ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցով քննարկմանը, չի մասնակցելու նաև քվեարկությանը: Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա նշեց, թե արտահերթ նիստի սկզբում ինքը ցանկացել է վարման կարգով հայտարարություն անել, սակայն կամ ընթացակարգը թույլ չի տվել, կամ նիստը նախագահողը չի նկատել, և իրենք խմբակցությունով դուրս են եկել նիստերի դահլիճից:
Սիմոնյանը հավելեց, որ մասնագիտական տեսանյունից թեկնածուների հետ որևէ խնդիր չունեն, կարծում են, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ թեկնածուներ են: Բայց խմբակցության որոշումը քաղաքական է:
ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: