Ընդդիմադիր խմբակցությունները մերժում են իշխանություններին. հուշագիր չեն ստորագրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվում են արտահերթ ընտրությունների շուրջ հուշագիր ստորագրել իշխանությունների հետ: Երեկ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հանդես եկել նման առաջարկությամբ: Փոխվարչապետը ընդդիմադիրներին առաջարկեց հուշագիր ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

«Պետք չէ արտահերթ ընտրությունները կապել ինչ-որ հուշագրի և նախապայմանների: Ես կարծում եմ, որ եթե դուք վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր վստահության վրա, պետք չեն այդ հուշագրերը: Հուսով եմ` մենք հասկանում ենք` ինչ հուշագրի մասին է խոսքը, և դուք վտանգ չպետք է զգաք: Հակառակ պարագայում եթե դուք վտանգ եք զգում, որ վտանգը չեզոքացնելու համար պետք է այդ հուշագիրը, շատ ավելի կասկածի տակ է ձեր ղեկավարումը երկրում», – ի պատասխան, սակայն, նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին պատգամավորներն ավելի մանրամասն անդրադարձան փոխվարչապետի առաջարկին՝ կրկին մերժելով այն: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտում է, որ իրենց պահանջը Փաշինյանի հրաժարականն է՝ առանց նախապայմանների: «Մենք մեր կարծիքը նաև 17-ի շրջանակներում չենք փոխել, որ առանց նախապայմանների պետք է լինի այդ հրաժարականը։ Պառլամենտը պետք է շանս ունենա ընտրի նոր վարչապետ, որը կկայունացնի որոշ ժամանակ իրավիճակը՝ մինչև մեկ տարի, և այդ պարագայում արդեն մենք կգնանք ընտրությունների։ Գնալը էս վիճակում նոր ընտրությունների մեկ-երկու ամիս հետո հղի է լրջագույն վտանգներով», – հայտարարեց Մելքումյանը։

Իսկ Իշխանությունների առաջարկած հուշագրի բովանդակությունն այն է, որ ընդդիմադիրները պարտավորվեն վարչապետի հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրել։ Բանն այն է, որ գործող Ազգային ժողովի արձակման և արտահերթ ընտրությունների միայն մեկ տարբերակ կա․ եթե վարչապետ Փաշինյանը հրաժարական տա և խորհրդարանն երկու անգամ չընտրի վարչապետ։  Սակայն խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ վարչապետի իրենց թեկնածուներն ունեն և այս փուլում ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ անցումային կառավարության անհրաժեշտություն են տեսնում։

Հավելենք, որ «Հայրենիքի փրկության շարժմանը» միացած ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Իսկ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։

Ն.Հ.




Լրահոս