Նոյ Թեւոնյանը կամ, ինչպես նրան դիմում էին ծառայակիցները, Ռազվետկի պոնչը ծառայել է Մատաղիսում։ Պատերազմի առաջին իսկ օրից խիզախորեն կռվել է թշնամու դեմ։ Ցուցաբերելով զինվորին վայել խիզախություն՝ վարել է խելացի մարտավարություն եւ հերթական առաջադրանքը կատարելիս ընկերների հետ միասին դուրս է բերել 10 զինվորի դժվարին իրավիճակից: Մերօրյա հերոսը խիզախորեն մինչեւ վերջին շունչը կռվեց հանուն հայրենիքի եւ անմահացավ հանուն մեզ եւ մեր ապագա սերնդի, վաղվա ազատ օրվա համար:
ArmLur.am-ը այցելել է զոհված Նոյի բնակարան, զրուցել է նրա հերոսածին մոր, քույրիկի եւ զինակից ընկերների հետ:
Նոյի հերոսածին մայրը՝ Գայանե Թեւոնյանը, մեզ հետ զրույցում պատմել է մերօրյա հերոսի լուսավոր եւ վառ կերպարի մասին։
«Նոյս ծնվեց 2001թ. սեպտեմբերի 19-ին արեւածագի հետ միասին, երեւի դրանից էր, որ այդքան լուսավոր եւ պայծառ հոգի ուներ։ Նա շատ ակտիվ էր, շատ աշխույժ երեխա էր. երբ իր հետ որեւէ մի տեղ էինք գնում, ինձ միշտ ասում էին՝ այս երեխան կարծես այտեղից չլինի։ Նոյիս մեջ կար այդ ուժը, կորովը, պաշտպանելու, պատասխանատվության զգացումը։ 2006 թվականին, երբ դեռ 5 տարեկան էր, ինձ ասաց. «Մա՛մ, ես ուզում եմ պապայի զինգրքույկի նման ինձ էլ գրքույկ պատրաստես, որ ես էլ պաշտպանեմ ձեզ»։ Կարծում եմ՝ դա նրանից էր, որ երբ հայրը երկրից դուրս էր գնում էր, ասում էր. «Նո՛յ ջան, հիմա տան տղամարդը դու ես»։ Գրքույկը պատրաստելուց հետո ասացի. «Ի՞նչ գրեմ, Նո՛յ ջան»: Ասաց. «Գրի՛ր, որ ծառայում եմ հետախուզությունում, եւ տակն էլ նշի՛ր վերջնաժամկետը մինչեւ 2020 թվականը»։ Չգիտեմ՝ դա նախախնամություն է, թե ճակատագրի չար կատակ, բայց դա գրվել է շատ վաղուց, իսկ գրքույկը գտանք իր զոհվելուց հետո… Նոյս շատ սիրված էր իր շրջապատում, ուներ շատ ընկերներ։ Ծառայում էր Մատաղիսում, մականունը Ռազվետկի պոնչը էր, եւ շատ էր ուրախանում, որ իրեն այդպես են դիմում։ Երբ իր ընկորջը դուրս էր հանել պայթող մեքենայից, այդ տղային դրել է ծնկների վրա եւ լաց է եղել 18-ամյա ընկերոջ կորստյան համար. երբ ընկերներն ասել էին՝ դու հերոս ես, ասել էր՝ ի՞նչ հերոս, 18 տարեկան երեխեն ձեռքերիս վրա մահացավ, ի՞նչ հերոս… Ընկերները պատմում են, որ այնքան քաջ էր, որ եթե տարիքը չիմանային, կմտածեինք, թե մի քանի պատերազմի է մասնակցել։ Երբ զոհվեց, մեր դռան դիմաց երկու խատուտիկ ծաղկեց ձմեռվա կեսին եւ ծաղկած մնացին մինչեւ քառասունք, քառասունքից հետո իր հետ միասին թռան երկինք»,- արցունքներն աչքերին, բայց հերոսի մոր կոչմամբ պատմում է տիկին Գայանեն։
Իսկ Նոյի զինակից ընկեր Կարեն Ղազարյանը Նոյին բնութագրելիս բառեր չի գտնում, միայն նշում է, որ Նոյի նման տղաներ այսօր շատ քիչ կան։
«Նոյն այնպես ուժ ուներ, այնպես հաստատակամ բնավորություն։ Նա հասկանում էր ամեն ինչից, լավ տիրապետում էր տեխնիկային, կարողանում էր շուտ կողմնորոշվել, ճիշտ մարտավարություն մշակել, եւ որի շնորհիվ էլ հակառակորդին կարողանում էինք մեծ վնասներ պատճառել»,-ընդգծում է մեր զրուցակիցը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՀԱՐԻՆ ԽՈՐԸ ՎՇՏԻ ՄԵՋ Է»
36-ամյա արքայազն Հարին ծանր է տանում իր հետ տեղի ունեցած դրաման։ 39-ամյա Մեգան Մարքլի ամուսինը վաղուց չի կարողանում տեսնվել տատիկի, եղբոր եւ մյուս հարազատների հետ:
Լրագրող Թոմ Բրեդբին պատմել է, թե ինչպես է իրեն զգում արքայադուստր Դիանայի կրտսեր որդին «Մեգզիթից» եւ դրան հաջորդած Ամերիկա տեղափոխվելուց հետո: Այժմ Սասեքսի դուքսերն ապրում են Մոնտեսիտոյի շքեղ առանձնատանը, որը նրանք ձեռք են բերել հիփոթեքով։ Արդեն գրեթե մեկ տարի է՝ կորոնավիրուսի պանդեմիայի եւ փակ սահմանների պատճառով արքայազն Հարին չի տեսել իր հարազատներին, որոնք մնացել են օվկիանոսի այն կողմում:
Թոմ Բրեդբին ծանոթացել է արքայազն Հարիի հետ, երբ նա դեռահաս էր։ Հենց Թոմն է դարձել 2019 թվականին Մեգանի եւ նրա ամուսնու՝ Աֆրիկայում ճանապարհորդության մասին ֆիլմի հեղինակը։ ITV հեռուստաալիքի հետ հարցազրույցում տղամարդը կիսվել է արքայազնի նոր կյանքի մասին անսպասելի տեղեկատվությամբ։ Թոմը բացահայտել է, թե ինչպես է մեկուսացման մեջ իրեն զգում բրիտանական թագուհու թոռը։ «Արքայազն Հարին խորը վշտի մեջ է, նրա սիրտը կոտրված է», – հայտարարել է Բրեդբին՝ խոսելով իր ընկերոջ եւ նրա ընտանիքի անդամների միջեւ լարված հարաբերությունների մասին:
Ընդ որում, նա չի թաքցնում, որ ամուսինները երջանիկ են Ամերիկայում։ «Նրանք այժմ համեմատաբար ավելի լավ են։ Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել հսկայական քանակությամբ իրադարձություններ, որոնց մասին ես չեմ կարող եւ չեմ ուզում խոսել։ Հավատացնում եմ ձեզ՝ շատ բաներ, որոնք արդեն ասվել են ինչ-որ մեկի կողմից, հստակ չեն ու սխալ են», – վստահեցրել է Թոմը։ Նա ընդգծել է, որ Հարին եւ Մեգանը գոհ են իրենց կյանքից, բայց դա չի մեղմացնում արքայազնի ողջ ցավը հարազատների համար, որոնցից նա բաժանվել է:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, սասեկսկու դուքսի ընկերը հիշեցրել է, որ 2020 թվականը բարդ տարի էր երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց համար: Նա նշել է, որ արքայազն Ուիլյամը նույնպես ծանր է ընկնում եղբոր հետ կոնֆլիկտի պատճառով։ Այս տարի Մեգանը եւ Հարին մտադիր են վերադառնալ Մեծ Բրիտանիա: Աղբյուրները ենթադրում են, որ զույգը կհայտնվի Եղիսաբեթ II-ի 95-ամյակի տոնակատարության ժամանակ, եթե, իհարկե, այդ պլաններին չխանգարի կորոնավիրուսը:
ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽԵԼ
Միլանի «Ինտերը» մտադիր է մարտին փոխել ակումբի անվանումն ու տարբերանշանը: Ակումբը Inter Milano-ից կանվանափոխվի Football Club Internazionale Milano, որպեսզի ընդգծվի ակումբի ու քաղաքի միջեւ ժառանգությունը: Տարբերանշանը նույնպես կփոխվի եւ կլինի I ու M տառերի շուրջ: Նշվում է նաեւ, որ առաջիկայում «Ինտերում» սպասվում են մեծ փոփոխություններ: Բրիտանական միջազգային ներդրումային կազմակերպություններից մեկը բանակցություններ է վարում «Ինտերի» բաժնետոմսերի մի մասը ձեռք բերելու հարցով, իսկ ակումբի համազգեստի պատմական հովանավոր Pirelli-ին կփոխարինի այլ ընկերություն, որի հետ կկնքվի տարեկան 30 միլիոն եվրոյի պայմանագիր:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին» եւ 40 միավորով հավասարվել առաջատար «Միլանին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: