ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին Անդրանիկի փողոցում սպանության դեպքը: Վերոնշյալ օրը կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր Ջրվեժի բնակիչ Գուժ Մխիթարյանը, որի սպանության գործով իրավապահները փնտրում էին ենթադրյալ հանցագործ Անդրանիկ Ներսիսյանին, որին ավելի ուշ հայտնաբերեցին եւ մեղադրանք առաջադրեցին, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք բերած եւ պահած հրազեն հանդիսացող ատրճանակով, շատերի կյանքի համար վտանգավոր եդանակով, խուլիգանական դրդումներով Գուժ Մխիթարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից:

 

Այսպիսով, ի՞նչ է եղել վերոնշյալ օրը Անդրանիկի փողոցում, ինչո՞ւ էին մի խումբ տղաներ գնացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան:

Անդրանիկ   Ներսիսյանը, Գուժ Մխիթարյանը եւ քննությամբ չպարզված այլ անձինք 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունում գտնվող քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող կամ կալանքի տակ գտնվող, ինքնությունը չպարզված անձի որոշակի գումար վերադարձնելու պահանջի շուրջ ծագած հարցերի պարզաբանման նպատակով հանդիպել են Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 130, 132, 134, 136 եւ 138 բազմաբնակարան բնակելի շենքերով շրջապատված բակում, որտեղ Անդրանիկ Ներսիսյանը, մեջքով կանգնելու չնչին առիթն օգտագործելով, բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական մղումներով, մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսեւորելով, հակաօրինական արարքի միջոցով իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, անտեսելով տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի, բանուկ տարածքի, ինչպես նաեւ տվյալ պահին տարածքում գտնվող շուրջ 20 անձանց առկայությունը, այդկերպ վտանգի տակ դնելով նաեւ շրջապատում գտնվող շատերի կյանքը եւ առողջությունը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք բերած եւ իր մոտ ապօրինի կերպով պահվող, հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ակոսափող զենքով արձակել է կրակահերթ, 4 կրակոց է արձակել մարդկանց բազմության մեջ զտնվող Գուժ Մխիթարյանի ուղղությամբ: Դրանից մեկը դիպել եւ կոտրել է Անդրանիկի փողոցի 138-րդ շենքի 5-րդ հարկում զտնվող 46-րդ բնակարանի եվրոպական արտադրության պատուհանի ապակու աոաջին շերտը եւ ընկել ապակու աոաջին եւ երկրորդ շերտերի արանքում, իսկ մյուսները Գուժ Մխիթարյանին է դիպել, որի հետեւանքով վերջինս որովայնի առաջային մակերեսին՝ ձախից, ձախ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսին, ձախ ազդրի վերին երրորդականի ներսային մակերեսին, ձախ նստատեղի վերին դրսային քառակուսու շրջանին ստացել է մարմնական վնասվածքներ եւ հեմոռագիկ, տրավմատիկ շոկից որովայնի զույգ ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ ստանալու հետեւանքով մահացել է:

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ՊՆ-Ի ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Չնայած իշխանությունները խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, իսկ ընդդիմությունն էլ պահանջում է իշխանությունների հրաժարականը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 18-ին, նոր որոշում էր ստորագրել, որով հանձնարարում է սկսել 2022 թվականի բյուջետային գործընթաց: Եվ, ըստ ժամանակացույցի, ՀՀ կառավարությունը մինչեւ հունիսի 17-ը պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը ներկայացնի Ազգային ժողով, որից հետո պետք է մշտական հանձնաժողովներում տեղի ունենան դրանց քննարկումները: Այսինքն՝ վեց ամիս անց այդ նախագիծը պետք է պատրաստ լինի:

Նկատենք՝ յուրաքանչյուր տարի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ են տեղի ունենում, կրճատվում կամ ավելանում են այս կամ այն գերատեսչության ծախսերը: Օրինակ՝ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ համեմատ՝ 2021 թվականի պետական բյուջեում կրճատվել են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության բյուջեները, իսկ դրան զուգահեռ աճել են արդեն Պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները: Նկատենք՝ ամենից շատ կրճատվել են Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները՝ 7.2 տոկոսով:

Մասնավորապես, եթե այս տարվա պետական բյուջեով նախարարությանը հատկացված էր 14.1 մլրդ դրամ, ապա նախորդ տարվա բյուջեով այդ գումարը կազմում էր 15.2 մլրդ դրամ: Իսկ ամենաքիչն էլ կրճատվել է Ոստիկանության ֆինանսավորումը՝ 0.9 տոկոսով, եւ այս տարվա բյուջեով հատկացվել է 64.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 65.2 մլրդ դրամի փոխարեն: Իսկ, ահա, Պաշտպանության նախարարության բյուջեն աճել է 1.4 տոկոսով, եւ այս տարի Պաշտպանության նախարարությունը ստացել է 311.6 մլրդ դրամ՝ ի տարբերություն 2020 թվականի, երբ հատկացված էր 307.2 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշված է 2021 թվականի պետական բյուջեի ուղերձում, 2017-2020թթ. պետական բյուջեի ընդամենը ծախսերում գերակայել են սոցիալական բնույթի ծախսերը (կրթություն, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն եւ այլն) միջինում 44%, պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության՝ միջինում 26%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների՝ միջինում 20%, տնտեսական ոլորտի՝ միջինում 10% ֆինանսավորումը։ Այս միտումը կշարունակվի նաեւ 2021 թվականին։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ն՝ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելացրել է արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարվել է 2 855 մահացած զինծառայողների եւ եւս 50 անհետ կորածների մասին: Ի սկզբանե հայտարարվել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 783 մահացած զինծառայողների մասին։  Ադրբեջանը չի ներկայացնում իր կորուստների իրական թիվը, որը զգալի գերակշռում է պաշտոնապես հրապարակված տվյալները:

 

 

 

7 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (771.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 479.900 ՀՀ դրամ:

 

 

 

ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2020թ. դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:  «Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողների մոտ դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 2 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 19 դեպք: Իսկ 2019 թվականի արդյունքներով՝ 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 18 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 2 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 16 դեպք: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից»,-տեղեկացրել է ՊԵԿ-ը:

 




Լրահոս