Դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով: Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, քանի որ ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են, թե չեն ցանկանում Փաշինյանի հետ գնալ ընտրությունների, եւ նա պետք է հրաժարական տա: Արտահերթ ընտրությունների տարբերակներ են քննարկվում նաեւ կուլիսներում, եւ իշխանությունը կանգնած է լուրջ խնդրի առջեւ: Բանն այն է, որ իրենք որքան էլ ցանկանան արտահերթ ընտրություններ անցկացնել, դրա համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, գործընթացներ, որոնք լի են խոչընդոտներով: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: 132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ պետք է ընտրվի 66 կողմ ձայնով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծես համակարծիք չէ այդ տարբերակի հետ եւ իշխանական գործիչների հետ տարբեր զրույցների ժամանակ հայտարարել է, որ երբ Փաշինյանը հրաժարական տա, ինքն առաջադրելու է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Վերջինս նաեւ բանակցությունների մեջ է ԲՀԿ-ի հետ, իսկ հայտնի է, որ խորհրդարանական երկրորդ ուժը վարչապետի թեկնածու առաջադրելու մասով հավակնություններ չունի, հետեւաբար խորհրդարանում մնում է առաջադրվող միակ թեկնածու Մարուքյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ պատգամավորներից մեկն էլ նման հավակնություններ ունի, իսկ սա նշանակում է, որ խորհրդարանի լուծարման իրավական գործընթացը հագեցված է խոչընդոտներով: Ու դատելով այս իրավիճակից՝ կարծես թե Նիկոլ Փաշինյանը հակված է հերթական ընտրությունների գնալու: Ամեն դեպքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ակտիվ հանդիպումներ կազմակերպելու հրահանգ տվել է՝ շոշափելու քաղաքացիների տրամադրությունները, այնուամենայնիվ, ընտրությունների կոնկրետ ժամկետ դեռ չի շտապում ասել։
Երեկ Դավիթ Գալստյանը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մականունով, որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Իսկ ո՞վ է Դավիթ Գալստյանը, ու ի՞նչ տեղեկություններ են շրջանառվում նրա մասին: Հայաստանի բանակի զենքի գնումների 95%-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով: Ու դա եղել է թե՛ նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին, թե՛ ներկայիս: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ Դավիթ Գալստյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակեցին իրենց մտերիմ հարաբերությունները, ու այդ ոլորտի մենաշնորհը պահպանվեց։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդեն նախկին իշխանությունների եւ Դավիթ Գալստյանի հետ կապող օղակը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, որի հետ խաչքավոր է: Ու երբ դեռեւս 2018 հունիսին Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերվել էր խոշոր չափերի գումար՝ հայտնի ճամպրուկով, ըստ լուրերի՝ քավոր Պատրոն Դավոն է նրան փրկել՝ հայտարարելով, թե այդ գումարներն իրեն են պատկանում: Հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Նշենք նաեւ, որ Դավիթ Գալստյանը տարիներ առաջ կառուցել է Երեւանում գտնվող «Յանս» ռեստորանային համալիրը, ու լուրեր կան, որ այն փաստացի նվիրել է Վաչագան Ղազարյանին:
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավոր Սամվել Գրիգորյանի, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցի եւ դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն Աժ-ի կողից գործընթացը տեղի չի ունեցել. այն ընդգրկված է հունվարի 18-ից մեկնարկած նիստերի օրակարգում: Իսկ ովքե՞ր են թեկնածուները. ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը ԲԴԽ ժամանակավոր անդամ է նշանակվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, քանի որ իմքայլակնները այդպես էլ չկարողացան թեկնածու գտնել: Եթե Արմեն Հայկյանցը չընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր, նա կվերադառնա իր դասախոսական գործունեությանը, իսկ ԲԴԽ անդամի տեղը էլի թափուր կմնա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու հանգամանքից, ԲԴԽ գիտնական անդամի տեղը թափուր է մնում, եւ քաղաքական իշխանությունները որոշել են ԲԴԽ տանել ՀՔԾ պետ Սասուն Խաչտրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է:
ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ այն չի գործում, եւ սա այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունել են կլիմայի փոփոխության նոր` Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում` ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը եւս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը` պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում։ Ավելին, «Կանաչ կիլմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլլարի չափով: Ավելին, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականից։ Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում նաեւ պարտավորվել է անտառապատ տարածքներն ավելացնել մինչեւ 265 հազար հեկտարով: Մինչեւ 2030 թվականը պետք է երկրները ներկայացնեն, թե վերցրած պարտավորություններից որքանն են իրականացրել: Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը՝ ցույց կտա ժամանակը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի չգործելու պատճառը ՀՀ կառավարության կազմի եւ կառուցվածքի փոփոխությունն է: Առաջիկայում խորհրդի կազմը կձեւավորվի, որի նախագահի իրավասությունը կվերապահվի ՀՀ փոխվարչապետին։ Չմոռանանք՝ առաջիկայում արտահերթ ընտրություններ են, եւ փոփոխություններն անխուսափելի են։