ՄԱՐՏԻ 20-ԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԳԱՆՁՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին զգուշացնում է՝ 2021 թվականի մարտի 20-ից կգանձվեն մինչեւ 1.5 միլիոն դրամ պարտավորությունները։ Արտակարգ դրության ժամանակ դադարեցված գանձման աշխատանքները կոմիտեն կվերսկսի մարտի 20-ից։ Պետական եկամուտների կոմիտեն, համավարակի տարածմամբ պայմանավորված, դեռեւս 2020 թվականի ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին՝ արտակարգ դրության ժամանակ եւ դրանից հետո անորոշ ժամկետով չի իրականացնելու մինչեւ 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման իր հայեցողական լիազորությունը, քանի որ այդ շրջանում արգելվել էր մի շարք տնտեսական գործունեության տեսակների իրականացումը: Տեղեկացվել էր նաեւ, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչեւ 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման վերաբերյալ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

2020 թվականի սեպտեմբերի 11-ից ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Արտակարգ դրության ընթացքում մաս-մաս, իսկ դրա ավարտից հետո՝ ամբողջությամբ վերացել են տնտեսական գործունեությունների իրականացման սահմանափակումները։ Չնայած դրան՝ Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով խոստմանը, 2020թ. ապրիլի 27-ից ի վեր չի ձեռնարկել 1,5 միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների հարկադիր գանձման միջոցներ։ Այսինքն՝ չեն կայացվել այդ պարտավորությունների վերաբերյալ գանձման որոշումներ եւ չեն ներկայացվել հարկադիր կատարման ծառայություն, որի պարագայում պետք է արգելադրվեին հարկ վճարողների դրամական միջոցները եւ գույքը, որից հետո միջոցներ ձեռնարկվեին դրանց վրա բռնագանձում տարածելու համար։

Ներկայումս առկա են տարբեր ժամանակաշրջաններում առաջացած, 1,5 միլիոն դրամը չգերազանցող շուրջ 44.000 պարտավորություններ։ Դրանք վերաբերվում են շուրջ 27.400 հարկ վճարողների, այդ պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4,9 մլրդ դրամ։

Նկատի ունենալով, որ բազմաթիվ հարկ վճարողներ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կամովին չեն կատարում իրենց պարտավորությունները, եւ հաշվի առնելով հարկային պարտավորությունների հավաքագրման կարեւորագույն հանրային նշանակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 20-ից վերսկսվելու են մինչեւ 1.5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները:

Մասնավորապես՝ չվճարված պարտավորությունների առկայության դեպքում, եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200 հազար դրամը, կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի երկու ամսից ավելի, ՊԵԿ-ի կողմից կհարուցվեն չվճարված պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, կկայացվեն համապատասխան որոշումներ, եւ դրանց հարկադիր կատարման ուղղությամբ կիրականացվեն օրենքով սահմանված համապատասխան գործողություններ:

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել եւ իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:

 

 

 

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ

Արցախում պետությունը մինչեւ 80 հազար դրամի չափով փոխհատուցելու է բնակարանների եւ բնակելի տների վարձավճարները: Փոխհատուցվող վարձավճարի չափը մասնավորապես Ստեփանակերտում կազմում է՝ 1 սենյակի դեպքում՝ 40 հազար դրամ, այնուհետեւ, ըստ սենյակների թվի, փոխհատուցումն աճում է 10-հազարական դրամով: Արցախի շրջաններում գտնվող բնակարանների դեպքում պետությունը փոխհատուցում է 1 սենյակի համար 30 հազար դրամի չափով: Մեկից ավելի սենյակների դեպքում վարձավճարի փոխհատուցման չափն աճում է 10-հազարական դրամով: «Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետեւանքով դարձել է ոչ պիտանի: Նշենք, որ Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների՝ 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն ե՛ւ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ Արցախում՝ «Հայփոստ»-ի եւ «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։

 

 

 

 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164676 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 624153, վերջին մեկ օրում` 842 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7885 պացիենտ. մեկ օրում նվազել է 208-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 153064 անձ, վերջին մեկ օրում՝ 292 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 2998 է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս