ՈՐՈ՞ՆՔ ԵՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹՐԵՆԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ յուրաքանչյուր նոր սեզոն նշվում է նորաձեւության ոլորտում նոր միտումներով, կարեւոր է սովորել, թե ինչպես ճիշտ կերպով համատեղել հագուստի տարրերը, լրացնել դրանք պարագաներով: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է դիզայներ Արայիկ Գաբաջյանի  հետ

 

-Արայի՛կ, այս տարի ո՞ր գույներն են նորաձեւ։

-2021 թվականին շատ նորաձեւ են մանուշակագույնի եւ մոխրագույնի սառը երանգները: Շատ հաճախ հանդիպում ենք այս երկուսը միախառնված  ավելի  ծխի շղարշի տեսքով, նորաձեւ է նաեւ «սալատվին»՝ ամենավառից մինչեւ ամենապասիվ երանգը, մանուշակագույնի եւ  վարդագույնի  խառնուրդը: Նորաձեւ է նաեւ գոլ կապույտը, որը իր մեջ  պարունակում է մի փոքր կանացի երանգ, մուգ կարմիրը, ընդհուպ մինչեւ  «բորդովի» երանգները:

-Ձմեռային նորաձեւությունը ի՞նչ տենդենցներ է թելադրում, ի՞նչ նոր միտումներ եք նկատում:

-Այս սեզոնը  իրականում շատ խառն էր: Այս ձմռանը նորաձեւ են երկար, մինչեւ հատակ հասնող մուշտակները՝ ե՛ւ բնական, ե՛ւ արհեստական  մորթուց: Նորաձեւ է պրինտով ներկայացված արհեստական մորթիները՝ ե՛ւ կարճ, ե՛ւ երկար բաճկոնները, այս առումով շատ նորաձեւ էին դուտի, ավելի «պլաշովկա» գործվածքները՝ տձեւ ձեւվածքով, բայց  շատ մեծ օձիքով, ուստի սրանից  պետք է գանք այն եզրակացության, որ վերնահագուստի  առումով  նախընտրելի են ավելի թեթեւ, ոչ  դասական մոդելները, սակայն կարված խիստ դասական մոտիվներով:

-Ի՞նչ տաբատներ եւ բլուզներ խորհուրդ կտաք կրել: Ո՞ր գործվածքներն են նորաձեւ լինելու:

-Տաբատներից  նորաձեւ են սպորտային ֆորմատի, սակայն ավելի casual գործվածքներից կարվածները, բլուզների առումով որպես ամենօրյա հագուստ դեռ գերակշռում են հուդդիները, oversize  բլուզները, իսկ գործվածքներից այս տարվա համար մնում են arganzan եւ կաշին:

-Իսկ ինչպիսի՞ կոշիկներ, կիսաճտքավոր կոշիկներ են նորաձեւ, ի՞նչ ոճի եւ ի՞նչ ձեւի:

-Կոշիկներից նորաձեւություն են ներխուժել քառակուսի քթով  «բասանոշկաները» եւ «լոդչկաները», որը  նորաձեւթյուն թափանցելու համար 3 տարի պայքարեց, միայն 2020 թվականին համարվեց  նորաձեւ եւ այս տարի եւս  իր դիրքերը չի զիջում: Նորաձեւ են նաեւ  traktor տակով կոպիտ, առաջին հայացքից ծանր եւ անհարմար կիսաճտքավոր կոշիկները:

-Իսկ զարդերի կամ այլ աքսեսուարների մասին ի՞նչ դիտարկումներ կարող եք անել:

-Այս տարի շատ նորաձեւ են գոտիներն ու կորսետները, որոնք դարձել են հիմնական «լուքի» ամենակարեւոր մասերից  մեկը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԴԵՐԱՍԱՆ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Կյանքից 68 տարեկանում հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Պետական երաժշտական կամերային թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:

 

Նա նշեց, որ Վիգեն Ստեփանյանը մի քանի օր է՝ հիվանդանոցում էր: «Ստեփանյանին հիվանդանոց էին տեղափոխել ուղեղի կաթվածի պատճառով: Բժիշկները մեզ ասել էին, որ նրա վիճակը շատ ծանր է»,- հայտնեց Առաքելյանն ու հավելեց, որ Վիգեն Ստեփանյանը  վերջին շրջանում ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել:

«Մեկ շաբաթ առաջ ենք հանդիպել, զրուցել: Նա շատ մտահոգ էր, կոտրված: Վիգեն Ստեփանյանը լուսավոր մարդ էր ու բացառիկ մտավորական»,-շեշտեց թատրոնի տնօրենը:

Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչեւ 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, եւ մինչեւ 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին, որպես հրավիրված դերասան եւ բեմադրիչ, աշխատել է տարբեր թատրոններում։

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում եւ տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երեւան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել եւ բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ եւ մեկ լիամետրաժ ֆիլմ։

 

 

 

ԵԹԵ ՊԱՐՏՎԻ, ԿԱՎԱՐՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Գեղարդ Մուսասին հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ մենամարտն անցկացնելուն: «Եթե ես պարտվեմ, կավարտեմ կարիերաս… Ես չեմ կատակում: Ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել»,- Հոլանդիայում բնակվող 35-ամյա հայ մարտիկի խոսքը մեջբերում է Bellator-ի մամուլի ծառայությունը: Մուսասին նաեւ հետեւյալ գրառումն է կատարել սոցցանցերում. «Ես պատրաստ եմ վերադառնալուն: Ասեք ինձ անուն: Ժամանակն է շարժվել միջին քաշային կարգում»: Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվեց Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

 

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է «ՏՈԲՈԼԻՑ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Տոբոլից»: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է, եւ նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Արման Հովհաննիսյանը «Տոբոլին» միացել էր 2020 թվականի սկզբնամասում: Ղազախստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել է ընդամենը 3 խաղի: Նշենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանն այս օրերին մարզվում են Երեւանի ԲԿՄԱ-ի հետ, որպեսզի մարզավիճակ պահպանեն: 25-ամյա Ավետիսյանի պայմանագիրը եւս ավարտվել է «Տոբոլի» հետ: Նա դեռ սպասում է ղազախական ակումբի որոշմանը: Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը:

 

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՌԵԱԼ»

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: 28-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2021-ի հունիսին: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 11 միլիոն եվրո: Դավիդ Ալաբայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նա «Ռեալին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Ավստրիացին արդեն բուժզննում է անցել «Ռեալի» բժշկի ներկայությամբ: Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա 13 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:

 




Լրահոս