ԱՎԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ, ԾԵԾՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ, NOKIAN ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մուսուլմանը ծեծել է ոստիկանին, երբ վերջինս պահանջել է նրա կնոջից հանել դեմքն ամբողջությամբ ծածկող փարանջան: Ի պատասխան` կնոջ ամուսինը հարձակվել է ոստիկաններից մեկի վրա` նրան հասցնելով մարմնական վնասվածքներ, իսկ մյուսներին սպառնացել է սպանել, եթե նրանք բռնի ստիպեն իր կնոջը բացել դեմքը: Մուսուլման տղամարդը ձերբակալվել է. նրա դեմ մեղադրանք կառաջադրվի, իսկ կինը ստիպված կլինի 137,5 եվրո տուգանք վճարել փարանջա կրելու համար: Մինչ մուսուլմանական զույգը կմտածի, թե որտեղից գումար հայթայթի, որ տուգանքը վճարի, Հյուսիսային Կորեայում մարդիկ սովամահ են լինում, իսկ երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրը տարեկան մինչեւ 200 հազար դոլար է ծախսում իր շներին կերակրելու համար: Կիմ Չեն Իրի ընտանիքի շքեղ կյանքը շարունակվում է, չնայած Հյուսիսային Կորեայի քաղաքացիների կյանքի պայմանների վատթարացմանը: Հյուսիսային Կորեայում սովից տառապում է շուրջ 6 մլն մարդ: Հայտնի է, որ Կիմ Չեն Իրն իրեն նաեւ այլ շռայլություններ է թույլ տալիս: Անցյալ տարի երկիր է ներմուծվել շուրջ 600 շիշ թանկարժեք ֆրանսիական գինի, որը սպառվել է իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների երեկույթներում: Երեւի թե շուն կերակրելով կամ այլ շռայլություններով է տարված նաեւ բուլղարական քաղաքներից մեկի ղեկավարը, քանի որ  երկրում որոշում է կայացվել Մարկո անունով ավանակին առաջադրել քաղաքներից մեկի ղեկավարի պաշտոնում: Այս որոշումը կայացվել է որպես բողոքի նշան ներկայիս քաղաքապետ Կիրիլ Յորդանովի կողմից պարտականությունները վատ կատարելու դեմ: Ավանակի քարոզարշավի պատասխանատու Անգել Դյանկովն ասել է, որ Մարկոն պինդ բնավորություն ունի, չի գողանում, չի խաբում եւ իր գործն էլ անում է: Բացի այդ, քարոզարշավի նպատակն է ցույց տալ, որ Մարկոյի կյանքը դժվարացել է, քանի որ վերացվում են կանաչ տարածքները: Իսկ հանրահայտ հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունն էլ ո՛չ հասարակական կարգն է խախտել, ո՛չ շներ է կերակրում եւ ո՛չ էլ այլ շռայլություններ իրեն թույլ տալիս, պարզապես տնտեսական  ճգնաժամը թակել է ընկերության դուրռը, եւ ընկերությունը կրճատում է 3500 աշխատատեղ: Ընկերությունից հայտնել են, որ տարվա վերջում Ռումինիայի գործարանը կփակվի: Բացի այդ, քննարկվում է նաեւ Ֆինլանդիայում, Հունգարիայում եւ Մեքսիկայում ձեռնարկությունները փակելու տարբերակը: Nokia-ն պատրաստվում է կենտրոնացնել իր արտադրությունը Բեռլինում, Բոստոնում եւ Չիկագոյում կոմերցիոն գործողությունների վրա: Ընկերությունից փաստում են, որ այս քայլով նրանք փորձում են շուկայում առավել պահանջված դառնալ: Նշենք, որ  Nokia-ում աշխատում էր շուրջ 140 հազար մարդ: ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս