Պետական պատվերի շրջանակում կատարվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների 9 960 վիրահատական բուժում, գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման եւ մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագրի մեկնարկից առ այսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ:
2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում, եւ տարվա ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:
2019 թվականի փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման եւ մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առայսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ:
2019 թվականի ընթացքում մարզերի եւ Երեւանի շուրջ 15.000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները, բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայության: Հունիսից այս խմբին են միացել շտապ օգնության եւ արյան փոխներարկման մարզային կայանների բուժաշխատողները, ընդհանուր առմամբ 610 շահառու:
Շտապ բժշկական օգնության համակարգի պատրաստվածության, արձագանքման արագության, հասանելիության եւ բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման նպատակով 2019 թվականի հունիսին ավելացել է «Շտապ բժշկական օգնության ծրագրի» ֆինանսավորումը (500 մլն դրամով), որից 250 մլն դրամը հատկացվել է մարզային թվով 14 բժշկական կենտրոններին մեկական բրիգադ ավելացնելու նպատակով, իսկ 250 մլն դրամ` Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին գծային բրիգադների թիվը 15-ով ավելացնելու համար: 2021 թվականին, 2020թ.-ի համեմատ, շտապ օգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով:
2019 թվականի հուլիսից մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` մի շարք նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչեւ 7 տարեկանները: Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 243215 դեպք:
Ծրագիրը 2020 թվականի հունվարի 1-ին ընդլայնվել է. մինչեւ 18 տարեկան երեխաների համար անվճար են դարձել նաեւ ախտորոշման ճշտման նպատակով հիվանդանոցներում իրականացվող խորհրդատվությունները եւ հետազոտությունները` բժշկի ուղեգրմամբ: Այսպիսով, ծրագրի շնորհիվ զգալիորեն բարձրացել է երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիությունը:
2019-ի հոկտեմբերից ընդլայնվել են պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: Փոփոխությունից հետո պետական պատվերի շրջանակներում կատարվել է 4340 վիրահատություն:
2019 թվականի հունվարից, իսկ հուլիսից ընդլայնվելով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։
ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում եւ դիրքային գոտիներում շարունակվում են իրականացվել փրկարար-որոնողական աշխատանքներ: Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան/Ջաբրաիլ/ եւ Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում: Հայտնաբերվել է եւս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական անձի: Վերջինիս ինքնությունը պարզ է. նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքից: Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:
Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ԹՎԵՐ
Հայաստանում հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164912 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 626377, վերջին մեկ օրում` 2224 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7671 պացիենտ. մեկ օրում նվազել է 214-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 153500 անձ, վերջին մեկ օրում՝ 436 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3007 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 734 է:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2240 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 551 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Խորհրդարանն ընդունել է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխել երաշխավորության ինստիտուտը: Նախագծով սահմանվում է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն: Այսինքն՝ երաշխավորի նկատմամբ պահանջը կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայանելուց հետո, եւ երկրորդ՝ նրա գույքի նկատմամբ բռնագանձում կարող է իրականացվել միայն հիմնական պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելուց հետո: Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով, եւ միաժամանակ առկա են մի քանի պայմաններ: Նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը: Ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն նաեւ, եթե երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից, երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն, նաեւ եթե երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը: