ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հանգամանքներում է դին գտնվել. Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի մահվան հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ նրա ձեռքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է իրեն: Նշենք, որ վերջինս Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն է եղել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին քննվում է ինքնասպանության վարկածը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները քննություն են տանում բոլոր ուղղություններով: Կատարվածը հանելուկ է մահացածի հարազատների համար, քանի որ Արթուր Ապրեսյանը պարկեշտ անձնավորություն էր: Մեզ հետ զրույցում Արթուր Ապրեսյանի հարազատներն ու ընկերները միայն դրական կարծիք հայտնեցին՝ նշելով, որ նա շատ ուժեղ մարդ էր ու չի ունեցել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին նրան հասցնել ինքնասպանության: «Կատարվածից ապշել ենք բոլորս ու չգիտենք ինչու, ոնց»,-նշեցին հարազատները: Արթուր Ապրեսյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա:

Նշենք, որ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս