Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ. կարևորվել է ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։

«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար: Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ:

Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրեց հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։

Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորեցին ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ»:




Լրահոս