ԱՐԱԳ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեպատերազմական իրավիճակում հանրության լայն շերտերի մոտ թեեւ կա ձեւավորված հստակ կարծիք, որ գործող իշխանությունը անկարող է այլեւս կառավարել երկիրը ու պետք է օր առաջ հեռանա, սակայն իշխանությունը մշտապես հակառակն է պնդում՝ հայտարարելով, թե իրենք արդյունավետ կառավարիչներ են ու պետք է երկիրը հետցնցումներից դուրս բերեն միայն իրենք: Իսկ ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը: Մի թարմ օրինակով կարելի է հասկանալ իրավիճակը. 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության առաջարկով Ազգային ժողովը 89 կողմ քվեով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն՝ բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը, որով հիմնադրամի համար նախկին հազար դրամի փոխարեն 3000-ից 15 հազար դրամ է գանձվում՝ կախված աշխատողի աշխատավարձի չափից: Այսինքն՝ արտահերթ ռեժիմով հետպատերազմական իրավիճակում իսկապես կարեւորագույն նախագծերից մեկը ընդունվեց: Բայց մեկ ամիս չանցած՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Արտակ Մանուկյանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են նվազեցնել գանձվող գումարների չափը՝ սկսելով այն 2 հազար դրամից:  Ստացվում է՝ դեռ մեկ ամիս էլ չի անցել արտահերթ ռեժիմով ընդունված փոփոխությունից, հիմա նոր նախագիծ է ներկայացվում: Իսկ ինչո՞ւ փոփոխությունը հենց տարեվերջին չառաջարկվեց, չներառվեց նախագծում. նախագծի հեղինակները բացատրում են, թե օրենքով իրենք հնարավորություն չունեին առաջարկներ ներկայացնելու, քանի որ կառավարարության նախագիծն արտահերթ նիստերի ընթացքում է ընդունվել։ Այսինքն՝ շտապողականության արդյունքում ոչ այնքան արդար օրենք է ընդունվել, հիմա առաջարվում է փոխել կառավարության կողմից ներկայացված նախագիծը: Ու այսքանից հետո իշխանությունները խոսում են արդյունավետ կառավարման, երկիրն այս վիճակից դուրս բերելու մասին, մինչդեռ իրականում տարրական կազմակերպչական հարցերում հաճախ չեն կարողանում կողմնորոշվել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեսուրսի եւ ժամանակի անտեղի վատնում։ Երբ հարցը վերաբերում է զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելուն, ապա պետք էր ավելի ուշադիր լինել ու փորձ անել ներկայացնել ավելի ամբողջական եւ կատարյալ նախագիծ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռեւս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում նախարարությունում դժգոհություններ են եղել փոխնախարար Նարինե Խաչատուրյանից (Թուխիկյան): Բանն այն է, որ Խաչատուրյանը համակարգում էր մշակութային ոլորտը, ու այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չէր իրականացվում: Նշենք, որ երեկ անակնկալ հայտնի դարձավ, որ Նարինե Թուխիկյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ պատերազմի ավարտից հետո էլ Թուխիկյանը եղել է այն անձանցից ,որ իր դժգոհությունն է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուխիկյանի կատարած աշխատանքից նախարարությունում դժգոհություն է առաջացել նաեւ նոր նախարարի նշականումից հետո, ինչի համար էլ նրան ազատել են աշխատանքից: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը՝ որոշելով գործադիրում իր աշխատանքն իրականացնել: Նշենք, որ Թուխիկյանը նաեւ իր օրենսդիր լինելու ժամանակահատվածում աչքի չի ընկել իր կատարած աշխատանքով, կրկին նույն անկնկալ ձեւով հայտարարվեց, որ Թուխիկյանը օրենսդիրից գործադիր է տեղափոխվում: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Նարինե Թուխիկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

 

 

 

Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Ավելին, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավարը նախատեսում է առաջին հնարավորության դեպքում այցելել տարածք եւ իր աչքերով տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում: «Առաջին հնարավորության դեպքում նախատեսում եմ այցելել տարածք, քանի որ համաճարակային պայմաններն այս պահին դա թույլ չեն տալիս: Ես իմ պարտքն եմ համարում պարզել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ», – նշեց նա: Եվրախորհրդարանի պատգամավորի համար եւս կարեւոր հարց է հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի հարցը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դեռեւս ամբողջությամբ չի իրականացվել, եւ ադրբեջանական կողմում կան հայ ռազմագերիներ, որոնց վերջինս փորձ է անում ներկայացնել որպես հանցագործներ, քանի որ նրանք գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո: Լուկաս Ֆուրլասն այդ հարցը բարձրաձայնել է նաեւ Եվրահանձնաժողովում: «Ես շատ մտահոգված եմ այս խնդրով: Այդ է պատճառը, որ ես Եվրահանձնաժողովին բարձրաձայնել եմ հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքները երաշխավորելու եւ նրանց վերադարձնելու պարտավորության մասին: Նման նախաձեռնություննեը կարող են ճնշում լինել Ադրբեջանի կառավարության վրա», – «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավելեց Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավարը։

 

 

Շաքարավազի ներքին շուկայում կասկածելի զարգացումներ են տեղի ունենում։ Ակնհայտ է, որ շաքարավազ ներկրող ընկերությունները սնկի պես աճել են, իսկ գինը շարունակում է բարձր մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հետաքրքիր թվային տվյալներ են հայտնվել, ըստ որոնց՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Հայաստան շաքարավազ ներկրող ընկերությունները 83 են, այսինքն՝ 83 ընկերություն Հայաստան շաքարավազ է ներկրում, բայց, չնայած սրան, շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը խանութներում, սուպերմարկետներում գերազանցում է 310 դրամը։ Ի դեպ, մեզ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնի դարձավ, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ շաքարավազ ներմուծել է 73 ընկերություն. մեկ տարվա ընթացքում շաքարավազ ներկրողների թիվը 10-ով ավելացել է։ Ստացվում է, որ շաքարավազ ներկրողներն ավելացել են, սակայն շուկայում խնդիր կա` սպառումն ու գինը մնացել են նույնը: Մենաշնորհ չկա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություն չկա, բայց փոխարենն ունենք բավականին թանկարժեք առաջին անհրաժեշտության սննդատեսակ։ Իսկ ո՞ւր են այն հավաստիացումները, թե ներկրողներն ավելանան, մրցակցություն կլինի, գինն էլ կնվազի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազ Հայաստան ներկրվել է թվով 18 երկրներից, այդ թվում՝ Սիրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից։

 

 




Լրահոս