Հունվարի 25-ին տեղի կունենա Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ընդդիմադիր խմբակցություններինն է, սակայն նախորդ տարի նրանք չէին հասցրել իրականացնել այն, քանի որ սեպտեմբերի 27-ից Արցախում պատերազմ սկսվեց:
Եվ ահա արդեն այս նստաշրջանում ընդդիմադիր խմբակցություններն ամեն դեպքում որոշեցին նման նախաձեռնությամբ հանդես գալ: Հանձնաժողովի նախագահը Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է, փոխնախագահն էլ՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը: Այն կունենա հետևյալ կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ):
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165 հազար 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք: Այս ընթացքում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունները ծախսել են մոտ 50 միլիոն դոլար կամ 26 միլիարդ 491 միլիոն դրամ, որից շուրջ 25 միլիարդը պետբյուջեից է հատկացվել, մնացածը հանգանակության գումարներն են, որոնք փոխանցվել են Ֆինանսների նախարարության՝ Covid-ի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։
Covid 19-ի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկվելու են, թե ինչպես է կառավարությունը կանխել համավարակի տարածումը, որքանով է արդյունավետ եղել բուժումը, արդյոք ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ համավարակի հետևանքները մեղմելու համար։ Քննարկվելու է նաև արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության հարցը։ Ընդդիմադիրների որակմամբ, ընդդիմադիրները տապալել են այս գործընթացը, սակայն իշխանությունն այլ տեսակետ ունի: Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են առաջինը հանձնաժողով հրավիրել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին:
Ն.Հ.