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու եւ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր եւ տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։
ՔԱՎՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ
Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը 2019թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առերեւույթ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս քրեական գործով մինչ այժմ դատավարություն չի կայացել։ Վ. Ղալումյանի հրաժարականից հետո վարչապետ Նիկոլի Փաշինյանի կողմից 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։
Վերջինս մինչեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը «Հայէկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենն էր։ Հայկ Ղալումյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր է, վերջերս էլ ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականից առ այսօր չի հաջողվում Իջեւան խոշորացվող համայնքում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։ Մինչեւ կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները հետաձգվեցին, որի պատճառը Իջեւանում ծառահատումների դեմ իրականացված բողոքի զանգվածային ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր, ինչը կասկածի տակ էր դնում Հայկ Ղալումյանի՝ համայնքի ղեկավար ընտրվելը։
2020թ. մարտի 14-ին նշանակված ընտրությունները հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով, ընտրությունների օր նշանակվեց 2020թ. նոյեմբերի 5-ը։ Այժմ էլ կառավարությունը, պայմանավորված Հայաստանում տիրող ռազմական դրությամբ, հերթական անգամ հետաձգել է Իջեւան խոշարացվող համայնքում ընտրությունների անցկացումը։ Տավուշի մարզում, բացի Իջեւանից, բոլոր տարածաշրջաններում համայնքները խոշորացված են, առկա են խոշորացված Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները։ Իջեւան խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնելու Իջեւան քաղաքային համայնքը եւ 17 գյուղական համայնք՝ Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ