Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Այցի շրջանակում կողմերը նշել են 2020 թվականին կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաև ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման
գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը թույլ կտա կայանին աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ում աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական որակներն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ նախորդ տարի համավարակի և ռազմական դրության պայմաններում հնարավոր է եղել պահպանել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը։ «Անչափ կարևորում եմ ռուս գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։
Ատոմային էներգետիկան այսօր թույլ տալիս է ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը», –ընդգծել է նախարար Պապիկյանը։ Նախարարը հիշեցրել է նաև, որ տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը:
«Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է», – ասել է նախարարը:
Մեկնաբանելով էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի և Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական
նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։
Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ և ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված և ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։
Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ- տնտեսական զարգացմանը»: