Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց եւ հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը, որով կառավարությունը բանկից պատրաստվում է 7․4 մլն դոլարի չափով նոր վարկ վերցնել:
Նախարարն իր խոսքում նշեց, որ այդ գումարը հատկացվելու է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցմանն ու արդիականացմանը։ Այստեղ հետաքրքիր է, որ վարկը երկրորդ անգամ է վերցվում, քանի որ նախորդ անգամ այդ միջոցներն այլ նպատակով էին ծախսվել: Մասնավորապես, ՀՀ Կառավարությունը Մարտունու ԲԿ-ի համար նախատեսված գումարը՝ 3 մլն դոլարը, վերաբաշխվել էր COVID-19-ին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն դոլարի դեֆիցիտ՝ Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Եվ հիմա կրկին գումար է անհրաժեշտ:
Իհարկե, կառավարությունը պարզաբանում է, թե այդ գումարները կորոնավիրուսի դեմ պայքարելու համար են օգտագործվել, սակայն նոր վարկ վերցնելը խոսում է նաեւ անարդյունավետ ծախսերի մասին, քանի որ այս գումարը կարելի էր ձեռք բերել այլ միջոցներով՝ այլ ոչ թե վարկ վերցնել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից: Եվ հետաքրքիր է, որ չնայած Արցախյան պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին, ստացվում է՝ Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում:
Անգամ 8 մլրդ դրամ են հատկացնում Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար: Այսինքն, նոր մարմինը, որը պետք է զբաղվի կոռուպցիոն գործերի բացահայտմամբ, արժենալու է 8 մլրդ դրամ։ Եվ սա միակ օրինակը չէ. սակայն այս իրավիճակում գումարները պետք է ուղղվեին Արցախում անօթեւան մնացած քաղաքացիների կարիքները հոգալուն, ինչպես նաեւ ավելի օպտիմալ եւ խնայողաբար դրանք ծախսելուն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.